Լիբանանի նոր կառավարության կազմում երկու հայ նախարար կա
Գլխավոր » Միջազգային » Լիբանանի նոր կառավարության կազմում երկու հայ նախարար կա

Լիբանանի նոր կառավարության կազմում երկու հայ նախարար կա

Լիբանանի նախագահը հաստատել է երկրի կառավարության նոր կազմը՝ վարչապետ Սաադ Հարիրիի գլխավորությամբ:

 

 

Գործակալության փոխանցմամբ, հաստատվել է կառավարության 30 հոգանոց կազմը, որտեղ ներգրավված են տարբեր կրոնների ներկայացուցիչներ: Լիբանանի ԱԳ նախարարի պաշտոնը պահպանել է երկրի նախագահի փեսան՝ Ջեբրան Բասիլը:

 

30 նախարարներից երկուսը հայեր են՝ Ավետիս Կիտանյանը (Զբոսաշրջության նախարար) եւ Ժան Օղասաբյանը։

 

Նշենք, որ Ժան Օղասաբյանը համարվում է վարչապետ Հարիրիի շատ մոտ անձնավորություն, իսկ Ավետիս Կիտանյանը ՀՅԴ-ից է։

 

Նշենք, որ քաղաքական վակուումը Լիբանանում շարունակվում էր շուրջ 2,5 տարի: Երկրի նախկին նախագահ Միշել Սուլեյմանի ժամկետի ավարտից հետո խորհրդարանը չէր կարողանում երկրի նախագահ ընտրել՝ քվեարկությունը տասնյակ անգամ հետաձգելով: Երկրի նախագահ հաջողվել է ընտրել հոկտեմբերի 31-ին, նոր նախագահ է դարձել գեներալ Միշել Աունը:

 

Լիբանանի վարչապետի պաշտոնում Սաադ Հարիրիի թեկնածությունը պաշտպանել են 128 պատգամավորներից 110-ը:

 

Կենսագրութիւն Զբօսաշրջութեան
Նախարար Աւետիս Կիտանեանի

Աւետիս Կիտանեան ծնած է 21 նոյեմբեր 1966-ին, երկրորդական ուսումը ստացած է Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանին մէջ, աւարտած է Լիբանանեան համալսարանի բնագիտութեան բաժանմունքը:

 

Անդամ է ՀՅ Դաշնակցութեան: Ստանձնած է կուսակցական զանազան պաշտօններ: Ընտրուած է ՀՅԴ ԶՈՄ-ի վարչութեան ատենապետ եւ 1992-էն սկսեալ տարբեր ժամանակաշրջաններու ստանձնած է ՀՅԴ Ընտրական կեդրոնական մեքենայի պատասխանատուութիւնը: Եղած է ՀՅԴ-ի ներկայացուցիչը Լիբանանեան կուսակցութիւններու համախմբումին մէջ, ինչպէս նաեւ ՀՅԴ-ն ներկայացուցած է զանազան համագումարներու եւ երկու անգամ Ղազախստանի ու Քամպոտիոյ մէջ մասնակցած Ասիոյ քաղաքական կուսակցութիւններու միջազգային համագումարին:

 

Առաջին անգամ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի անդամ ընտրուած է 1998-ին: 2001-2005 վարած է ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի գործավարի պաշտօնը: 2009 թուականէն սկսեալ «Վանայ ձայն»-ի տնօրէն է: 2015-ին ընտրուած է ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի փոխներկայացուցիչ:

 

Ամուսնացած է եւ ունի երկու զաւակ:

 

aztagdaily.com

1