Լեռնիկ Հովհաննիսյանը հանդես եկավ մամլո ասուլիսով

Պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարած աշխատանքները, ղեկավարած ոլորտի քաղաքականության և ապագա ծրագրերը ներկայացնելու նպատակով ԱՀ մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն այսօր` հոկտեմբերի 25-ին հանդես եկավ մամլո ասուլիսով:
«Մեծապես կարևորում եմ մշակութային քաղաքականության գիտականացումը, ինչը ենթադրում է գիտահետազոտական աշխատանքների իրականացում, համագործակցություններ տարբեր գիտահետազոտական և կրթական հաստատությունների հետ: Դա հնարավորություն կտա առավել արդյունավետ մշակութային քաղաքականության մշակման ու իրականացման: Արդեն հստակ պայմանավորվածություններ կան կոնկրետ հաստատությունների հետ»,- նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը եւ հավելեց, որ մշակութային կրթությունը, մշակութային կյանքի ապակենտրոնացումը, շրջաններում մշակույթի համաչափ զարգացումը, մշակութային արժեքների, նպատակների ու գերակայությունների ճշգրտումը և մշակութային քաղաքականության մոնիտորինգը եւս նախարարության քաղաքականության առաջնահերթություններից են:
Նախարար Լեռնիկ հովհաննիսյանը հակված է ոչ թե քննադատելու մեր երիտասարդներին, այլ թերացումները մատնանշելով` ուղղորդելու նրանց առավել ակտիվ ու կառուցողական գործունեության: «Մենք խրախուսելու ենք նախաձեռնողականությունը երիտասարդների շրջանում, փորձելու ենք ապահովել նրանց համար ինքնազարգացման, ինքնադրսևորման ու ինքնիրացման հնարավորություններ: Շարունակելու ենք նպաստել, որպեսզի արցախցի երիտասարդները մասնակցեն համահայկական ու միջազգային երիտասարդական միջոցառումներին, ծրագրերին»,- ասել է նա:
Նախարարը սիրով պատասխանեց լրագրողների հարցերին` պատրաստակամություն հայտնելով ավելի սերտ համագործակցության: