Եթե 10 մլն հայերից յուրաքանչյուրը մի կաթիլ ներդրում անի Արցախում, կես ճամփան անցած կլինենք
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակի առիթով Արցախում էին գտնվումտարբեր երկրներումիրենց առաքելությունն իրականացնող Արցախի ներկայացուցիչները: Օգտվելով առիթից՝«Ապառաժ»-ըմի քանի հարց է ուղղել Մերձավոր Արևելքում Արցախի մշատական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանին:
-Ի՞նչ գործնական քայլեր են հաջորդելու Արցախում հուլիսի 20-22-ը ԱՀ մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած խորհրդակցություններին:
-Մեզ համար գործնական քայլերը նորություն չեն: Պարբերաբար գործարարներ, քաղաքագետներ, փորձագետներ ենք հրավիրել և ուղեկցել Արցախ: Անցած շաբաթվա ընթացքում Լիբանանում գյուղատնտեսական խոշոր ընկերության սեփականատեր, լիբանանցի ձեռնարկատեր Նիկոլյա Աբու Ֆայսալին ուղեկցեցի Արցախ։ Այցելության ընթացքում տարբեր հանդիպումներ ունեցանք, որոնց արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց մի շարք ծրագրերի իրականացման շուրջ՝ մասնավորապես, նախատեսվում էՄարտակերտի շրջանում մոտ 250 հա հողամաս տրամադրել՝ պտղատու այգիներ հիմնելու նպատակով։
Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքում Արցախի մշտական ներկայացուցչության հետագա անելիքներին, տեղեկացնեմ, որ առաջիկայում նախատեսում ենք ընդլայնել մեր գործունեության աշխարհագրությունը՝Արցախի մասին իրազեկվածության բարձրացման և ներդրումների ներգրավման ուղղություններով։ Պետք է աշխատենք, որպեսզի ժողովրդի նյութական պայմանները բարելավվեն և բնակչության թիվն ավելանա:
ԱԳՆ 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված խորհրդակցությունների ընթացքումքննարկումներ են տեղի ունեցել հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթ ուղղությունների իրականացման ընթացքի վերաբերյալ։ Արտաքին քաղաքական գործունեության առանցքում շարունակում են մնալԱրցախի միջազգային ճանաչման աշխարհագրության ընդլայնումը և ապակենտրոնացված համագործակցության զարգացումը։ Կարևոր ուղղություն է նաև Արցախի արտաքին տնտեսական կապերի զարգացումն ու օտարերկրյա ներդրումների ներգրավումը։
-Մերձավոր Արևելքում Արցախի ներկայացուցչությունը երկար տարիների պատմություն ունի, դուք ինչպե՞ս կգնահատեիք ներկայացուցչության գործունեությունը, դուք ի՞նչ փոփոխություններ եք տեսնում Արցախում դրանց արդյունքում:
Պետք է արձանագրել, որ Արցախում շատ բան է փոխվել պատերազմին հաջորդած տարիների ընթացքում.այլևս չունենք պատերազմի հետևանքով քանդված, ավերված երկիր։ Նախկինում ավերված Շուշիում այսօր տեսեք քանի կրթօջախ է գործում, քանի հյուրանոց է բացվել: Մայրաքաղաք Ստեփանակերտում պատերազմի հետքերը գրեթե ամբողջովին վերացվել են:
Մենք ձեռքբերումների մասին քիչ ենք խոսում.25 տարվա ընթացքում մեծ ճանապարհ անցանք, որը սակայն բավարար չէ: Առածն ասում է՝ «եթե օրական մի բան չսովորես, մի բան կկորցնես», որովհետև աշխարհն արագ է զարգանում: Մենք պետք է քայլենք աշխարհի զարգացմանը համընթաց: Դա օրական 24 ժամվա տքնաջան աշխատանք է պահանջում, որը յուրաքանչյուր ոք պետք է իրականացնի: Համազգային ներուժի համախմբում է անհրաժեշտ: Մեր միակ հույսը միասնականությունն է, եթե մեր ուժերին վստահենք, հրաշքներ կգործենք:
-Արդյո՞ք Արցախի ժողովրդի պայքարի արդարացիության ճանաչման հնարավորություն տեսնում եք Մերձավոր Արևելքի երկրներում:
Չնայած Մերձավոր Արևելքում ներկայումս ստեղծված բարդ իրավիճակին, հնարավորություն կա։ Եվ այդ նպատակով մենք հետևողական գործունեություն ենք իրականացնում լրատվական դաշտում: Հաշվի առնելով մահմեդական աշխարհում ադրբեջանական կողմի քարոզչությունը՝ հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու ուղղությամբ, մենք աշխատանքներ ենք տանում մերձավորարևելյան տարածաշրջանում ճգրիտ տեղեկատվություն տարածելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էության վերաբերյալ՝ այն ներկայացնելով որպես Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման և դրան ի պատասխան՝ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի սանձազերծման հետևանք: Նման աշխատանքներ տարվել են, օրինակ, Եգիպտոսում, որտեղ հայտնի թերթերից մեկում Արցախի մասին ծավալուն հոդված հրապարակվեց, ինչը, անկասկած, նպաստեց այդ երկրում Արցախի և ադրբեջնա-ղարաբաղյան հակամարտության մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։
Մենք ակտիվացնելու ենք աշխատանքները նաև մեր հայրենակիցների շրջանում: Աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր բոլոր հայրենակիցների համար Արցախի ճանաչումը պետք է լինի առաջնահերություն, և այդ ուղղությամբ կարևոր է համակարգված ու հետևողական քայլերի շարունակաբար իրագործումը։ Այս դեպքում ավելի դյուրին կլինի միջազգային ճանաչման հասնելը։
Եթե 10 մլն հայերից յուրաքանչյուրը մի կաթիլ ներդրում անի Արցախի Հանրապետության զարգացման մեջ, հավատացեք, որ կես ճամփան անցած կլինենք: