Բողոքի ակցիա՝ Բելառուսի դեսպանատան մոտ
Գլխավոր » Երիտասարդական » Բողոքի ակցիա՝ Բելառուսի դեսպանատան մոտ

Բողոքի ակցիա՝ Բելառուսի դեսպանատան մոտ

Արցախ այցելելու համար Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը կալանավորվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի հարցումով: Պատճառը Լապշինի այցելություններն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն 2011-ին և 2012-ին: Ադրբեջանի իշխանությունները քրեական գործ են հարուցել Լապշինի նկատմամբ Ադրբեջանի քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ «Ադրբեջանի պետական սահմանի անօրինական հատում» և «Պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր»: Այժմ Ալեքսանդր Լապշինին հնարավոր է հանձնեն Բաքվի իշխանություններին, որտեղ նրան կարող են դատել:

Այսօր ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդները բողոքի ակցիա իրականացրեցին Հայաստանում Բելառուսի դեսպանատան մոտ և պետք է նամակ հանձնեին ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:

«Մեր բողոքի նոտան ենք ուզում հղել Բելառուսի Հանրապետությանը ՀՀ-ում Բելառուսի դեսպանության միջոցով և կհետևենք քաղաքական զարգացումներին, Բելառուսի քաղաքականության շարունակությանը` արդյո՞ք պարոն Լապշինին կարտահանձնեն Ադրբեջանին, թե՞ ոչ: Նամակում նշված է` քանի որ հայտնի է տարիների ընթացքում Ադրբեջանի վարած քաղաքականությունը, ապա արտահանձնելը Ադրբեջանին Լապշինի համար կարող է շատ վատ հետևանքներ ունենալ, և նրա հիմնարար իրավունքները բացարձակապես խախտված են: Բելառուսը չպետք է տուրք տար Ադրբեջանի պահանջին և ձերբակալեր Լապշինին: Ի դեպ, Լապշինը Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի է, եթե լիներ Ադրբեջանի քաղաքացի` տրամաբանական կլիներ, նրա արտահանձնումը Ադրբեջանին, բայց այս պարագայում Ադրբեջանն իրավունք չունի պահանջելու, որպեսզի այլ երկրի քաղաքացու արտահանձնեն իրեն»,- նշեց ՀՅԴ ՀԵՄ անդամ Սևակ Նազարյանը:

Նշենք, որ երիտասարդները նամակ-պահանջը ցանկանում էին հանձնել դեսպանին կամ գոնե դեսպանատան ներկայացուցչի, աակայն այդպես էլ դեսպանատնից ոչ ոք դուրս չեկավ` նամակը վերցնելու: Դեսպանատնից երիտասարդներին կոչ արեցին նամակը գցել դեսպանատան փոստարկղի մեջ, ինչն առաջացրեց ցուցարարների զայրույթը: Նրանք «Ամոթ», «Позор», «Տուրք մի’ տվեք Ադրբեջանի քաղաքականությանը» և նման վանկարկումներ սկսեցին անել:

Ի վերջո, երիտասարդները որոշեցին նամակը գցել ոչ թե փոստարկղը, այլ դեսպանատան դռան առջևի գորգին: Իսկ իրենց հետ բերած պաստառները երիտասարդները փակցրեցին դեսպանատան դարպասներին: Այս քայլը նրանք բացատրեցին այսպես` քանի որ դեսպանատնից ոչ ոք դուրս չեկավ` նամակը վերցնելու, ուստի իրենք էլ նպատակահարմար չեն գտնում նամակը փոստարկղի մեջ գցել: «Հարկ չենք համարում գցել փոստարկղի մեջ, քանի որ գիտենք, որ եթե այս ծրարը գցենք փոստարկղի մեջ, արձագանք չենք ստանալու, դնում ենք այստեղ, որ անպայման տեսնեն, քանի որ, ինչպես տեսնում ենք, ցանկություն չունեն դուրս գալու և ծանոթանալու մեր պահանջներին: Այս ձևով էլ որոշեցինք մեր բողոքը հայտնել նրանց պահվածքին և հետևողական կլինենք, հետագայում ավելի հստակ, ավելի կտրուկ քայլերի կդիմենք և մեր բողոքի ձայնը հասանելի կդարձնենք նրանց»,- ասաց ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչ Սևակ Նազարյանը:

Նշենք, որ դեսպանատնից նախընտրեցին ոչ թե իջնել և լսել երիտասարդներին, այլ պատուհանից լուսանկարել նրանց:

1