Ինչպես Արցախի Հանրապետությունն է Հայաստանի մաս, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունն է Հայաստանի մաս
ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը մեկնաբանել է Զոհրաբ Մնացականյանի՝ BBC-ի Hardtalk հաղորդմանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցին
Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցում անընդունելի շեշտադրումներ կային, հարցազրույցի միջնամասում իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ եղան, և սայթաքումները տեսանալի էին:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ փոխխոսնակ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով BBC-ի Hardtalk հաղորդմանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցին:
«ԱԳ նախարարի հարցազրույցի մեջ խոցելի մի քանի պահեր կային. նախևառաջ նա Արցախը ներկայացրեց մի տարածք, որտեղ հայրենակիցներ են ապրում: Մենք այդ նույն կերպ կարող ենք ներկայացնել, որ Բեյրութը, Լոս Անջելեսը տարածք է, որտեղ մեր հայրենակիցներն են ապրում: Արցախի Հանրապետությունը դա տարածք չէ, որտեղ հայեր են ապրում, այն Հայաստանի մասն է, ինչպես որ Հայաստանի մի մասն է Հայաստանի Հանրապետությունը: Այսինքն՝ ինչպես Արցախի Հանրապետությունն է Հայաստանի մաս, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունն է Հայաստանի մաս: Հարցն այս ձևով պետք է ներկայացվեր»,-հայտարարեց նա:
Ըստ Վահրամ Բալայանի՝ Արցախը ոչ թե տարածք է, այլ հայկական երկրորդ պետություն, որտեղ ապրում են մեր հայրենակիցները: «Այսինքն՝ Հայաստանի մի հատվածում գոյություն ունի հայկական երկրորդ պետություն, որտեղ հայ մարդն է ապրում, այս ձևով պետք է ներկայացվեր և լրագրողին իր տեղը ցույց տրվեր, քանի որ հաղորդավարն անընդհատ նշում էր՝ լավ, ընդունեցինք որ հայ մարդիկ են ապրում, բայց տարածքը հայկական չէ: Պետք է ասվեր՝ ի՞նչ է նշանակում հայկական չէ, բա ո՞ւմ տարածքն է այդ դեպքում, եթե հայ մարդն այնտեղ Գանձասար, Ամարաս է կառուցել, նույնիսկ ուրարտական արձանագրություններում է նշվում Արցախի մասին, բա ո՞ւմ տարածքն է ,կարո՞ղ է՝ թուրք է ապրել, կամ քոչվոր մարդ է ապրել»,- ընդգծեց նա:
Երկրորդ հանգամանքը, ինչը դուր չի եկել Բալայանին ԱԳ նախարարի պատասխանից, կապված է հաղորդավարի այն հարցի հետ, թե հայկական կողմից հարձակումներ են եղել 20 տարի շարունակ: «Ամբողջ խնդիրը հետևյալի մեջ է. տպավորություն է ստեղծվում, որ հայկական բանակը ինչ-որ սխալ գործ է կատարում, իրականում այդպես չի, չէ՞: Բոլորի համար էլ ակնհայտ փաստ է, որ հայ զինվորն այստեղ միայն ու միայն մեկ առաքելություն է կատարում՝ պաշտպանել Արցախի Հանրապետության սահմանն ու հայ մարդու անվտանգությունը: Դա է անում այս բանակը, ուրիշ բան չի անում: Այս բանակը չի ուզում ադրբեջանցի սպանի, պարզապես իր առաքելությունն է կատարում, ինչպես ընդունված է աշխարհում, պաշտպանում է իր պետականությունը և իր ժողովրդի անվտանգությունը: Այս պահը լավ չի ընդգծված: Այստեղ էր, որ լրագրողը մի քանի անգամ հարցադրումներ ներկայացրեց և անընդհատ փորձում էր կրկնել, որ պետք էր շեշտվեր այս պահն ու հանգամանքը, ինչը չարվեց»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին՝ Բալայանն ասաց, որ անընդհատ խոսվում էր Լեռնային Ղարաբաղի մասին, այնինչ պետք է խոսվեր Արցախի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին: «Հասկանալի է, որ միջազգային իրավական նորմով ճանաչված չէ, բայց դա չի նշանակում, որ մենք չկանք: Մենք կանք, եթե մենք չլինեինք, ապա Միացյալ Նահանգների 9 նահանգներ մեզ չէին ճանաչի, կամ Ավստրալիայի նահանգները մեզ չէին ճանաչի, կամ մեզ հետ բարեկամական խմբեր չէին ձևավորվի տարբեր երկրների պառլամենտներում: Այնպես որ աշխարհին պետք է իրականությունը ցույց տրվեր, որ կա այսպիսի երկիր, այսպիսի հանրապետություն, որտեղ հայ մարդն է ապրում և փորձում է ինտեգրվել աշխարհին, խաղաղություն բերել աշխարհին»,- ասաց նա:
Բալայանը նկատեց, որ անընդհատ Լեռնային Ղարաբաղ շեշտելը սխալ էր: «Պետք է կարգավիճակը ցույց տրվեր, որովհետև տպավորություն է ձևավորվում, որ Հայաստանի Հանրապետությունը գալիս է տարածքների համար պայքարի, ինչն իրականում այդպես չէ: Իրականում ՀՀ-ն ոչ մի տարածքի համար չի պայքարում, այստեղ վեճը երկու նախկին խորհրդային սուբյեկտների միջև է, որի մի կողմում ներկայիս Արցախի Հանրապետությունն է, մյուսում էլ՝ Ադրբեջանի Հանրապետությունը, և այլ բան է, որ ՀՀ-ն օժանդակում է իր հայրենակիցներին, բայց ՀՀ-ն այս կոնֆլիկտի՝ տարածքի կամ ինչ-որ այլ բաների հետ ոչ մի առնչություն չունի: ՀՀ-ն պարզապես այստեղ ապրող իր հայրենակիցների անվտանգության երաշխավորն է հանդիսանում և միջազգային հարթակում այդպես է հանդես գալիս, այսինքն պետք է այս տեսանկյունից ցույց տրվեր Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը»,- ասաց նա:
Անդրադառնալով Մնացականյանի հնչեցրած մեկ այլ մտքին, թե Արցախյան հակամարտության լուծման տարբերակը պետք է բավարարի նաև Ադրբեջանի ժողովրդին, նա նշեց, որ ցանկություններն ու իրականությունը տարբեր բաներ են: «Այսօր Ադրբեջանի ղեկավարը անընդհատ ֆաշիստական լոզունգներ է առաջ քաշում, անընդհատ խոսում է ոչ միայն Արցախի տարածքի մասին, այլ նաև նրա, որ Զանգեզուրը իրենց ձեռքից խլել են հայերը: Նա խոսում է Զանգեզուրի, Երևանի մասին, Սևանա լճի մասին: Մի մարդ, որն անընդհատ նման հակումներ ունի և անընդհատ իր ժողովրդին ներկայացնում է, որ Հայաստան չկա, դա իրենց տարածքն է, ինչպե՞ս կարելի է խոսել այդ երկրի շահերի մասին, դա անհնարին բան է, դու չես կարող սպիտակ աղավնու դերի մեջ մտնել, երբ քո դիմաց գայլ է կանգնած: Այդպես չի լինի, այդպես մեր ժողովրդի դիմադրողականությունը կկոտրվի, այնպիսի տպավորություն կստեղծվի, որ մենք անմեղ գառնուկ ենք, իրենք էլ մեզ պիտի հոշոտեն: Չէ, մենք այդպիսին չենք, մենք արժանապատվություն ունեցող ժողովուրդ ենք և պատրաստ ենք մեր արժանապատվությունը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանել»,- ընդգծեց Վահրամ Բալայանը:
Դիտարկմանը՝ նշվում է, որ նախարարի պատասխանները թույլ էին և չէին բխում Հայաստանի ու Արցախի շահերից, ուստի Մնացականյանը պետք է հրաժարական տա, Բալայանն ասաց. «Ես որպես Հայաստան աշխարհի մեկ հատվածի պետություն ներկայացնող պաշտոնյա՝ չեմ կարող խոսել Հայաստանի մյուս հատվածի՝ ՀՀ-ի պաշտոնյաների կարգավիճակի հետ կապված հարցերի մասին, քննարկել դրանք: Դա ՀՀ քաղաքացու կոմպետենտության մեջ մտնող հարց է, իրենք պետք է արձագանքեն՝ արդյո՞ք ԱԳ նախարարը կարող է շարունակել պաշտոնավարել, թե՝ ոչ: Այստեղ զգայուն պահեր կան, ես կողմնակից եմ նրան, որ ներքին խնդիրների մեջ չխորանանք, շատ խորանալու դեպքում ծնվում են հակասություններ, և դրանից թշնամին օգտվում է»: