Արցախցի Դավիթը
Գլխավոր » հարցազրույց » Արցախցի Դավիթը

Արցախցի Դավիթը

Դավիթ Հակոբյանն այն եզակիներից է, ովքեր ի զորու են դիմակայել ճակատագրի ցանկացած փորձության: Ովքեր պարզապես որդեգրել են կյանքի մի պարզ բանաձեւ՝ ապրել,ապրել,ապրել…

 

Պատերազմը Դավիթից շատ բան խլեց, բայց շնորհեց ամենամեծ մարդկային կոչումը, որին ոչ բոլոր մահկանացուներն են արժանանում: Ու թեեւ այսօր նա գամված է հաշմանդամության սայլակին, սակայն շարունակում է իր հետ տանել իր հաղթանակն ու հերոսի  կոչումը:  Նա դրվատանքի, փառքի ու պարգեւների կարիք չունի: Նա արդեն ունի իր մեծագույն պարգեւը: Նրան ու  նրա նմաններին պարզապես պետք է հիշել…

 

Դավիթը սիրով համաձայնեց պատասխանել մեր հարցերին.

 

Ինչպես՞ ես , Դավիթ:

 

— Փառք Աստծո, լավ եմ:

 

Ինչո՞վ ես հիմա զբաղվում, ի՞նչ նախասիրություն ունես:

 

-Հիմա ամբողջ ժամանակս ու ներուժս ներդրել եմ սեփական տանս բարեկարգմանը:  Ուզածս  ձևով անընդհատ վերակառուցում եմ:

 

-Այսօր ովքե՞ր են քեզ շրջապատում:

 

-Ընտանիքս, ընկերներս, հարազատներս:

 

Գիտենք, որ 14 տարեկանից մասնակից ես դարձել Արցախյան շարժմանն ու ազատամարտին: Կուզենայինք ընթերցողին հիշեցնել այդ մասին: Կպատմե՞ս քո պատմությունը:

 

-Արցախյան շարժման սկզբին հարեւան Լեսնոյ գյուղից անընդհատ նեղում էին հայերին, հատկապես տուժում էր մեր գյուղը՝ Պատարան: Մենք ընկերներով, դեռեւս պատանի, որոշեցինք մեր հերթին թշնամուն վնաս պատճառել: Այդպես մեր փոքր խմբով, մեր ուժի սահմաններում, սկսեցինք  վնասել նրանց: Թշնամին կարծում էր, թե իրենց դեմ զինված ֆիդայիներ են կռվում, մինչդեռ 12-14 տարեկան պատանիներ էինք, լավագույն դեպքում՝ տնից գողացած որսորդական հրացաններով:

 

Սա տեւեց այնքան, մինչեւ ճարահատ ինձ էլ տվեցին մարտական զենք, եւ արդեն իսկական զինվորի պես անդամագրեցին կամավորական ջոկատի շարքերը: Իմ սերունդը մեծ հայրենասիրությամբ էր լցված, վրեժի մասին էինք մտածում, վախ չունեինք ընդհանրապես:

 

Տատս միշտ պատմում էր թուրքերի գազանությունների մասին, ու ինձ թվում էր, որ իսկական պահն է  ազգիս վրեժը լուծելու համար: Այդ պատճառով միշտ ամենաթեժ մարտերում եմ եղել, յուրաքանչյուր հանձնարարություն կատարել եմ՝ չմտածելով, թե ինչ կարող էր պատահել ինձ հետ: Հատկապես մարտական ոգի էին հաղորդում ազգային- հայրենասիրական երգերը, որնցով ապրում եմ նաեւ այսօր:

 

Գլխավորապես ի՞նչը խթան հանդիսացավ այդքան վաղ տարիքում քո մասնակցությանը պատերազմին:

 

-Տատիս պատմածները, մեր ազգի հանդեպ կատարված անարդարությունը: Տատս պատմում էր, թե ինչպիսի դաժանությամբ են թուրքերը հաշվեհարդար տեսել հայ մանուկների, աղջիկների, կանանց նկատմամբ: Այդ պատմությունները վառ տպավորվել էին իմ մեջ: Կարծում եմ՝ մանկուց արդեն կանխորոշված էր  անելիքս, այն է՝ հատուցում:

 

— Ի՞նչ ես կարծում, այսօրվա  երիտասարդն ունի այն ոգին, որ ուներ  քո ժամանակվա երիտասարդությունը:

 

-Իհարկե, մենք ոգու ազգ ենք: Այսօրվա երիտասարդները, եթե պետք լինի, մեզանից էլ լավ են կռվելու, որովհետեւ հիմա նրանք ազատ, անկախ պետության երիտասարդներ են, զինվորական ծառայություն են անցնում, տիրապետում են զենքին:

 

Իմ սերունդը զենքին տիրապետել է ռազմի դաշտում: Հիմա հաճախակի հանդիպում եմ զինվորների, դպրոցականների հետ, եւ անչափ հպարտանում եմ՝ տեսնելով նրանց պատրաստակամությունը, հետաքրքրությունն ապագայի հանդեպ:

 

-Ի՞նչ կուզեիր փոխել այսօրվա իմ ու քո հայրենիքում:

— Հիմա դժվար ժամանակներ են բոլորի համար: Կարծում եմ՝ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել սերնդի դաստիարակությանը: Արժանի քաղաքացիներ պետք է ունենանք մեր երկրի ապահովության համար:  

 

Ինչո՞վ ես ավելի շատ ոգեւորվում:

Հայոց  բանակի հաջողություններով:

 

-Կյանքի քո կարգախոսը:

 

-Ես սովորել եմ դժվարություններին ի պատասխան ծիծաղել, դրա շնորհիվ էլ ստացել եմ լիարժեք կյանքի պսակը:

                              

-Ո՞րն ես համարում քո մեծագույն ձեռքբերումը:

 

-Հաղթանակը՝  կյանքի բոլոր ոլորտներում, ռազմի դաշտից մինչև իմ ընտանիքը: Աստծո կամոք դեռ հաղթանակներ էլի կնշեմ:

 

Կա՞ մի բան, որ կուզեիր փոխանցել կամ պատգամել ընթերցողին:

 

-Լինում են պահեր, երբ պետք է համարձակվես, հանդգնես, իրավիճակի թելադրողը լինես: Երբեք անտարբեր մի եղեք, հաջողությունը ծնվում է միասնությունից, սիրուց: Կյանքը հիասքանչ է, ապրեք ամեն օրը բարի ու օրինակելի գործեր կատարելով: 

 

 

Հարցազրույցը՝ Հերմինե ԱՎԱԳՅԱՆԻ

1