Լիբանանյան ոստիկանությունն այս անգամ զգուշավոր է
Գլխավոր » Լրահոս » Լիբանանյան ոստիկանությունն այս անգամ զգուշավոր է

Լիբանանյան ոստիկանությունն այս անգամ զգուշավոր է

Լիբանանում բողոքի ակցիաները շարունակվում են, երկրի բոլոր հիմնական մայրուղիները փակ են: Factor.am-ի հետ զրույցում ներկայացնելով Լիբանանում տիրող իրավիճակը՝ նշեց հայկական «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: «Ցույցերը տարածվել են Լիբանանի տարբեր շրջաններում և համատարած բնույթ ունեն։ Այսօրվա դրությամբ՝ մինչ այժմ ամենաշատ ճանապարհներն են փակվել»,- հավելեց նա։

Արդեն մի քանի օր տևող ակցիաների ժամանակ զոհեր, բարեբախտաբար, չեն եղել:

Ըստ Գանտահարյանի՝ լուրեր շրջանառվեցին մեկ զոհի մասին, սակայն հետագայում հերքվեց տեղեկությունը: Միաժամանակ, իրավապահների հետ բախումների ընթացքում, մի քանի ցուցարարներ թեթև վնասվածքներ են ստացել:

«Ձերբակալվածների առումով հայտարարվեց 74 հոգու մասին, որոնց մեծ մասն արդեն ազատ է արձակվել»,- հավելեց նա։ Քանի որ ակցիաների աշխարհագրությունը բավական մեծ է, հավաքներ են անցկացվում նաև հայկական թաղամասերի անմիջական հարևանությամբ:

Սակայն, Շահան Գանտահարյանի հավաստմամբ, անվտանգության առումով միջադեպեր, այս պահի դրությամբ, չեն արձանագրվել: Ի տարբերություն նախկինում անցկացված լայնամասշտաբ ցույցերի՝ այս անգամ ոստիկանները բիրտ ուժ չեն գործադրում: «Կարելի է ասել, որ որոշակի զգուշավորություն կա ոստիկանների կողմից՝ ցույցերին հակազդելու, դրանք արգելելու կամ ցրելու առումով։ Չնայած արձանագրվեցին նաև խուլիգանական դեպքեր, խանութների կողոպուտներ»,- հավելեց նա։

Շահան Գանտահարյանը հիշեցրեց, որ լիբանանյան կառավարությունը որոշել էր Whatsapp հավելվածի օգտագործման համար հատուկ տուրք սահմանել՝ պետբյուջեն հավասարակշռելու նպատակով: Այս որոշումը, սակայն, Գանտահարյանի խոսքով, լցրեց քաղաքացիների համբերության բաժակը: «Կուտակված սոցիալական հարցերը, որոնք այդպես էլ չեն լուծվում, քաղաքացիների՝ անարձագանք մնացող պահանջները, հատկապես՝ սոցիալական իրավիճակի վատթարացումը քաղաքացիներին մղեց զանգվածաբար փողոց դուրս գալ»,- նշեց նա։ Մի քանի օր տևող ցույցերի արդյունքում կառավարության որոշ անդամներ արդեն հրաժարական են ներկայացրել:

Հարցին՝ մինչև ո՞ւր կարող է հասնել հրաժարականների շղթան, «Ազդակ»-ի խմբագիրը պատասխանեց. «Կառավարությունից դուրս են եկել քրիստոնյա քաղաքական կուսակցություններից «Լիբանանյան ուժեր»-ի նախարարները։ Հրաժարականների շղթա կլինի՞, թե՞ ոչ, ներկայում հստակ չէ: Բոլորը սպասում են վարչապետ Սաադ Հարիրիի ներկայացնելիք բարեփոխումների արտակարգ ծրագրի հրապարակմանը, որից հետո իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ ակցիաների տեսքով, կհստակեցվեն»:

Թամարա Հակոբյան

arfd.am

1