Երկու հանրապետությունների միջև լարվածությունը կարող է պառակտման տանել հասարակությանը
Գլխավոր » Լրահոս » Երկու հանրապետությունների միջև լարվածությունը կարող է պառակտման տանել հասարակությանը

Երկու հանրապետությունների միջև լարվածությունը կարող է պառակտման տանել հասարակությանը

30 երկրից 150 պատվիրակ Արցախի պետական կառույցների հետ հանդիպումներ ունեցան, շփվեցին ժողովրդի հետ, շրջեցին երկրով, ոմանք եղան առաջնագծում. ընդհանուր առմամբ՝ համաժողովի շրջանակում կազմակերպված ծրագրերն արդյունավետ էին, համագործակցությունը սերտ էր. այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ամփոփելով Արցախի բարեկամների «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովի արդյունքները նշեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Հռչակագիրը, որ որդեգրվեց, ազդարարում է, որ ձևավորվում է «Պրո Արցախ»՝ Արցախի բարեկամների ցանց, որին մաս կկազմեն և՛ այս համաժողովի մասնակիցները, և՛ մարդիկ, ովքեր Արցախի նկատմամբ դրական կեցվածք են դրսևորել, բայց ինչ-ինչ պտճառներով չկարողացան մասնակցել այս համաժողովին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ համաժողովի մասնակիցները շատ տարբեր մշակույթներ կրող մարդիկ էին, լրիվ տարբեր քաղաքական միջավայրերից եկած մարդիկ էին, 29-ը՝ Հայ դատի հանձնախմբերի, Հայ դատի գրասենյակների ներկայացուցիչներ, որ ընկերակցել են ոչ հայազգի Արցախի բարեկամներին, եղել են նաև տարբեր երկրների՝ օրինակ, Ֆրանսիայի, Կանադայի, ԱՄՆ-ի՝ ընտրված պաշտոնյաներ, ազգությամբ՝ հայ:

Մանոյանը կարևորեց Իրաքից եկած պատվիրակության մասնակությունը: «Իրաքում ցարդ չկար Արցախի բարեկամների շրջանակ, բայց փաստորեն այս մարդկանց մասնակցությունը դրա նախադրյալները կհաստատի և ուրեմն պետք չէ զարմանալ, որ մենք շուտով Իրաքում էլ կունենանք Արցախի բարեկամների շրջանակ»,- ասաց նա: Նշվեց նաև, որ եղել են նաև երկրներ, որտեղից ավելի շատ մարդիկ են նախատեսել մասնակցել համաժողովին, սակայն տարբեր պատճառներով չեն կարողացել գալ. «Պատճառներից էր նաև իրենց ներքին քաղաքական իրավիճակը: Օրինակ, Մեծ Բրիտանիայից կար մեկ ակադեմիական շրջանակի ներկայացուցիչ, բայց պատգամավորներ չկարողացան մասնակցել, քանի որ «Բրեքսիթի» պատմությամբ նրանց արգելված է դուրս գալ երկրից, եթե միայն պաշտոնապես չգործուղվեն»:

Կանադայից ևս դաշնակցային-ֆեդերալ մակարդակի ներկայացուցիչներ չեն եղել, քանի որ այնտեղ եկող շաբաթ տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, բայց եկել էին նահանգային իշխանության, Տորոնտոյի և Մոնրեալի քաղաքապետարանների ներկայացուցիչները: ԱՄՆ-ից եղել են նահանգների և քաղաքների ներկայացուցիչներ, ֆեդերալ մակարդակի ներկայացուցիչ չի եկել, որովհետև համաժողովից մի քանի օր առաջ արդեն երեք կոնգրեսական մասնակցել է որոշ միջոցառումների և հանդիպումների հենց Արցախում և ԱՄՆ-ի ութը կոնգրեսականներ տեսապատգամ էին ուղարկել Արցախի բարեկամների համաժողովին: Ավսրիալիայից ներկայացուցիչ չի եղել կրկին նույն պատճառով, որովհետև նախորդող տասն օրերի ընթացքում բավական մեծ պատվիրակությամբ և՛ Ավստալիայի ֆեդերալ, և՛ նահանգային, և՛ տեղական մակարդակի ներկայացուցիչները հյուրընկալվել են Հայաստանի հանրապետության և Արցախի հանրապետության իշխանությունների կողմից. նրանք ևս ուղարկել էին տեսապատգամներ:

Բավական մեծ թվով ներկայացուցիչներ են եղել Լատինական Ամերիկայից՝ Կոստա-Ռիկայից, Չիլիից, Ուրոգվայից, Կոլումբիայից, Պարագվայից:

Ամենամեծ պատվիրակությունները Բելգայից և Ֆրանսիայից են եղել, քանի որ Բրյուսելում, գործում է Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը, իսկ Ֆրանսիայի հայկական համայնքն ունի մեծաթիվ ներկայություն, նաև այնտեղ Արցախի ներկայացուցիչներն են ակտիվ գործում:

«Իսկապես բավական լայն և մեծ էր շրջանակը, մնում է շարունակել աշխատանքը այդ ցանցն ակտիվ պահելու և հնարավորինս ընդարձակելու համար: Այդ մասին էլ հանդիպում կայացավ Արցախի հանրապետության ԱԳՆ-ի հետ, ճշտվեցին, թե ինչպես պիտի աշխատենք, և աշխատանքն արդեն իսկ շարունակվում է»,- ասաց Կիրո Մանոյանը:

Թեպետ համաժողովի համար միայն մեկ օր է եղել նախատեսված, սակայն համաժողովի մասնակիցները երկու-երեք օրվա հագեցած ծրագիր են ունեցել, այդ թվում և՝ մասնակցել են Բերքի տոնին: «Մոտ 500 տաղավար էր, և դրսից եկածներն անմիջական շփումների հնարավորություն ունեին տեղի բնակչության հետ, ինչը շատ դրական էր: Նաև՝ տարբեր-տարբեր հանդիպումներ տեղի ունեցան դրսի համայնքների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, որոնց միջև կային համագործակցության հռչակագրեր և պայմանագրեր: Այն խորհրդարաններից, որտեղ կան Արցախի բարեկամության խմբակցություններ, շրջանակներ, հանդիպումներ ունեցան Արցախի խորհրդարանի իրենց գործընկերների հետ, հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, Ազգայի ժողովի տարբեր խմբակցությունների և ԱԳՆ-ի հետ»,- ասաց նա:

Եթե մարտավարական նպատակներով արված հայտարարություններն անընդհատ սկսում են կրկնել, դառնում է ռազմավարություն, նաև՝ ոչ արդյունավետ. այսօր՝ հոկտեմբերի 15-ին, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց Կիրո Մանոյանը:

«Երեսուն տարի է՝ ունենք այդ խնդիրը: Վարչապետ Փաշինյանն ասում է՝ խնդիրը պիտի կարգավորվի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդների համաձայնությամբ: Որպես մարտավարություն՝ այդ հայտարարությունը լավ է՝ բոլորը գոհ պիտի լինեն: Նրան էլ ոչ ոք չի հակադարձում: Հիմա պիտի ասի, թե այդ բանաձևն ի՞նչ է: Չկա այդպիսի բանաձև: Չենք ասում, որ ադրբեջանցիները պետք է կոտորվեն, Ադրբեջանը պիտի կոտորակվի (թե Ադրբեջանն էլ ո՞րն է, դա էլ հարց է): Փաստ է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում մինչև այսօր հայկական կողմն է հաղթել, և ադրբեջանցիները դրա համար ուրախ կամ գոհ չեն կարող լինել: Բայց ադրբեջանցիներին, ընդհակառակը, պետք է համոզել, որ Արցախը երբեք էլ ձերը չի եղել, դուք ընդամենը սովետական շրջանում վայելել եք, չարաշահել եք Արցախի ամեն ինչը, իսկ Սովետական միության փլուզումից հետո արդեն մոռացե՛ք Արցախի մասին: Եվ Հայաստանի վարչապետը՝ ով էլ որ լինի, ճիշտ կանի՝ հենց այդպես խոսի»,- ասաց նա:

Կիրո Մանոյանը հիշեցրեց, որ նախկին իշխանությունների օրոք էլ այդ խնդիրը եղել է: «Հարցը՝ հայ-թուրքական, արցախյան, չէր կարգավորվելու, նպատակն այլ էր՝ որպես լավ, վստահելի գործընկեր ընկալվել: Հիմա էլ նույն խնդիրն է: Եթե բանաձև կա, թող ասի: Մեկ անգամ այս միտքը հայտարարեր՝ լավ, երկու անգամ՝ էլի լավ, բայց ամեն օր և ամեն առիթով հայտարարել չի կարելի: Որովհետև, ի վերջո, այդ հայտարարվածը պիտի ակնկալեն դրսինները, ադրբեջանցիները, թե՝ մենք էլ ուրախ կլինեինք: Իսկ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի նախագահի ուրախությունը Արցախով չի վերջանալու, Երևանն էլ են ուզում»,- նշեց նա:

Կիրո Մանոյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն մշտապես առաջարկել է Արցախյան հարցը կարգավորել՝ Հայաստանի և Արցախի միջև երկկողմ ռազմավարական համագործակցության պայմանագիր ստորագրելով, նպաստելով Արցախի՝ միջազգային ճանաչմանը, և երբ Արցախը ճանաչված լինի գոնե 10 պետության կողմից, երկու անկախ, ճանաչված հանրապետությունների որոշմամբ՝ կմիավորվեն: «Մենք ունեցել ենք պահեր նախորդ իշխանությունների օրոք, երբ նախագահն ասել է՝ գիտե՞ք ինչ, եթե Հայաստանը ճանաչի Արցախի Հանրապետությունը, պատերազմ կսկսվի: Ասել ենք՝ նման բաներ չի կարելի ասել: Պետության ղեկավարը պետք չունի աշխարհին դաս տալու՝ ինչ կլինի, եթե այսպես անենք կամ այնպես անենք: Թող 5, 8, 10 պետություն ճանաչեն, թող Արցախն ունենա ներկայացուցչություն՝ դիվանագիտական կարմիր պետհամարանիշով, թող լինի միջպետական փոխատվության-փոխառության պայմանագիր, թող նախագահներն իրար նախագահ ասեն, վարչապետերը՝ վարչապետ, ԱԺ նախագահները համագործակցության հանձնաժողովներ ստեղծեն, մեկ տարի չի տևի Արցախի Հանրապետության ճանաչումը և միացումը»,- նշեց նա:

Մանոյանն ընդգծեց, որ չի կարելի քաղաքական հաշվարկներով ասել բաներ, ստեղծել մթնոլորտ և այդ ուղղությամբ իրական քայլեր չանել: «Երբ ասում է, որ Արցախը Հայաստան է, և վերջ, թող գործնական առումով ցույց տա դա: Գործնականը նրա համար միայն այն է, որ ընտրություններին ուղարկի դիտորդներ, որ այդ միջոցով ճնշումներ գործադրի: Արդեն Արցախում Հայաստանի բյուջեի հաշվին պահում է հարյուրավոր աշխատակիցներ, որոնք իբր պիտի մոնիթորինգ անեն: Ինչո՞ւ մրցակցային չընտրվեցին այդ կազմակերպությունները. շատ հստակ է, որ քաղաքական նպատակներ կան: «Եթե Արցախը Հայաստան է, և վերջ»-ի նպատակն այն է, որ Երևանը պիտի որոշի, թե Արցախում ով ինչ քաղաքական ազդեցություն պիտի ունենա, դա՝ ուրիշ: Իսկ եթե, իրոք, Արցախը Հայաստան է, և վերջ, ստորագրենք՝ վերջանա, ինչի՞ չենք ստորագրում»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամը:

Կիրո Մանոյանը հիշեցրեց Արցախի անկախացման պատմությունը: «Անկախությունն այս դեպքում ճանապարհ է, միջոց է. 1991-ին ինչ-ինչ պատճառներով պաշտոնական Ստեփանակերտի և պաշտոնական Երևանի հաշվարկները համընկան, և որոշվեց հռչակել անկախություն: Բայց բոլորն էլ հասկանում են, որ, ի վերջո, նպատակը միացումն է, բոլորն էլ հասկանում են Արցախի դրոշի ճերմակ աստիճանների խորհուրդը՝ այն աստիճանական միացման մասին է խոսում»,- ասաց նա:

Մեր չորս հարևաններն էլ վաղը չեն փոխվելու, այդ չորսից երկուսն էլ իրենց վերաբերմունքը մեր հանդեպ չեն փոխելու, եթե նույնիսկ Արցախի հարցը կարգավորվի. նշեց Կիրո Մանոյանը:

«Չեմ կարծում, որ Ադրբեջանն ու Թուրքիան, եթե Արցախի հարցը ինչ-որ կերպ կարգավորվի էլ, թևերը բաց՝ վա՜յ, ախպերնե՜ր, ասելով՝ առաջ գան: Մենք պիտի և՛ ապահովենք մեր պաշտպանվածությունը, և՛ փորձենք զարգանալ: Շատերը փորձեցին մեզ համոզել՝ ասելով, որ եթե բավարարենք Թուրքիայի նախապայմաններին, լավ կլինի: Չէ, այդպես չի: Մենք տեսում ենք, որ Սիրիայի և Թուրքիայի միջև այս խնդիրների նախօրեին ազատ տնտեսական հարաբերություններ էին հաստատվել՝ ոչ մաքս կար, ոչ վիզայի խնդիր կար: Ոչինչ չկար: Սիրիայի ներկայիս նախագահը կնոջ հետ Թուրքիայում այնպես ջերմ ընդունվեց Թուրքիայի ներկայիս վարչապետի և իր տիկնոջ կողմից, որ այնտեղ, կարծես, իրենց երկրորդ մեղրալուսինն անցկացրին: Այսինքն՝ Թուրքիային վստահել պետք չէ»,- նշեց նա:

Հայաստանի տնտեսությունը, Կիրո Մանոյանի դիտարկմամբ, պիտի զարգանա՝ մշտապես հաշվի առնելով, որ այս հարաբերությունները շարունակվելու են՝ անկախ Արցախի հարցից: «Մի պատրվակ կգտնեն, էլի, որ սահմանը փակեն: Չորս հարևան ունենք, որոնցից երկուսի հետ հարաբերությունները կարելի է ավելի զարգացնել՝ և՛ Վրաստանի հետ, և՛ Իրանի հետ: Այդ առումով պիտի ավելի լուրջ արտաքին քաղաքականություն տանենք: Տնտեսական զարգացման տեսակետից մենք պիտի հավատանք, համոզված լինենք, որ իսկապես կարելի է զարգանալ՝ առանց զիջելու: Աշխարհում միակը չենք, որ այս իրավիճակում ենք»,- նշեց նա:

Դեպի ծով ուղղակի ելք չունենալը, Մանոյանի խոսքով, խնդիր չէ, եթե լինեն լավ հարաբերություններ դեպի ծով ուղղակի ելք ունեցող հարևանի հետ. «Ունենք հարևան, որ ծովի վրա է: Եվ ուրեմն, որքան էլ այնտեղ էլ մեր երկու թշնամիների՝ Ադրբեջանի և Թուրքիայի ազդեցությունը մեծանում է, տակավին այդ հարևանի հետ կարելի է գտնել ճիշտ ճանապարհը ավելի արդյունավետ հարաբերվելու համար»:

Նա տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն նախատեսում է տնտեսական համաժողով կազմակերպել հենց այդ թեմայով. «Զարգանալ՝ չզիջելով»: «Դա մեր խնդիրների խնդիրն է: Մեր պետության զորացման գրավականն է, որ մենք կարողանանք տերը մնալ այն բոլորի, ինչ ունենք և զարգացնենք: Եվ այս գաղափարախոսությունն է, որ պետք է դրվի ցանկացած իշխանության տնտեսական քաղաքականության հիմքում: Վարչապետ Փաշինյանը տարբեր առիթներով հայտարարել է, բայց հայտարարելը հերիք չէ, պետք է այն ունենալ քաղաքականության հիմքում»,- նշեց նա:

Արցախի բարեկամների «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովի մուսուլման մասնակիցների՝ Շուշիի մզկիթում լինելը, ըստ Մանոյանի, կարևոր քաղաքական դրվագ էր: «Շուշիի մզկիթի բացումը երեկ էր, բայց մինչև բացումը իրենց համար մզկիթի դուռը բացեցին, նրանք տեսան: Բոլորն էլ հասկանում են, որ Արցախի հարցը ոչ թե քրիստոնյա-իսլամ հակամարտություն է, այլ Ադրբեջան-Ղարաբաղ խնդիրն է, և իրենք՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության կողմնակիցներ, աջակցում են Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը»,- ասաց նա:

Անդրադառնալով Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի աղմկահարույց հայտարարությունների մասին հարցին՝ Մանոյանն ասաց, որ ցանկալի չեն այնպիսի հայտարարությունները և՛ Հայաստանից և՛, որ մթնոլոտը, հարաբերությունները կսրեն. «Չեմ ուզում սկսել պարզել՝ հավն է առաջ, թե հավկիթն է առաջ. ով սկսեց՝ դա իր հերթին: Բայց լավ մթնոլորտ չի, եթե մենք ունենանք երկու հարաբերությունների միջև ինչ-որ լարվածություն, որը կարող է նաև նույնիսկ տանել մեր հասարակության պառակտման: Դա պետք է և կանխենք և առաջն առնենք: Դա չի նշանակում, որ Բալասանյանի ասածն այդպես ենք համարում: Առանձին այդ հարցը նախագահի հետ չի քննարկվել»: Երկրորդված հարցին Մանոյանն արձագանքեց. «Արցախը Վիտալի Բալասանյան չէ, Վիտալի Բալասանյանը Արցախ չէ»:

yerkir.am

1