«Դաշնակցություն» խմբակցությունը դեմ է քվեարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծին
Այսօր՝ հունիսի 14-ին, ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի նախաձեռնությամբ եւ առաջարկած օրակարգով:
Նախքան նիստի օրակարգային 4 կետերին անցնելը՝ Արցախի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է հունիսին զոհված զինծառայողների հիշատակը, որից հետո նիստին ներկա 29 պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են օրակարգում ներառված «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ ուղեկցող օրինագծերով:
Օրենքի նախագիծը խորհրդարանին է ներկայացրել ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, նշելով, որ օրենքի ընդունումը բխում է Արցախում կենսաթոշակային բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունից:
«Ներկայումս Արցախում գործող բաշխողական կենսաթոշակային համակարգը ֆինանսավորվում է պետական բյուջեից, եւ քանի որ բյուջետային սահմանափակ միջոցների հաշվին հնարավոր չէ ապահովել կենսաթոշակառուի նույն եկամտի մակարդակը, որն անձն ունենում է աշխատանքային տարիներին՝ նախագծով առաջարկվում է ստեղծել մի համակարգ, որը միջին եւ երկար ժամկետում կապահովի կայուն ինքնաֆինանսավորվող կենսաթոշակային համակարգ՝ նպաստելով կենսաթոշակառուների կյանքի որակի բարելավմանը»,- ասել է Հարությունյանը:
Կառավարության նախագծով առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձեւավորել 2.5 եւ 7.5 տոկոս համամասնությամբ. 2.5 տոկոսը կվճարվի քաղաքացու, 7.5 տոկոսը` պետության կողմից: Իսկ հավաքված գումարներն ամբողջությամբ կուտակվելու են օտարերկրյա կուտակային ֆոնդերում եւ ընկերություններում, ինչը եւ մտահոգել է «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանին:
«Դեռ չճանաչված Արցախի կառավարությունն ի՞նչ լծակներ ունի ֆինանասական պատասխանատու հանդիսացող միջազգային կառույցների վրա՝ ընկերությունների սնանկության դեպքում գումարները վերադարձման տոկոսների մեխանիզմը սահմանելու առումով»,-նշել է նա:
Պատգամավորի այս հարցադրմանն ի պատասխան՝ ֆինանսների նախարարը նշել է, որ օրենքով Արցախի քաղաքացիների կուտակած գումարների վճարման երաշխավորը հանդիսանում է Արցախի Հանրապետությունը:
«Մյուս բոլոր դրույթները, որոնք վերաբերում են ներդրումային ֆոնդերի հսկողության, սնանկության գործընթացներին եւ նմանատիպ այլ գործընթացներին՝ սրանք բոլորը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ՝ Կենտրոնական բանկի կողմից սահմանված նորմատիվ ակտերով»,- ասել է Հարությունյանը:
«Օրենքում վերացական նշված գումարների վերադարձման պատասխանատվության» հանգամանքը «Դաշնակցություն» խմբակցությանը չի բավարարել: «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ռիտա Մնացականյանի կողմից խորհրդարանին ներկայացրած խմբակցության տեսակետը՝ ստորեւ.
«Հարգելի գործընկերներ
Կենսաթոշակային համակարգի բարեփոխման խնդիրը յուրաքանչյուր պետության ամենօրյա օրակարգի հարց է: Կենսաթոշակային համակարգի բարեփոխումը պետք է ապահովի արդարության սկզբունքը: Կուտակային վերոնշյալ համակարգը չի ապահովում սոցիալական արդարությունը:
Ժամանակ առաջ, երբ քննարկվում էր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագիծը, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը ընդունել է գաղափարի ճիշտ լինելը, բայց սխալ համարել՝ իրականացման ձեւը: Մասնավորապես մեզ մտահոգել է, որ չի ապահովվում կամավորության սկզբունքը, այլ օրենքի նախագիծը պարտադրում է քաղաքացու մասնակցությունը եւ զրկում նրան անհատական որոշումներ կայացնելու ազատ իրավունքից: Մեր կարծիքով՝ կամավորության սկզբունքի կիրառումը կբերի գործընթացի ճիշտ գնահատմանը, եւ ճիշտ մեթոդաբանության դեպքում ինքնըստինքյան կավելանա քաղաքացիների ընդգրկվածության թիվը:
Օրենքից օգտվելու տիրույթից դուրս էր մնում քաղաքացիների մի հոծ զանգված, որն եկամուտ ուներ, բայց աշխատավարձ չէր ստանում: Օրինակ՝ գյուղացիների մեծ մասը:
Ներկա օրենքի նախագծով մասնակիորեն հաշվի է առնվել մեր խմբակցության՝ հնչեցրած առաջարկությունների մի մասը, եւ պարտադիր բաղադրիչի հետ զուգակցվել է կամավորության սկզբունքը, սակայն չի վերացվել պարտադիրի բաղադրիչը:
Մեզ առավել մտահոգում է այն, որ գումարները շրջանառության մեջ են դրվելու ԱՀ—ից և ՀՀ—ից դուրս: Արտասահմանյան ֆինանսական այդ կառույցների հետ, որոնց միջոցով նախատեսվում է իրագործել վերոնշյալ գործընթացը, հարաբերությունների ճշգրտման և պատասխանատվության չափաբաժնի հստակեցման անհրաժեշտություն ենք տեսնում:
Քաղաքացիների ցածր վճարունակության, մշտական գնաճի, դրամի մշտական արժեզրկման, տնտեսական ոչ բավարար ակտիվության պայմաններում նպատակահարմար չէ նման համակարգի ներդնումը:
Շեշտենք նաեւ, որ պատերազմական պայմաններում գտնվող, միջազգայնորեն դեռ չճանաչված Արցախի Հանրապետության համար մոտ 20 տարին շատ ռիսկային է նման ծրագրի իրականացման համար՝ դրան գումարած տարածաշրջանային և համաշխարհային ռիսկերը:
Ավելացնենք նաև, որ շատ երկրներ վերոհիշյալ համակարգը նման ձևով փորձարկումից հետո հրաժարվել են՝ արմատապես փոխելով ձեւաչափը:
Ելնելով վերոհիշյալ սկզբունքներից՝ ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը «ԱՀ կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծին քվեարկելու է դեմ»:
«Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, ուղեկցող օրինագծերով, խորհրդարանն ընդունել է 19 կողմ, 5 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հավելենք, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: