Խանասորի արշավանքը՝ պայքարի ու հաղթանակի խորհրդանիշ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Խանասորի արշավանքը՝ պայքարի ու հաղթանակի խորհրդանիշ

Խանասորի արշավանքը՝ պայքարի ու հաղթանակի խորհրդանիշ

1897 թ. հուլիսի 25-ի Խանասորի արշավանքը հայոց պատմության մեջ մնաց   որպես պատմության կարևոր ու լավագույն մի դրվագ: Այսօր  արդեն 119 տարի է  անցել  Խանասորի արշավանքի պատմական այդ օրից, բայց մինչեւ օրս որպես պատգամ կենդանի է մնացել արշավանքի հրամանատարի՝ Խանասորի Վարդանի խոսքը՝ ուղղված զինվորներին. «Ցույց տանք մեր հասարակության թերահավատ մասին, որ ընդունակ ենք հեղափոխական, թեեւ անհավասար կռիվը հաջողությամբ առաջ տանելու. ցույց տանք ամբողջ աշխարհին, որ հայն էլ գիտէ կռվել ազատության համար…»

 

Արշավանքի նախաձեռնողն ու իրականացնողը Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն էր:  Որոշումը ՀՅԴ-ն ընդունեց 1896 թ. աշնանը՝ Թիֆլիսում գումարված Ընդհանուր ժողովի ժամանակ: Որոշումը միաձայն չընդունվեց: Շատ գործիչներ` Հովսեփ Արղությանը, Վազգենը, Սարգիս Մեհրաբյանը և այլք կարծում էին, որ Բանկ Օտոմանի գործողությունից հետո, երբ մի խումբ ֆիդայիներ գրավեցին օսմանյան բանկը, վտանգավոր է մի վայրում միաժամանակ մեծաքանակ խմբավորմամբ հանդես գալը: Սակայն, ի վերջո, Նիկոլ Դումանի պնդմամբ, որոշումն ընդունվեց:

 

XIX դարավերջին Արևմտյան Հայաստանի ազատագրման կենտրոնը դարձավ ՀՅԴ Դուրան-Բարձրավանդակի կոմիտեությունը, որի կենտրոնը Վանն էր: Վանում էին գործում ազգային-հեղափոխական գործիչները, այնտեղ էր կուտակվում Երկրի ապստամբության համար նախապատրաստվող ու պահեստավորվող զենք-զինամթերքը: Դեպի Վան հայ գործիչներն անցնում էին Պարսկահայաստանի տարածքով, իսկ այդ ճանապարհը հսկում էր քրդական մազրիկ ցեղախումբը:

 

Արյունարբու սուլթան Աբդուլ-Համիդ Երկրորդի ցուցումով քրդերը շարունակ խոչընդոտում էին հայկական զինավառ խմբերի թափանցումը Վան, շարունակական հարձակումներով լարվածություն էին ստեղծում Վասպուրականի հայկական բնակավայրերում: Մազրիկները Աղբակ-Վասպուրականում անպատիժ կեղեքում ու թալանում էին հայությանը և միշտ իրենց ավարառության ժամանակ անթաքույց ստանում էին իշխանությունների աջակցությունը: 1896 թ. մազրիկները, հարձակվելով Վանի ջարդերից հետո Պարսկաստան նահանջող հայ երիտասարդների վրա, իսկական նախճիր սարքեցին… Մազրիկների ավազակային հարձակմանը զոհ գնացին շուրջ 300 անզեն երիտասարդներ` դաշնակցական Պետոյի, արմենակյան Ավետիսյանի և հնչակյան պարագլուխ Մարտիկի գլխավորությամբ:

 

Ելնելով ստեղծված իրավիճակից` հայ խմբապետերից Նիկոլ Դումանը ՀՅԴ Բյուրոյին առաջարկեց արշավանք կազմակերպել դեպի Խանասոր` պատժելու քրդական մազրիկ ցեղախմբին:

 

Ատրպատականում հավաքվեց դաշնակցական գործիչների ու ֆիդայական շարժման սերուցքը: Այնտեղ էին Նիկոլ Դումանն ու Վարդան Մեհրաբյանը, իշխան Հովսեփ Արղությանն ու Կարոն (Արիստակես Զորյան, Ռոստոմի` ՀՅԴ հիմնադրի կրտսեր եղբայրը), Հարություն Շահրիկյանն ու Վազգենը (Տիգրան Տերոյան), Գուրգենը (Բաղդասար Մալյան) եւ Սևքարեցի Սաքոն, Քրիստափոր Օհանյանն ու Գալուստ Ալոյանը, Փոխիկն ու Ախպերը, դեռևս նորագիր  զինվորական Անդրանիկն ու շատ-շատերը։

 

Կազմվեց 275 անձից բաղկացած հարվածային ջոկատ, որից 40 հոգին` հեծյալ: Ֆիդայիներն իրենց ջոկատը բաժանեցին մի քանի մասի, որոնց հրամանատարներ կարգվեցին Նիկոլ Դումանը,  Տաշոն` իշխան Հովսեփ Արղությանը և այլք: Արշավանքի ընդհանուր հրամանատարն էր Սարգիս Մեհրաբյանը, որ հետայսու պիտի կոչվեր Խանասորի Վարդան:

 

Մազրիկ ցեղախումբը տեղակայված էր Խանասորի դաշտում: Դա մի մեծ գոգավորություն էր` շրջապատված բլուրներով: Հայկական ջոկատները, դուրս գալով Սալմաստից, հատեցին թուրք-պարսկական սահմանը, շրջանցեցին Արաուլ լեռն ու չորս կողմից շրջապատեցին դաշտը:

 

1897 թ. հուլիսի 25-ի վաղ առավոտյան ֆիդայիները, երգելով Միհրդատ Եսայանի «Կռվեցեք տղերք» երգը, որ նվիրված էր Նիկոլ Դումանի Բողազ Քյասանի կռվին, անակնկալ հարձակվեցին մազրիկ ցեղախմբի վրա:

 

Հարձակման արդյունքում կոտորվեց քուրդ տղամարդկանց մեծամասնությունը: Շատ քչերին հաջողվեց խույս տալ: Հավատարիմ հայի և ֆիդայու պատվին ու արժանապատվությանը` հայ ֆիդայիները խնայեցին քրդերի կանանց և երեխաներին: Ֆիդայիների ցասումից խույս տվեց նաև մազրիկների ցեղապետը` Շարաֆ բեյը, որը կանացի հագուստով ծպտյալ դուրս եկավ հայերի շրջափակումից:

 

Քրդերը Խանասորի արշավանքի հետևանքով հարյուրավոր զոհեր տվեցին: Փաստորեն, մազրիկ ցեղախումբը դադարեց որպես այդպիսին գոյություն ունենալուց: Հայկական կողմը տվեց 25 զոհ, այդ թվում` ՀՅԴ հիմնադիր Ռոստոմի եղբայրը` Կարո Զորյանը:

 

Խանասորի արշավանքի հաջող ավարտը մեծ ոգեւորություն առաջացրեց հայության շրջանում, սրտապնդեց ու երկար ժամանակ հայերի համար Ավարայրի փոխարեն պայքարի ու հաղթանակի խորհրդանիշ դարձավ հենց Խանասորը:

 

 

Խանասորի երգը

 

Կարկուտ տեղաց Խանասորա դաշտումը,

Ֆետայիներ դաշնակցական, վրեժ առան հովտումը….

Մի ժամվա մեջ մազրիկ ցեղը ջնջվեցավ,

Խանասորա կանաչ դաշտը կարմիր արյամբ ներկվեցավ:

Հայեր, հիշեք նվիրական այս օրը,

Հուլիս ամսո քսան հինգին

Կատարեցեք մեր տոնը:

Սոսկաց քյուրտը՝ լեղապատառ մազրիկցին,

Չէր երազել ջնջվել իսպառ քաջ ֆետայու գնդակեն:

— Յամա՛ն, Աստուած, ֆետան եկավ, ո՞ւր փախչինք,

Ըսավ որդուն կրծքին սեղմած լեղապատառ քրտուհին:

— Մի՛վախենար, հանգիստ կեցիր, բաջի ջան,

Կանանց երբեք ձեռք տալու չէ վրեժխնդիր քաջ ֆետան:

 

 

 

ՀՅԴ ԱԵՄ լրատվական հանձնախումբ

1