Կան խնդիրներ, որոնց լուծման համար քաղաքական հաշիվները պետք է մի կողմ դրվեն
Գլխավոր » Լրահոս » Կան խնդիրներ, որոնց լուծման համար քաղաքական հաշիվները պետք է մի կողմ դրվեն

Կան խնդիրներ, որոնց լուծման համար քաղաքական հաշիվները պետք է մի կողմ դրվեն

Factor.am-ի հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ: 

– Պարո՛ն Մանոյան, հրադադարից 25 տարի անց, երբ հայկական կողմը հաղթեց պատերազմում, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դիրքերը շարունակո՞ւմ են մնալ այն մակարդակին, ինչ կար 1994թ., թե՞ ուժեղացել կամ թուլացել են։ 

– 25 տարիների ընթացքում շատ բան է փոխվել թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական առումներով։ Եթե անգամ հարաբերակցությունը նույնն է, թե իրենք կամ մենք որքան ուժեղ ենք, փաստն այն է, որ մենք 25 տարի առաջ հաղթեցինք, թեև մեր դիրքերը նվազ էին:

– Դաշնակցությունն Արցախում կազմակերպել էր «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը և կոչ է անում հայկական երկու պետությունների միջև դաշինք կնքել։ Բայց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ձեր ֆորումի ժամանակ ունեցած ելույթում հայտարարեց, թե «դաշինքի կայացումը պետք է լինի խորը քննարկումների արդյունք՝ հնարավոր ռիսկերի ճիշտ գնահատմամբ և տարբեր տեսակետների ու դիրքորոշումների հաշվառմամբ»։ Այդպիսով՝ Արցախը մերժե՞ց ձեր առաջարկը: 

– Աշոտ Ղուլյանի հայտարարությունը, ի վերջո, ԱԺ նախագահի հայտարարություն է. Արցախի ԱԺ-ում այդ քաղաքական ուժը մեծամասնություն չէ, թեև յուրահատուկ կոալիցիայի մեջ է: Բայց Արցախում նման համաձայնագրի անհրաժեշտությունն անցած երեք-չորս ամիսների ընթացքում բարձրաձայնվել է թե՛ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Վիտալի Բալասանյանի, թե՛ արտգործնախարար Մասիս Մայիլյանի կողմից:

– Բայց փաստն այն է, որ Արցախում մինչև հիմա ձեր այդ առաջարկին ընդառաջ չե՞ն գնացել:

– Ո՛չ, Արցախը միայնակ չի կարող այդ համաձայնագիրը ստորագրել, պետք է որ ՀՀ-ն էլ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկի:

– Արգելակողը Հայաստա՞նն է։

– Չեմ ասի արգելակողը, բայց այն մտահոգությունը, որ ԱԺ նախագահն արտահայտեց, պետք է ասել, որ այդ ռիսկերն ավելի շատ քաղաքական են։ Եվ մի քիչ համարձակության պակասի հարց է։ Այնպես չէ, որ պայմանագրեր ընդհանրապես չկան։ Ճիշտ է, որ Ադրբեջանն աղմուկ է բարձրացնելու, և նրա այդ աղմուկի պատճառով Մինսկի խմբի համանախագահող պետությունները կարող են ինչ-որ դժգոհություն արտահայտել։ Բայց այդքանը։ Մեր կարծիքով՝ արտառոց ոչինչ չի լինի այդ պայմանագրում։ Հիմնականն արդեն արվում է անվտանգության, արտաքին քաղաքականության առումով, և պետք է դա ամրագրվի։ Եվ ՀՀ յուրաքանչյուր վարչապետ ստիպված չլինի բացատրելու, թե ինչու ինքը չի կարող ներկայացնել Արցախը կամ ինչու ՀՀ զինծառայողը պետք է ծառայի Արցախում։

– ՀՀ երկրորդ նախագար Ռոբերտ Քոչարյանը Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել է, թե միանալու է գործող իշխանությունների դեմ պայքարին։ Դուք միշտ համագործակցել եք Ռ.Քոչարյանի հետ, կմիանա՞ք նրան այդ պայքարում։

– Մենք այս իշխանությունների հետ էլ գործակցել ենք, և չի բացառվում, որ որոշ հարցերում էլի՛ գործակցենք։ Մեր ֆորումին մեր հրավերով նաև ներկա էին «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներ։ Մեզ համար կան խնդիրներ, որոնց լուծման համար քաղաքական հաշիվները պետք է մի կողմ դրվեն, և միասնաբար աշխատենք:

– ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հեղափոխության շրջանում կալանավայրում հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ։ Ի՞նչ կարգավիճակում էր նա մտնում կալանավայր, պատգամավոր չէր, որ իրավունք ունենար։

– Նախ՝ այդ հանդիպումը եղել է ՀՅԴ առաջարկով, և Սերժ Սարգսյանը ստեղծել է հնարավորություն։ Այնպես չէ, որ Հրանտ Մարգարյանը գնացել է, դուռը թակել է, բացել են:

– Այսինքն՝ այդ հանդիպման համար Հրանտ Մարգարյանը Սերժ Սարգսյանի հե՞տ է պայմանավորվածություն ձեռք բերել:

– Այո՛։ Սկսենք այն տեղից, որ մարդիկ չգիտեին, թե որտեղ է Նիկոլ Փաշինյանը։ Հրանտ Մարգարյանը հանդիպումից վերադարձել և զանգել է նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին ու փոխանցել Ն.Փաշինյանի խոսքը, որ լավ է, մի մտահոգվեք։

Արմինե Ավետյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

1