Լինելու ենք նախաձեռնող՝ մեր քաղաքական ուղեգիծն առաջ տանելու իմաստով. Արսեն Համբարձումյան
Գլխավոր » Լրահոս » Լինելու ենք նախաձեռնող՝ մեր քաղաքական ուղեգիծն առաջ տանելու իմաստով. Արսեն Համբարձումյան

Լինելու ենք նախաձեռնող՝ մեր քաղաքական ուղեգիծն առաջ տանելու իմաստով. Արսեն Համբարձումյան

Խորհրդարանական արտահերթ ընտրություններում  Դաշնակցության արձանագրած արդյունքները չարդարացրեցին սպասելիքները, մյուս կողմից՝  քաղաքական  ուժը  պատրաստ էր նման զարգացման: Այս մասին  Yerkir.am –ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ պատասխանելով  դիտարկմանը, թե որոշ քաղաքագետներ և քաղաքական ուժեր Դաշնակցության գրանցած արդյունքները սպասելի էին համարում, ոմանք՝ հակառակը:

— Վերջնական գնահատումներ դեռ չենք արել, առաջիկա օրերին ընտրությունների արդյունքների ամբողջական վերլուծություն կարվի տարբեր տեղերից ստացվող տեղեկատվության հիման վրա: Պետք է արձանագրեմ, որ ընտրությունների արդյունքները մեր սպասելիքները չարդարացրեցին, մենք ակնկալում էինք, որ շատ ավելի բարձր ցուցանիշներ կունենանք և  ներկայացված կլինենք ԱԺ-ում: Մյուս կողմից՝ պատրաստ էինք նաև նման զարգացման: Կարծում եմ, որ համեստ ցուցանիշների արձանագրումը երկու հանգամանքով է պայմանավորված. առաջին՝ ընտրությունները տեղի ունեցան հեղափոխական էյֆորիկ տրամադրությունների ներքո, երկրորդ՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը սահմանափակ ժամանակ ունեին` կազմակերպչական և քարոզչական աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու առումով: Անկասկած,  այս երկու գործոնն իրենց բացասական ազդեցությունն ունեցան և  դա էր հիմնական պատճառը, որ արձանագրվեցին նման արդյունքներ:  Բայց կարծում եմ՝  ընտրությունները նաև ցույց տվեցին, որ, ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, Դաշնակցությունն ունի բավականաչափ կայուն ընտրազանգված, ինչը մեզ հույս է ներշնչում, որ կարող ենք հետագա քաղաքական  գործունեությունն իրականացնել՝ հենվելով մեր համակիրների բավականին հոծ շրջանակի վրա:

 — Էական տարբերություն կա Երևանում և մարզերում արձանագրված ցուցանիշների միջև, ինչո՞վ եք դա բացատրում:

— Ինչ վերաբերում է Երևանում համեստ արդյունքներ արձանագրելուն,  ապա նախորդ ընտրությունները ցույց են տվել, որ Երևանում ունենք համակիրների շատ ավելի համեստ շրջանակ, ուստի այս առումով օրինաչափ էր արձանագրված արդյունքը: Միաժամանակ պիտի ասեմ, որ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ առանձին տարածքներում և բնակավայրերում քվեարկության պատկերը տարբերվում էր, և եղել են մարզեր, որտեղ բավականաչափ լավ  ցուցանիշներ ենք ունեցել, եղել է մարզ, որտեղ երկրորդ արդյունքն ենք գրանցել,  ավելինէ  մի քանի մարզերում ներկայացել ենք որպես երրորդ  քաղաքական ուժ:

Այս համատեքստում  հարկ եմ համարում ընդգծել՝ քաղաքական ուժերի մասին  ճիշտ  չէ  դատողություն անել խորհրդարանական ընտրությունների ժամանակ ունեցած ձայներով, քանի որ այդ ցուցանիշները  շատ  փոփոխական կարող են լինել, ինչի վկայությունն են և’ վերջին արտահերթ, և’ 2017-ի խորհրդարանական ընտրությունները: Դրանք հստակ արձանագրում են մի պարզ իրողություն՝  շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր է տրամադրությունների այնպիսի փոփոխություն, որ արձանագրված տվյալներն էականորեն տարբերվեն  նախորդներից: Սա վերաբերում է  և’ նախկին «Ելք»  դաշինքին, և’ դրան մաս կազմած  կուսակցություններին, և’ խորհրդարանական մյուս ուժերին: Եվ եթե համեմատելու լինենք, ապա կտեսնենք՝  եթե ՀՀԿ-ն այս ընտրություններում, նախորդի համեմատ, կորցրել է իր ձայների ավելի քան 90 տոկոսը, իսկ ԲՀԿ-ն՝ շուրջ 70 տոկոսը, ապա Դաշնակցության կորուստները շատ ավելի փոքր են, ինչը նույնպես մտածելու տեղիք է տալիս: Ես վստահ եմ՝ եթե ընտրությունները  6 ամիս հետո տեղի ունենային, կունենայինք բոլորովին այլ պատկեր: Վստահ եմ  նաև, որ առաջիկա զարգացումները քաղաքական ուժերի վարկանիշի վրա էական ազդեցություն են ունենալու:

 — Արտահերթ խորհրդարանական  ընտրություններից հետո  ի՞նչ եզրահանգումներ է  անելու Դաշնակցություն:  Համաձա՞յն եք այն տեսակետի հետ, որ  Դաշնակցությունը ևս ռեբրենդինգի կարիք ունի:

 — Դաշնակցությունն  այն  ուժն է, որը չեմ կարծում, թե պիտի մոդային տուրք տա: Դաշնակցությունը կայացած քաղաքական ուժ է, ուստի չեմ կարծում, որ ռեբրենդինգի անհրաժեշտություն ունենք: Մեր օրակարգերն ավելի մատչելի ներկայացնելու խնդիր ունենք, բայց  ոչ թե` դրանք փոխելու: Կրկնում եմ՝  խնդիր ունենք մեր օրակարգերը, քարոզչական դաշտում մեր ասելիքը  մատչելի կերպով մեր քաղաքացիներին ներկայացնելու: Ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, որոնց պարագայում անձերի փոփոխությունը էական ազդեցություն կարող է ունենալ քաղաքական ուժի գործունեության և գոյության վրա, Դաշնակցության պարագայում հնարավոր չէ, որ նման բան տեղի ունենա այն  պարզ տրամաբանությամբ, որ Դաշնակցությունը մեկ կամ մի քանի անձերի շուրջ համախմբված ուժ չէ: Եվ  անկախ ղեկավար կազմի ներկայացուցիչների փոփոխությունից՝  կուսակցությունն ունի իր  հստակ ուղեգիծը, ծրագիրը, ասելիքը, և այդ առումով չեմ կարծում, թե խորքային վերատեսության կարիք ունենք: Տակտիկայի հետ կապված, անշուշտ,  խնդիրներ կան, որ կուսակցությունը պիտի վերանայի որոշակի մոտեցումներ, կազմակերպական  առումով հսկայական անելիք ունենք, որը նոր իրողությունների պարագայում պիտի կարևորվի: Այս տեսանկյունից անելիքի հսկայկական դաշտ կա:

Բացի այս`   որպես արտախորհրդարանական քաղաքական  ուժ` մեր անելիքը և ասելիքը ճշգրտումների ենթարկելու հարց  ունենք, քանի որ չեմ կարծում, թե  խորհրդարանում ներկայացված ընդդիմությունը գաղափարական և կադրային իմաստով ունի այն ներուժը, որ հանդես գա որպես այդպիսին: Ըստ իս՝ իրական ընդդիմությունը ձևավորվելու է խորհրդարանից դուրս, և այս առումով Դաշնակցությունը հսկայական անելիք ունի մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների ֆոնին, որոնց մասին քարոզարշավի ժամանակ բարձրաձայնել ենք: Առաջիկա ժամանակահատվածում պիտի փորձենք ոչ թե հակազդողի, արձագանքողի դերում լինել, այլ  նախաձեռնողի՝ տարբեր խնդիրների հետ կապված  մեր մոտեցումները  ներկայացնելու և մեր քաղաքական ուղեգիծն առաջ տանելու իմաստով:

 Զրուցեց Մարիամ Պետրոսյանը

1