Ժողովրդավարական երկիր ունենալու հարցում բոլորս անելիք ունենք
Գլխավոր » Հասարակական » Ժողովրդավարական երկիր ունենալու հարցում բոլորս անելիք ունենք

Ժողովրդավարական երկիր ունենալու հարցում բոլորս անելիք ունենք

Ձեզ ենք ներկայացնում ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի հարցազրույցը  aparaj.am-ին

Որպես պետական համակարգում գործող եւ բավականին փորձ ունեցող, սակայն երիտասարդ կադր` ի՞նչ փոփոխություններ եւ նորարարություններ  կարող եք մտցնել ընտրական համակարգում:

Փոփոխությունների ու նորարարությունների համար, բնականաբար, հիմքեր են պետք, և այդպիսիք սովորաբար ստեղծվում են յուրաքանչյուր համապետական ընտրությունից հետո: Եթե հաշվի առնենք ընտրական համակարգի` ինչ որ տեղ ավանդական բնույթը,  Արցախյան իրականության մեջ ընտրությունների հաճախականությունը, ապա գլոբալ առումով մեծ փոփոխություններ ու նորություններ գուցե և պետք չէ սպասել:

 

Բայց և այնպես, նորություններ էլ ունենք: Այսօր Ազգային ժողովն ընդունեց մեր առաջարկությունը` նոր Ընտրական օրենսգիրք ընդունելու վերաբերյալ, որը սկսած ընթացիկ տարվա փետրվարին մեկնարկած նախագծման փուլից` բավական ակտիվ քննարկումների առարկա էր դարձել: Նույնիսկ կարծիք բարձրաձայնվեց, որ փոփոխությունները հիմնականում տեխնիկական բնույթի են: Չեմ կիսում այս կարծիքը, որովհետեւ ընտրական գործընթացի առանցքային եւ սկզբունքային դրույթները մեր երկրի գլխավոր օրենքում՝ Սահմանադրության մեջ արդեն իսկ ֆիքսված են, հետևապես` Սահմանադրությունից բխող Ընտրական օրենսգիրքը կոչված է իրականացնելու այդ գործընթացների հիմնականում տեխնիկական ապահովության խնդիրները:

 

Չնայած ընդհանուր առմամբ Ընտրական օրենսգիրքը համապատասխանում էր միջազգային չափորոշիչներին և տարբեր ընտրությունների կազմակերպման համար լուծումներ էր տալիս անհրաժեշտ գրեթե բոլոր հարցերին, այդուհանդերձ` այն զերծ չէր նաև թերություններից: Իսկ նոր Օրենսգիրքը, համոզված եմ,  առավել կատարելագործված օրենսդրական դաշտ կապահովի շուրջ 100 000 ընտրողների ընտրական իրավունքի լիարժեք իրականացման համար, միևնույն ժամանակ` հստակ ու մատչելի աշխատանքային պայմաններ կստեղծվեն 2500-ից ավելի ընտրական հանձնաժողովականների համար:

 

Առիթից օգտվելով` իմ գոհունակությունն ու շնորհակալությունն եմ հայտնում բոլոր շահագրգիռ անձանց, քաղաքական ուժերին` ակտիվ նախաձեռնությունների ու համագործակցության համար: Արդեն 2015թ. հունվարի 1-ից գործողության մեջ կլինի նոր Օրենսգիրքը, որն իրավական հիմք պիտի ծառայի առաջիկայում սպասվող պատգամավորական ընտրությունների համար:

 

Ընտրությունների լավագույն ելքի համար քիչ չեն ընտրական հանձնաժողովների անելիքները: Իհարկե, մեծ դերակատարություն ունի բնակչության համար ճիշտ բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովումը, դրա համար էլ  ընտրական մեխանիզմները մշտապես կատարելագործվելու տեղ ունեն, իսկ ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող բոլոր օղակների համար հստակ օրենսդրական հիմքերի ամրագրումն անհրաժեշտություն է: Դրա համար էլ Ընտրական օրենսգրքում  նախատեսել ենք դրույթ` առ այն, որ ընտրություններից հետո ԿԸՀ-ն վեր է լուծում ընտրությունների ընթացքում տեղի ունեցածը, եթե թերություններ կան` թերությունների պատճառ հանդիսացած օրենսդրական հարցերը եւ հանդես գալիս օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությամբ:

 

ԿԸՀ նախագահ ընտրվելուց հետո ես հայտարարել եմ, որ պետք է աշխարհի ընտրական լավագույն փորձն ընդօրինակենք: Հավատարիմ եմ մնացել խոստմանս, և ըստ այդմ էլ` նոր Օրենսգրքում, մեր գործընկերների հետ համատեղ, համապատասխան դրույթներ ենք ամրագրել:

 

Ընտրական համակարգը յուրաքանչյուր երկրում արտացոլում է ժողովրդավարության հաստատման մակարդակը: Ինչպե՞ս եք դուք գնահատում ԼՂՀ ընտրական համակարգը:

 

Եթե փորձենք մեկնաբանել ընտրական համակարգի կառուցվածքը, ապա կստացվի, որ Ձեր  հարցին պատասխանում եմ: Այսօր մեր եռաստիճան ընտրական համակարգը քաղաքական ներգրավվածություն ունի, այսինքն` բոլոր երեք մակարդակներում հանձնաժողովների կազմում ներկայացվում են ԱԺ-ում ներկայացված խումբ-խմբակցությունների  ներկայացուցիչները, հետեւապես` ամբողջ ընտրական համակարգն իր քաղաքական կոնյուկտուրայով ծառայում է հենց ժողովրդավարությանը:

 

Իհարկե, ժողովրդավարական լինելու հարցում առաջին հերթին մեծ դեր ունի հենց մեր ժողովուրդը` նաեւ ընտրական համակարգի միջոցով արտահայտվելով, եւ այս հարցում, թույլ տվեք ասել, որ նա չի թերանում:  Սա ոչ գովեստ է, ոչ էլ չափազանցություն. այլ իրականություն է, որը փաստում են նաև Արցախ ժամանած և մեր հանրապետության ընտրություններին մասնակցած միջազգային դիտորդները: Նրանց կարծիքներն ինձ հիմք են տալիս ասելու, որ ժողովրդավարական ընտրություններ մեզ մոտ հնարավոր է անցկացնել և անց են կացվում: Վերջապես, եթե անցկացվող ընտրություններին մասնակցում է ընտրողների 60-70%-ը, իսկ  դա զարգացող երկրի համար բավական խոսուն ցուցանիշ է, ապա կարող ենք համոզված փաստել Արցախի Հանրապետությունում հաստատված ժողովրդավարության մասին:

 

Ձեր կարծիքով` ԼՂՀ բնակիչները որքանո՞վ են մասնակից պետական համակարգում որոշումների կայացման եւ պետական համակարգի վերահսկողության գործում:

 

Կարծում եմ` այնքանով, որքանով իրենք ակտիվություն են դրսևորում: Մեր հասարակությունը պետական կառույցների կառավարմանը մասնակից է անմիջականորեն` սկսած այն հանգամանքից, որ երկրի բարձրագույն իշխանության ղեկավարին՝ նախագահին, օրենսդիր մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների  ներկայացուցիչներին հենց ինքն է ընտրում: Ղարաբաղցիներս  իշխանապաշտ եւ պետականություն սիրող ժողովուրդ ենք, հետեւապես` չենք կարող անմասն մնալ պետականաշինության գործընթացին: Այլ հարց է, որ կարող են դժվարություններ եւ դժգոհություններ լինել: Ես դա օբյեկտիվ եմ համարում. հետպատերազմյան շրջանին բնորոշ է դա: Պատերազմը` մարդկային, հետևաբար` կադրային կորուստներով է ուղեկցվում, ինչը չի կարող չանդրադառնալ պետական կառավարման որակական կողմի վրա: Չնայած որոշակի պասիվությանը, այնուհանդերձ` պետական համակարգում որոշումների կայացման ու վերահսկողության գործում մեր բնակչության մասնակցությունն անժխտելի իրողություն է: Միայն ցանկալի կլիներ, որ նախաձեռնողականությունն ակտիվացվեր:

 

Պայմանավորված այն հանգամանքով, որ Արցախը փոքր է` ընտրություններից հետո, նամանավանդ փոքր համայնքներում, շատ հաճախ առաջանում են խռովություններ եւ դժգոհություններ: Այս ուղղությամբ, ի՞նչ եք կարծում, ի՞նչ պետք է արվի:

 

Կարծում եմ, որ նման երեւույթներ կարող են առաջանալ ոչ միայն ընտրությունների պատճառով: Ձեր նշած փոքր տարածքի առանձնահատկությունը եւ ազգային մտածելակերպը ենթադրում են ակտիվ մասնակցություն ցանկացած գործընթացում: Պարզապես ընտրությունը մի այնպիսի ժամանակահատված է, որ այդ հարաբերությունները սրացման է տանում: Ակտիվությունն ընտրական պրոցեսում կարելի է ողջունելի  համարել, քանի որ դրա հակառակ պատկերը՝ անտարբերությունն, անընդունելի է: Համոզված եմ, որ մեր երկրի ապագայով մտահոգ յուրաքանչյուր ոք կտրականապես դեմ է  խռովություններին, բայց ոչ` տարակարծությանը: Այստեղ անելիքներ ունենք բոլորս: Նաեւ հանձնաժողովի անդամներից է կախված լինում, թե ընտրությունների ցանկացած ելքի դեպքում ինչ իրավիճակ կարող է ստեղծվել: Իհարկե, դրանից անմասն չեն ընտրությունների ելքով շահագրգիռ մարդիկ` թեկնածուները, նրանց վստահված անձինք:

 

Մենք, որպես ընտրական հանձնաժողովականներ, առաջիկայում մեր առջեւ երկու կարևոր պայման ենք դրել: Նախ, նոր Ընտրական օրենսգրքում առաջարկել ենք փոփոխություն՝ ընտրությունների հայտարարման սկզբնաժամկետը կրճատելով գրեթե մեկ ամսով. իսկ դա քիչ ժամանակ չէ բարոյահոգեբանական լարված իրավիճակը մեղմելու առումով: Մյուսը` պարբերաբար բարձրացնել ընտրական հանձնաժողովների արհեստավարժության մակարդակը, որի համար էլ հանրապետության բոլոր շրջաններում մասնագիտական դասընթացներ ենք կազմակերպում` համակարգը համալրելով երիտասարդ, բանիմաց քաղաքացիներով: Եթե ընտրական հանձնաժողովի անդամը լավագույնս տիրապետի իր հիմնական ֆունկցիոնալ պարտականություններին եւ ունենա դրական, բարոյական որակներ, ապա խնդիրն այս օղակում լուծված կլինի: Այն ամենը, ինչ կախված է ընտրական հանձնաժողովներից,  ապահովվում է ներկայում, ապահովված կլինի նաև ապագայում: Համոզմունք ունեմ, որ  բոլորս միասին և յուրաքանչյուրս առանձին պատասխանատու ենք մեր հանրապետության ընդհանուր բարոյահոգեբանական դրական մթնոլորտի համար:

 

Ի՞նչն է պատճառը, որ ԼՂՀ-ում կանայք պետական պատասխանատու պաշտոններ քիչ են զբաղեցնում:

 

Ես այդքան էլ չեմ կիսում Ձեր կարծիքը: Պատերազմից հետո կանանց դերակատարությունն  օբյեկտիվորեն և որոշակիորեն աճել է, ինչը նկատելի է կառավարման համակարգում նրանց ներգրավվածության մակարդակից: Գուցե բարձրաստիճան ղեկավար պաշտոններում կանայք քիչ են, սակայն` եթե ունենանք կին գործիչներ, ովքեր պատրաստակամ կլինեն այս կամ այն ոլորտի կառավարման պատասխանատվությունը ստանձնել, ապա դա, կարծում եմ, միայն ողջունելի կլինի:  Օրինակ, ընտրական հանձնաժողովի անդամների ուղիղ կեսը կանայք են: Ավելի շատ կանայք խորհրդարանում տեսնելու ակնկալիքով` վերջերս ընդունված Ընտրական օրենսգրքի նախագծում համապատասխան փոփոխություն է ամրագրվել. համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների կողմից ներկայացվելիք ցուցակներում առնվազն 5թեկնածուներից մեկը պետք է կին լինի` նախկին 10-ից մեկի փոխարեն: 

 

Վերջում կուզենայի չմոռանանք, որ հասարակությունը կլինի հաջողակ միայն այն դեպքում, եթե նրանում կասկածներ չլինեն շուրջն ընթացող գործընթացների արդարացիության վերաբերյալ: Հավատը սեփական երկրի, ժողովրդի և իշխանությունների հանդեպ` իրականացվող ցանկացած միջոցառման, այդ թվում` ընտրությունների հաջողության միակ գրավականն է: Այս ամենի գիտակցմամբ` նաև մեզ հաղթանակ պարգևած ու մեր երկրի խաղաղությունը պաշտպանող մարդկանց առջև բարոյական պատասխանատվություն ստանձնելով միայն կարող ենք, ինչպես ասում են, երկիրը Երկիր պահել:

Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ

1