Ելույթ ԵԽԽՎ-ում. Դինքի սպանությունից 10 տարի անց էլ Թուրքիան շարունակում է լռեցնել մարդկանց
Գլխավոր » Հասարակական » Ելույթ ԵԽԽՎ-ում. Դինքի սպանությունից 10 տարի անց էլ Թուրքիան շարունակում է լռեցնել մարդկանց

Ելույթ ԵԽԽՎ-ում. Դինքի սպանությունից 10 տարի անց էլ Թուրքիան շարունակում է լռեցնել մարդկանց

ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը հունվարի 23-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում իր ելույթը նվիրել է Հրանտ Դինքին և Կարո Փայլանին:

«Այս նստաշրջանի քննարկումների հիմնական թեման կարծես թե լրագրողների նկատմամբ իրականացվող ճնշումներն ու բռնություններն են, և ես նույնպես կուզենայի արտահայտել իմ խորին մտահոգությունը նման երևույթների վերաբերյալ: Այն ծանր աշխատանքը, որ նրանք են կատարում միմիայն բարձր գնահատականի և հարգանքի է արժանի, չէ՞ որ հասարակական բազմակարծությունը և ժողովրդավարությունը երկրում ձևավորվում է հենց նրանց աշխատանքի շնորհիվ: Ազատ խոսքը և ազատ կամարտահայտման իրավունքը մի արժեք է, որով մենք պետք է հպարտանանք»,- նշել է Կարապետյանը՝ հիշեցնելով, որ հունվարի 19-ին լրացավ անվանի հայազգի մտավորական Հրանտ Դինքի հրեշավոր սպանության 10 տարին:

«Նա սպանվել էր 2007 թվականին 17-ամյա մի թուրք ազգայնականի կողմից, գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ ցուցադրվեց վավերագրական ֆիլմ, որտեղ Դինքը խոսում էր Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև՝ իր հանդեպ հետապնդումների մասին:

Մարդասպանի դատավարությունը այդպես էլ չբացահայտեց, թե ինչն է ոգեշնչել այս պատանուն: Երկար տարիներ տևած այս հետաքննությունը մասնակիորեն նշեց, որ քաղաքական տարբեր զարգացումներ այնուհանդերձ ունեցել են իրենց ազդեցությունը, բայց և այդպես էլ չտվեց կոնկրետ պատասխաններ` ով և ինչու:

Մենք իհարկե հիշում ենք, որ Հրանտ Դինքը պարբերաբար պիտակավորվում և անգամ հետապնդվում էր Հայոց Ցեղասպանության վերաբերյալ ունեցած իր կարծիքի համար»,- նշել է հայ պատվիրակը:

Կարապետյանը ցավով նկատել է, որ Թուրքիան այժմ էլ` Դինքի սպանությունից 10 տարի անց, ճշմարտություն և արդարադատություն փնտրող մարդկանց ձայներ լռեցնելու նույնանման գործիքներն է օգտագործում.

«Այլապես ինչպես կարելի է գնահատել Թուրքիայի պատգամավոր հայազգի Կարո Փայլանին ձայնի իրավունքից զրկելը` միմիայն այն պատճառով, որ նա հայտնի պատմական զանգվածային սպանությունները անվանել է Ցեղասպանություն: Մեզ են հասել անգամ տեղեկություններ, որ որոշ քաղաքական կուսակցություններ ցանկանում են քրեական գործ հարուցել իր հրապարակային խոսքով ատելություն սերմանելու համար»:

Նա նաև համոզմունք է հայտնել, որ լրագրողների, հասարակական գործիչների, մտավորականների հանդեպ հետապնդումների, բռնությունների, անգամ սպանությունների խնդրի լուծումից հրաժարվելը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ, ինչն իր հերթին հանգեցնում է անհանդուրժողականության անկառավարելի տարածմանը:

«Այսօր մենք մերժեցինք Թուրքիայի խնդրի հրատապ քննարկումը: Հավատացեք, մենք պարարտ հող ստեղծեցինք նորանոր բռնությունների, նորանոր հարձակումների, նորանոր ձերբակալությունների և նորանոր հետապնդումների համար: Եվ տա Աստված, ես սխալվեմ: Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը պարտավոր է պահպանել ստանձնած պարտականությունները, և իշխանական կարծիքից տարբերվող կարծիք ունեցող լրագրողների, պատգամավորների, ցանկացած այլ մարդկանց լռեցնելը բացարձակապես անընդունելի է»,- նշել է պատգամավորն իր ելույթում։

Թուրքիայի ազգային մեծ ժողովում ելույթ ունեցած հայ պատգամավոր Կարո Փայլանը հետևյալ հայտարարությունն էր արել. «Մի ժամանակ 40 տոկոսն էինք կազմում, հիմա մեկ հազարերորդ մասն ենք կազմում: Ուրեմն մեր գլխին մի բան եկել է… Ես ցեղասպանություն եմ անվանում, դուք ինչ ուզում եք` անվանեք: Պապիս ու նախնիներիս գլխին եկածը ես շատ լավ գիտեմ: Եկեք դուք դրեք անվանումը, ու բոլորս միասին առերեսվենք»: Այս ելույթի համար հայ պատգամավորին որպես պատիժ արգելվել է մասնակցել մեջլիսի առաջիկա 3 նիստին:

1