Խրամատի ուղղությունը գծված է
Տարին ամփոփելու պահն է հասել: Հայկական իրականության մեջ քաղաքական առումով բավականին թեժ տարի ենք ունեցել: Հայաստանի Հանրապետությունում կառավարություն է փոխվել, նոր կառավարությունը կարծես թե աշխատում է այլ գաղափարախոսությամբ: Հռետորաբանությունն այլ շեշտադրումներ ունի, նոր մոտեցումների, փոփոխությունների հույսեր են արթնացել: Չմոռանանք՝ նախընտրական տարի է Հայաստանում և քաղաքական դաշտը գնում է բազմաթիվ միավորումների և տարանջատումների:
Սակայն տարին ամփոփելիս որևէ անձ, քաղաքական գործիչ կամ պաշտոնյա չի կարող շրջանցել 2016թ. ապրիլը: Ապրիլին մենք կանգնեցինք իրականության դեմ հանդիման: Դիրքերում ասվեց քաղաքական ամենակարևոր պատգամը՝ Աբաջյանի խոսքը. «Ես այս հողը հանձնողի…»:
Հենց ապրիլյան օրերին ապացուցվեց, որ իրոք հայ ժողովուրդը հնարավորություն և ունակություն ունի համախմբվելու, որպեսզի մի թիզ հող չհանձնի, որովհետև դա մեր հայրենիքն է. Աղդամն ու Քարվաճառը մեր հայրենիքն են, ինչպես Տավուշն ու Գեղարքունիքը, ինչպես Վանն ու Սասունը: Հենց այն օրերին, դեռ համախմբման կրակը չմարած, եղան քաղաքական գործիչներ, որոնք «այդ հողերը» անվանեցին «ամայի, անմշակ տարածքներ», «ոչ ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ», իսկ ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահի բնութագրմամբ՝ «դրանք մեզ պետք չեն»: Պահի տակ արված այս արտահայտությունները դեկտեմբեր ամսին գաղափարականացրեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով մեծ հերոսությամբ ու մեծ անձնազոհությամբ փորձեց դրոշակակիրը դառնալ այդ բոլոր, ինչպես մեր գործընկերն է բնութագրել, «հողատուների»:
Հայկական իրականության մեջ դեռևս Ղարաբաղյան շարժման հենց առաջին օրերից «հողատուների» ու «ոչմիթիզականների» ներքին պայքարն առկա է եղել: Դեռ առաջին օրերին, երբ Դաշնակցությունը Ղարաբաղ էր փոխադրում առաջին զենքերը, առաջին ինքնաձիգերը, հողատուներն ասում էին՝ «Մեզ բանակ պետք չէ, մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է: Երբ թշնամին տեսնի, որ մենք զինված ենք, բոլորիս կոչնչացնի»: Պատմական ծանրակշիռ փաստարկներով փորձում էին դաշնակցականներին ապացուցել, որ 1915թ. Մեծ եղեռնը հենց այդ «ֆիդայականության» արդյունքն էր: Ժամանակն այլ բան փաստեց…
Ինչ-որ տեղ մեր շնորհակալությունը պիտի հայտնենք ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին: Շնորհակալություն այն բանի համար, որ քաղաքական դաշտում սահմանեց խրամատի ուղղությունը, և դա արեց այս վճռորոշ պահին՝ նախքան ՀՀ-ում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները:
Չենք կարծում, որ Արցախում որևէ քաղաքական ուժ, որևէ քաղաքացի համաձայնվի Տեր-Պետրոսյանի զիջողական քաղաքականությանը: Այդպես են վկայում նաև սոցիալական հարցումների արդյունքները: Արցախում Լևոնին համարում են դավաճան:
Ի վերջո, մեկ անգամ ևս ապացուցվեց՝ Արցախն ու Հայ Յեղափոխական Դաշնակցությունը բնական դաշնակիցներ են:
Շնորհավոր բոլորիս Նոր տարին:
«Ապառաժ»-ի խմբագրական, 29 դեկտեմբեր, 2016թ.