Դանդաղ տեմպերով, բայց գյուղը ծաղկում է. Քաշունիքի գյուղապետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Դանդաղ տեմպերով, բայց գյուղը ծաղկում է. Քաշունիքի գյուղապետ

Դանդաղ տեմպերով, բայց գյուղը ծաղկում է. Քաշունիքի գյուղապետ

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում է գտնվում Քաշունիք գյուղը։ Քաշունիք համայնքն ընդգրկում է 3 գյուղ՝ Քաշունիք, Վերին Քաշունիք և Մորաջուր: Քաշունիք համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։ Համայնքը հարթավայրային է, ունի 2593.9 հա տարածք, որից 1277.2 հա գյուղատնտեսական նշանակության, 1184.9 հա անտառային հողեր են։ Բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: Ցանում են ցորեն, գարի, հաճար: Գյուղի աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները բարենպաստ են մի շարք մրգեր՝ ծիրան, դեղձ, նուռ, թութ, արքայանարինջ, տանձ, աճեցնելու համար:

Բնակչության թիվը 70 է՝ 23 տնտեսությամբ: Ինչպես նշում է 2011թ.-ից Քաշունիքի գյուղապետ Լևոն Մովսիսյանը, վերաբնակեցվելուց հետո՝ 1990-ական թվականների վերջերին, գյուղի բնակչությունն ավելի շատ էր: «Դպրոցի նախկին շենքում աշակերտները երեք հերթով էին դասի հաճախում, ավելի քան 80 աշակերտ ուներ դպրոցը»,- նշում է Լևոն Մովսիսյանը և ավելացնում, որ հետագայում ներքին միգրացիայի և արտագաղթի հետևանքով բնակչության թիվը քչացել է:

DSC_1403

Իսկ վերջին 10 տարիների ընթացքում՝ նրա խոսքով` գյուղից հեռացող չի եղել: «Այժմ բնակվողներից ոչ մեկը գնալու միտք չունի: Պատրաստ ենք նոր ընտանիքներ ընդունել. 3 տուն ունենք, որտեղ կարող ենք մարդ տեղավորել: Երիտասարդներ կան, ովքեր այստեղ են ծնվել, մեծացել ու ամուսնացել: Ճիշտ է, դանդաղ տեմպերով, բայց գյուղը ծաղկում է»,- ասում է երիտասարդ գյուղապետը:

Գյուղը 2007 թվականից էլեկտրականություն ունի, ապահովված է նաև խմելու ջրով: Ըստ գյուղապետի ՝ թե շրջվարչակազմի աջակցությամբ, թե գյուղացիների ջանքերով ամեն տարի ինչ-որ աշխատանք են կատարում գյուղում ապրելու պայմանները բարելավելու ուղղությամբ: Սակայն ներկայումս լուծման կարոտ են մնում ինտերնետ կապի բացակայության, դեպի գյուղ տանող ճանապարհի վերանորոգման, դպրոց խմելու ջուր հասցնելու խնդիրները: «Գյուղում խմելու ջուր կա, բայց դպրոցը չունի. աշակերտները խմելու ջուրն իրենց հետ շշերով են բերում, իսկ այստեղ մայիսից ջերմաստիճանը 30 աստիճանից բարձր է լինում»,- նշում է Լևոն Մովսիսյանը՝ հույս հայտնելով, որ խնդիրները շուտով կլուծվեն:

DSC_1495

Տաթևիկ Աղաջանյան

1