Աւարտուեց ՀՅԴ ԱՊՀ երկրների ուսանողական բանակումը
Գլխավոր » Երիտասարդական » Աւարտուեց ՀՅԴ ԱՊՀ երկրների ուսանողական բանակումը

Աւարտուեց ՀՅԴ ԱՊՀ երկրների ուսանողական բանակումը

2017 թ. Օգոստոսի 20-ին, Ծաղկաձորում աւարտուեց ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ կազմակերպուած ՀՅԴ ԱՊՀ երկրների ուսանողական առաջին բանակումը, որին մասնակցում էին 100 ուսանողներ տարբեր երկրներից։

Բանակումի ընդհանուր բնաբանն էր «Կազմակերպուածութիւնը ուժ է»։

Հնգօրեայ բանակումի ընթացքում մասնակիցներն առիթ ունեցան ծանօթանալ միմեանց հետ և տեղեկութիւններ ձեռք բերել մասնակից շրջանների ուսանողութեան խնդիրների վերաբերեալ։

Դասախօսութիւններով հանդէս եկան ընկերներ Հրանտ Մարգարեանը, Կիրօ Մանոյեանը, Հրաչ Թադէոսեանը, Սարգիս Մկրտչեանը, Լևոն Մկրտչեանը, Խաչատուր Ստեփանեանը, Արա Նռանեանը և Գեղամ Մանուկեանը։

Աշխատանոցների ճամփով մասնակիցները քննարկեցին դասախօսութիւններում արծարծուած մտքերը և ձևակերպեցին իրենց տեսակէտները, որը ներկայացրին բանակումի վերջին օրը։
Տեղի ունեցաւ արշաւ դէպի Կեչառիս եկեղեցի և մօտակայ սարի գագաթ։

«ԱՊՀ երկրների հայ ուսանողութեան առջև ծառացած խնդիրները և առաջարկներ հետագայ անելիքների վերաբերեալ» թեմայի կապակցութեամբ տեղի ունեցաւ մտքերի փոխանակութիւն, որի ընթացքում հնչեցին բազմաթիւ առաջարկներ։

Խարոյկահանդէսներն ու խրախճանքները նպաստեցին ուրախ մթնլորոտի ձևաւորմանը։ Բանակումն անցաւ ընկերական ջերմ մթնոլորտում։
ՀՅԴ ԱՊՀ երկրների ուսանողական առաջին բանակումի գնահատման օրակարգի ներքոյ մասնակիցները շեշտեցին նմանատիպ բանակումների կազմակերպման անհրաժեշտութիւնը, առաջարկելով, որ այն կրի շարունակական բնոյթ և ընդգրկի նոր շրջաններ։

Փակման խօսքով ելոյթ ունեցան մասնակից տարբեր շրջանների ներկայացուցիչներ, բանակումի ընդհանուր պատասխանատու ընկեր Խաչատուր Ստեփանեանը և ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու ընկեր Սարգիս Մկրտչեանը։

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակ
Երևան, Հայաստան
21 Օգոստոս, 2017 թ.

1