Լրացել է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը

Հուլիսի 29-ին լրացել է հայ մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը:
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։
Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։
Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացու խոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։
Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։