Գերմանիան պահանջում է, որ ԵՄ-ն ֆինանսական ճնշում գործադրի Թուրքիայի վրա
Գերմանիայի կառավարությունը պահանջել է, որ Եվրամիությունը ֆինանսական ճնշում գործադրի Անկարայի վրա: Ռիա նովոստի հաղորդմամբ, այս մասին գրում է Ռոյթերս գործակալությունը՝ հղում անելով կառավարության փաստաթղթի վրա, որը հասցեագրված է այդ թվում նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին:
Փաստաթղթի համաձայն, Գերմանիայի դաշնային կառավարությունը ի թիվս այլ հարցերի, պահանջում է նաև հստակեցել՝ հնարավոր է անհրաժեշտության դեպքում դադարեցնել Թուրքիային՝ ԵՄ մուտքի նախապատրաստության համար ցուցաբերվող աջակցությունը:
Գերմանիայի կառավարության կարծիքով, ԵՄ-ն պետք է սառեցնի Թուրքիայի հետ մաքսային միության արդիականացման ուղղությամբ բանակցությունները:
«ԵՄ-ի և Թուրքիայի միջև բանակցությունները մաքսային միության արդիականացման առնչությամբ վերջին իրադարձությունների լույսի ներքո կարող են կեղծ ազդանշան ուղղել Թուրքային»,- նշված է փաստաթղթում: