Ա. Աղաբեկյան. «ՀՅԴ-ն Արցախում է, որովհետեւ Արցախը դրա կարիքն ունեցել է եւ ունի»
Գլխավոր » Գաղափարական » Ա. Աղաբեկյան. «ՀՅԴ-ն Արցախում է, որովհետեւ Արցախը դրա կարիքն ունեցել է եւ ունի»

Ա. Աղաբեկյան. «ՀՅԴ-ն Արցախում է, որովհետեւ Արցախը դրա կարիքն ունեցել է եւ ունի»

Երկու տարուց  ավելի է, ինչ Դուք նշանակվել եք ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնում: Ծանոթ ենք Ձեր  կենսագրությանը.7 տարի աշխատել եք որպես ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ եւ կյանքի եք կոչել ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր: Փոխվարչապետի պաշտոնը որքանո՞վ նպաստեց, որ Դուք  շարունակեք կյանքի կոչել  Ձեր ծրագրերը:

 

-Փոխվարչապետ նշանակվելը ինչ-որ տեղ հանկարծակի էր ինձ համար, որովհետեւ երբևէ մտքովս  չէր անցել, որ կարող է  նշանակվեմ այդ պաշտոնում եւ պատասխանատվություն ստանձնեմ ԼՂՀ կառավարությունում: Բայց այն,  որ ոչ մի օր չեմ կտրվել Արցախից, լինի դա  զորահրամանատար եղած ժամանակ, թե ՀՀ կառավարության տարածաշրջանային ինտեգրման վարչության պետի պաշտոնում, կամ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ լինելու ժամանակ,   գիտեն իմ հայրենակիցները, հադրութցիները,  բոլոր նրանք, ովքեր առիթ առ առիթ շփվել են ինձ հետ: Մինչև այս պաշտոնում նշանակվելը,  2007-ից սկսած՝ հաճախ եմ քննարկումներ ունեցել Արցախի իշխանությունների հետ՝ կապված Արցախի սոցիալ- տնտեսական վիճակի, Արցախում իշխող տրամադրությունների հետ:

 

Պաշտոնը ստանալուց անմիջապես հետո նախանշել եմ այն աշխատանքների ուղղությունները, որ պետք է իրագործեմ: Ի պաշտոնե պարտականություններ կատարելը  մեկ  խնդիր է,  մեկ այլ խնդիր է, որ  շարունակում ես քո անձնական կապերն օգտագործել՝ ի շահ քո երկրի: Դրանով էլ ավելի մեծ հնարավորություններ ես ունենում երկրում իշխանությունների առաջ ծառացած խնդիրները, ժողովրդի  խնդիրները ներկայացնելու: Դա բավական բարենպաստ պայման է, երբ փորձում ես քո ընկերներին ներգրավել  թե սոցիալական,  թե այլ խնդիրների լուծման մեջ: : Ի դեպ, ժամանակ առ ժամանակ հորդորում եմ արցախցի պաշտոնյաներին, որ իրենք եւս օգտագործեն իրենց անձնական կապերը Արցախի հետ կապված ծրագրերի կյանքի կոչման գործում:

 

Անցնող տարում  ի՞նչ ծրագրերով եք հանդես եկել՝ որպես ԼՂՀ փոխվարչապետ: Որո՞նք են արդեն իսկ կայացած, եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք:

 

—   2012 թվականին սկիզբ դրված ծրագրերի մի մասն այսօր մտնում են ավարտական փուլ, մյուս մասն արդեն լավ հիմքերի վրա են: Կարելի է ասել՝  երկու տարիների իմ ծրագրերը հաջողվել են: Ուզում եմ բերել մի կարեւոր օրինակ. մենք առաջնորդվեցինք այն կոչով, որ սեփական բանակին կերակրելը պատվաբեր գործ է, եւ այդ պատվաբեր գործը կյանքի կոչելու համար կարողացանք մի շատ կարեւոր սկզբունք որդեգրել՝ համագործակցելով ՀՀ կառավարության հետ, ՊՆ-ի հետ առանձին քննարկումներ անելով: Այդ ձեռքբերումն այն է, որ այսօր ԼՂՀ ՊԲ-ին մատակարարվում է մի շարք սննդատեսակներ, որոնց ծագումն Արցախից է:

 

Եթե երկու տարի առաջ այս մասին խոսելն անհեթեթություն կարող էր թվալ, ապա այսօր արցախցու արտադրած՝ տարեկան 350 տոննա միս է մատակարարվում  ՊԲ-ին: 2014 թվականին նաեւ կարտոֆիլ եւ այլ բանջարեղեն է մատակարարվել: Այս ծրագիրը լինելու է շարունակական: Եթե Արցախում գտնվեն արտադրողներ, ովքեր կարող են բավարարել ՊԲ-ին մատակարարվող մթերքների ցանկը, ապա նրանց արտադրանքը սպառվելու է ՊԲ-ում:

 

Այս պայմանավորվածությունը, մասնավորապես ՀՀ կառավարության հետ, բերեց նրան, որ Ստեփանակերտում ստեղծվեցին հարյուրավոր աշխատատեղեր: Զինվորական հանդերձանքի, անկողնային պարագաների, հագուստի, կոշիկի արտադրությունը կանոնակարգված արտադրություններ են, բիզնես ծրագրեր, որոնք լծված են ամբողջ տարին ՊԲ-ին  մատակարարելու: Մենք դեռ նոր առաջարկով հանդես ենք գալու: Ակնկալում ենք, որ 2015 -ին 700 հազար զույգ գուլպաներ բանակի համար արտադրվելու են հենց Արցախում:

 

Խրախուսելու ենք նաեւ այն նախաձեռնողներին, որոնք փորձելու են Արցախի բանակի համար արտադրել ուսապարկ եւ քնապարկ: Եթե չինացին կարող է արտադրել քնապարկ կամ ուսապարկ, ապա արցախցին դա ավելի որակյալ կանի:

 

Մյուսը՝ բիզնես միջավայրի նոր սկիզբ դնելն է. այդ նոր սկիզբը հաջողությամբ արդեն ընթանում է: 2015-ին մենք կավարտենք <<Ղարմետաքս կոմբինատ>> նախագիծը: 15 հազ. քառ. մետր տարածք պետությունը  տրամադրել է արտադրողներին: Այսօր այդ տարածքում հաջողությամբ գործում է 6 արտադրություն եւ աշխատում է 400-ից ավելի աշխատող: Այդ նախագծի շրջանակում ուզում եմ կարեւորել արցախյան  գորգագործության՝ որպես վերացվող մշակույթի վերածնունդը, որի պտուղներն արդեն տեսնում ենք:

 

2014 թվականի կարեւոր նախաձեռնություն էր  Արաքսի հովտի ծրագիրը: 2012 թվականից մենք բավականին լուրջ ռեսուրսներ ենք ծախսել, որպեսզի Արաքսի հովտի հողատարածքները դարձնենք  օգտագործման համար պիտանի:  Գիտակցում էինք,  որ էլ ավելի մեծ ներդրումներ անելու անհրաժեշտություն կա թե ջրագծերի կառուցման, թե ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ: Տարածքը պիտի  ներդնողների համար հետաքրքիր դառնա:

 

2014 թվականին լավ նախադրյալներ են ստեղծվել, որպեսզի 2015-ին էլ ավելի գրավիչ լինի հողօգտագործողների համար:  Այս առումով քարոզչության պակաս կա: Հողօգտագործողներին եւ ներդնողներին 2015 թվականին էլ ավելի լավ պետք է ներկայացվի Արաքսի հովիտը: Ակնկալում եմ, որ ԼՂՀ նախագահի հորդորներն այս ուղղությամբ ավելի կակտիվացնեն <<Արաքսի հովիտ>> նախագիծը:

 

Արաքսի հովտում աշխատանքներն <<Արաքս>> ՓԲԸ-ի կողմից   շարունակվելու են նաև 2015-ին:  Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը  հիմնելու է նռան այգիներ եւ վաճառվելու է բոլոր նրանց, ովքեր ի վիճակի են որպես ներդնող հանդես գալու, բայց ի վիճակի չեն լինել հողօգտագործող:

 

Արաքսի հովտի ծրագրերի իրականացումը կառավարության կարեւորագույն ծրագրերից  է, եւ մենք անելու ենք ամեն ինչ, որ այն հասանելի լինի ողջ հայությանը:

 

Կարեւոր նախագծերից մեկն ազգային վիճակախաղի նախագիծն է, որը 2013 թվականի ծրագրի շարունակությունն է: Թյուրըմբռնում կա հասարակության մեջ, որ այդ վիճակախաղն ունի իրավիճակային նշանակություն: Ուզում եմ նշել, որ 2014 թվականը եզրափակելուց հետո հանդես ենք գալու նոր առաջարկություններով, մասնավորապես՝ այսօր մասնագետները քննարկում են հիփոթեկային վիճակախաղով հանդես գալու հարցը:

 

Մենք գտնում ենք, որ մեր հայրենակիցներին պետք է հնարավորություն եւ ռեսուրս տանք նոր նախաձեռնություններով հանդես գալու՝ կլինի  դա աշխատատեղերի ստեղծում, վերաբնակեցման աջակցության, թե այլ ծրագրեր:

 

Կարեւոր ձեռքբերումներից էր նաեւ էներգետիկ հնարավորությունների ընդլայնումը: ԼՂՀ կառավարությունը շարունակելու է այդ բնագավառում իր աշխատանքները: Մենք դեռ էլեկտրաէներգիայի սպառման մեծ պահանջարկ ունենք. այդ առումով ողջունելի է ցանկացած  նախաձեռնություն:

 

Անձնական կարեւոր նախաձեռնություններից մեկը, որ 2015 թվականին պետք է իրականութուն դառնա, շրջակայքը մաքրելու, մաքուր միջավայր ձեւավորելու հետ է կապված: Մենք դեռ չենք կարողանում ճիշտ սանմաքրում իրականացնել մեր համայնքներում: Այս առումով հանդես ենք եկել երկու թռիչքային ծրագրով: Նպատակ ունենք գյուղական համայնքներում  համայնքի ուժերով կազմակերպելու աղբահանման ծրագիր, եւ գյուղական համայնքի բնակիչներն իրենց մասնակցությունը ցուցաբերեն այդ աշխատանքներին: 2015 թվականի բյուջեում ներգրավվել է 9 գյուղերում սանմաքրում իրականացնելու վերաբերյալ ծախսային հոդված:

 

Համայնքների ղեկավարներից եւ բնակիչներից է  կախված՝ արդյո՞ք ունենալու է այդ ծրագիրը շարունակական բնույթ այլ շրջաններում, թե՞ ոչ:

 

-Գիտենք, որ բնակչության համար հատուկ ընդունելության օրեր եք նշանակել, եւ բնակիչները կարող են անձամբ իրենց մտահոգող հարցերը ներկայացնել ձեզ: Ի՞նչ հարցերով են հիմնականում դիմում բնակիչները:

 

-Փոխվարչապետ նշանակվելուց հետո նկատեցի, որ քաղաքացիները, տարբեր հարցերի հետ կապված, հաճախ են գալիս կառավարություն, նամակներով դիմում պաշտոնատար անձանց: Ինձ թվում է՝ մենք բաց ունենք այս առումով:  Այն, ինչ չեմ արել այս երկու տարիների ընթացում, այսինքն՝ կազմակերպված ընդունելություն, պետք է վերանայվի: Բոլոր այն մարդկանց խնդիրները, որ ներկայացվում են, անհրաժեշտ է խմբավորել, կանոնակարգել եւ ներկայացնել բոլոր պատասխաններն այնպես, որ քաղաքացին համոզված լինի, որ ինքը անտեսված չէ, որ կա փոխադարձ կապ պաշտոնատար անձի և իր միջև:

 

-Շատ է խոսվում սահմանադրական բարեփոխումների եւ այդ ենթատեքստում նաեւ երկրի կառավարման համակարգի փոփոխության մասին. ո՞րն է ձեր կարծիքն այդ հարցի վերաբերյալ:

 

-Նոր ստեղծվող պետությունները միշտ էլ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն են ունենում: Մեզ նման երկրներում, երբ արդեն Սահմանադրությունն իր լավ գործն արել է եւ արդեն զգացվում է, որ նոր սահամանդրական փոփոխությունները ուղղակի պայմանավորված են անհրաժեշտությամբ, պետք է ժամանակ առ ժամանակ   տեղի ունենան բարեփոխումներ, մանավանդ՝ եթե հասարակությունն ակտիվ է:

 

Վերջերս խոսվում է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ  կառավարման ուղղահայացի արդյունավետության եւ ոչ արդյունավետության  մասին: Դժվար է հստակ խոսք ասել, եթե ծանոթ ես աշխարհում տեղի ունեցող գործընթացներին, եթե գիտես պետություն, որտեղ  գործում է նախագահական լավ կառավարմանն ուղղահայաց: Խոսել ոչ արդյունավետության  մասին՝ կնշանակի թյուր անձնական կարծիք արտահայտել:  Ասել, որ միայն խորհրդարանական կառավարումն է ամենաընդունելի կառավարման ձեւը, նորից հարցականներ կառաջացնի մարդկանց մոտ:

 

Կառավարման բոլոր ձեւերն ընդունելի են, եթե համապատասխանում են այն խնդիրներին, մարտահրավերներին, որոնք ծառացած են տվյալ հասարակության առջեւ:  ՀՅԴ-ն, անկախության առաջին օրվանից սկսած,  բարձրաձայնել է, որ փոքր Հայաստանի համար ընդունելի է կառավարման խորհրդարանական ձեւը, որ իրականում ՀՀ-ի համար կիսանախագահական կառավարման ձեւն անընդունելի է: Ինչո՞ւ չէ, նաեւ լրիվ նախագահական ինստիտուցիոնալ ուղղահայացն ունի իր բացերը: Լավագույն տարբերակը խորհրդարանական կառավարման ձեւն է, երբ խորհրդարանում ընդգրկված պատգամավորներից յուրաքանչյուրն առանձին-առանձին պատասխանատվություն է ստանձնում երկրի կառավարման գործում: Այս ամենը գեղեցիկ է,  իրականանալի,  եթե այդ խորհրդարանը քաղաքական խորհրդարան է:

 

Եթե խոսենք Արցախի մասին, ապա այս առումով մենք չպետք է անմասն մնանք ՀՀ-ում ընթացող քննարկումներից, որովհետեւ ՀՅԴ յուրաքանչյուր նախաձեռնության հիմքում ընկած է միացյալ Հայաստան ունենալու նպատակը:

 

Սահմանադրական պահանջ է, որ 2015 թվականին Արցախը պետք է ունենա մասնագիտական խորհրդարան: Սա պետք է գիտակցի մեր հասարակությունը:

 

-2015 թվականը քաղաքական տարի է, առջեւում խորհրդարանական ընտրություններ են: Ի՞նչ ծրագրեր եւ ակնկալիքներ ունեք՝  որպես ՀՅԴ ԿԿ անդամ:

 

-Իրականում հարցը ճիշտ եք ձեւակերպում այն առումով, որ մինչեւ փոխվարչապետ նշանակվելն իմ գործունեությունը մի կողմից պայմանավորված էր որպես դաշնակցական, մյուս կողմից, մաս չկազմելով տեղի կառույցին,  մեծ առնչություն չեմ ունեցել կառույցի՝ ԿԿ խնդիրների կյանքի կոչմանը: Սակայն, ի պաշտոնե աշխատելով Արցախում, արդեն կամա թե ակամա գործում ես այդ ուղղահայացում: ԿԿ անդամ ընտրվելուց հետո կուսակցության գործունեության մեջ հստակ պարտականություններ եմ ստանձնել, որը եւ ուրախալի, եւ պատասխանատու գործ է:

 

Այն ոգին, որով ՀՅԴ Արցախի ԿԿ-ն  գործել է 1991 թվականին,  երբ Արցախը շրջափակված էր եւ ամբողջ պատասխանատվությունն ընկած էր Արցախի կառույցի  վրա, առանձնապես  չի փոխվել: Ժամանակներն անցել են, խնդիրները վերանայվել են, բայց ինչ առաքելությամբ ՀՅԴ-ն գործել է Արցախում, նույն առաքելությամբ պետք է շարունակի  գործել՝ համագործակցելով տեղի կուսակցությունների հետ, մասնակցելով համապետական նշանակության բոլոր քաղաքական միջոցառումներին, ԱԺ ձեւավորմանը:

 

Ժամանակին կես կատակ, կես լուրջ ասում էի՝ Արցախի հասարակությանը <<Ազատություն կամ մահը>> նորից մատուցելու անհրաժեշտություն կա: Արցախցիները <<Ազատություն կամ մահը>> հաճախ շփոթում են վաղը պատերազմ սկսելու ցանկության հետ: Այս առումով, ԿԿ անդամ լինելով, կրկին բարձրաձայնում եմ, որ ՀՅԴ-ն Արցախում է, որովհետեւ Արցախը դրա կարիքն ունեցել է եւ ունի: Մենք անելիքներ ունենք Արցախում, եւ մեր անելիքները մեր հասարակության ամենօրյա, երկարաժամկետ եւ համահայկական նշանակության խնդիրների լուծումն է:

 

-2015-ին ի՞նչ կմաղթեիք Արցախի հասարակությանը եւ Արցախին:

 

-2014 թվականը ծանր տարի էր, որովհետեւ հակառակորդը ժամանակ առ ժամանակ փորձում էր ահաբեկել մեր հասարակությանը: Փառք հայությանը, որ կարողացավ եւս մեկ անգամ ապացուցել, որ հաստատակամ է իր որոշումներում: Պետք է շնորհակալ լինենք իրարից եւ  մաղթենք, որ 2015 թվականին ունենանք կամք, կարողություն եւ համբերություն, որպեսզի Արցախը կարողանա դիմակայել ինչպես տակտիկական  նշանակության մարտահրավերներին, այնպես էլ շարունակի կառչած մնալ իր  հողին, որպեսզի միջազգային հանրությունը գիտակցի, որ արցախցին հաստատակամ է, որպեսզի մի օր տարածաշրջանում իշխի խաղաղությունը:

 

Ցանկանում եմ ընտանեկան երջանկություն յուրաքանչյուր արցախցու: Վստահ եմ՝ դա այն ամուր հենքն է, որ եղել է դարեր առաջ, հիմա և ընդմիշտ:

 

 

1