Պատանեկան ճամբարներ Արցախում
Գլխավոր » Լրահոս » Պատանեկան ճամբարներ Արցախում

Պատանեկան ճամբարներ Արցախում

Արդեն 8 տարի է, ինչ Արցախի պատանիների մի զգալի մասի ամառային հանգստի անբաժան մասն են կազմում տարբեր երկրների ՀՅԴ երիտասարդական միությունների կողմից Արցախում կազմակերպվող պատանեկան ճամբարները: Այն տևում է երկու շաբաթ և նախատեսված է 10-16 տարեկան պատանիների համար:

Բացառություն չէր նաև այս տարին: 2018թ. Արցախում կազմակերպվող ՀՅԴ պատանեկան ճամբարների ընթացքի և արդյունքների մասին է «Ապառաժ»-ի հարցազրույցը ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ճամբարների գծով պատասխանատու Վահագն Դադայանի հետ:

— ՀՅԴ երիտասարդական կառույցների կազմակերպմամբ Ստեփանակերտում միաժամանակ երկու ճամբարներ են մեկնարկել: Հնարավո՞ր չէր արդյոք դրանցից մեկն այլ վայրում կազմակերպել:

— Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան հ. 2 և Հայկ Բալասանյանի անվան հ. 5 դպրոցներում կայացած ճամբարներին մասնակցել է շուրջ 350 պատանի: Նախատեսված է եղել ճամբարներից մեկն անցկացնել Շուշի քաղաքում, բայց չի հաջողվել, քանի որ տեղի վարչական ղեկավարությունը չի տրամադրել մեր առաջարկած դպրոցի շենքը՝ պատճառաբանելով, որ այդ շենքը արտադպրոցական որևէ միջոցառման համար չի օգտագործվում: Առաջարկել են մեկ այլ դպրոց, որն ընդհանրապես պիտանի չէր ճամբարի անցկացման համար: Դրա համար ստիպված էինք Ավստրալիայի երիտասարդական միության նախաձեռնած ճամբարը տեղափոխվել Ստեփանակերտի հ. 5 դպրոց: Եվ ստացվեց, որ երկու ճամբարներն էլ Ստեփանակերտում ընթացան:

Ստեփանակերտի հ. 2 դպրոցում նույն ժամանակաշրջանում կազմակերպված ճամբարը նախաձեռնել է ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան շրջանի երիտասարդական միությունը, աշխատանքներին օժանդակել է Արցախի երիտասարդական միությունը:

Բացի վերոնշյալից, Ասկերանում շուրջ 150 պատանի մասնակցել է ՀՅԴ Զավարյան Ուսանողական միության կազմակերպած ճամբարին: ՀՅԴ ԶՈՄ-ի օրակարգը տարբերվում է մնացած ճամբարների օրակարգից. երկրորդ շաբաթվա ծրագրին կարող են մասնակցել միայն ՀՅԴ պատանեկան միության անդամները: ՀՅԴ Արցախի պատանեկան միության վարիչներն աշխատանք են տանում, օժանդակում նախապես ճշտված ծրագրին:

Հուլիսի 30-ից սկսվել է ՀՅԴ Ֆրանսիայի երիտասարդական միության և ՀՅԴ ԱԵՄ-ի կազմակերպած ճամբարը Մարտունի քաղաքում: Այն ևս տևելու է երկու շաբաթ, մասնակցում են 150-ից ավելի պատանիներ:

Առաջին նման ճամբարը կազմակերպվել է 2010թ.՝ ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան շրջանի նախաձեռնությամբ, միանգամից երկու քաղաքներում՝ Ստեփանակերտում և Շուշիում: Հետո աշխարհագրությունն ընդլայնվել է՝ ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միություն, ՀՅԴ Զավարյան ուսանողական միություն, ՀՅԴ ԱՄՆ Արևելյան շրջան, ՀՅԴ Ֆրանսիայի Նոր սերունդ, ՀՅԴ Հոլանդիայի երիտասարդական միություն: Ավստրալիայի երիտասարդական միությունն այս տարի առաջին անգամ է առանձին ճամբար կազմակերպում:

— Ըստ Ձեզ՝ ինչո՞վ են ՀՅԴ պատանեկան ճամբարները տարբերվում Արցախում կազմակերպվող ճամբարներից, և արդյո՞ք ճամբարները ծառայում են իրենց նպատակին:

— ՀՅԴ պատանեկան ճամբարների նպատակներն են՝ կազմակերպել ամառային ազատ ժամանց, արտադպրոցական կրթական ծրագրի շուրջ համախմբել երեխաներին, նրանց հայեցի և ճիշտ դաստիարակել, նաև՝ լեզուների, հայ ժողովրդի և Դաշնակցության պատմության ուսուցում ու հիգիենայի, առաջին բուժօգնության, տեղանքում կողմնորոշվելու և այլ թեմաներով դասախոսություններ: Կարևոր նպատակներից է նաև սփյուռքյան գաղթօջախների հայրենակիցների հետ տեղացի երեխաների անմիջական շփումը:

ՀՅԴ ճամբարը մի քիչ տարբերվում է այստեղ անցկացվող ճամբարներից: Սփյուռքահայ վարիչներն ավելի շատ են կոնտակտի մեջ մտնում երեխաների հետ և նրանց գործելաոճը տարբերվում է դպրոցի ուսուցիչների գործելաոճից: Նրանք պատանիներին դիտարկում են վարիչի հետ հավասար հարթության վրա: Դա աշակերտների համար նորամուծություն է, որի շնորհիվ առօրյան առավել գրավիչ է դառնում, երեխաներն ավելի ազատ են շփվում վարիչների հետ: Տարեցտարի մեծանում է Արցախում ճամբարների թիվը: Խոսքը ոչ միայն Դաշնակցության, այլ տարբեր ՀԿ-ների կողմից կազմակերպվող ճամբարների մասին է, որը ողջունելի է: Առաջին տարիներին նման ճամբարը նորություն էր Արցախի համար: Հիմա և՛ մեր աշխարհագրությունն է ընդլայնվել, և՛ տեղի կառույցներն են ձեռնամուխ լինում ճամբարների կազմակերպմանը:

— Իսկ ինչպե՞ս է կազմվում ճամբարի ծրագիրը, ի՞նչ նորամուծություններ կային այս տարի:

— Ամեն տարի ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի նախաձեռնությամբ պատանեկան կամ երիտասարդական միությունների համահայկական խորհրդաժողով է կայանում, որի ընթացքում նաև ճամբարների ձեռնարկի բովանդակությունն է որոշվում: Այն յուրաքանչուր տարի որոշակի փոփոխության է ենթարկվում: Փոփոխության է ընթարկվում նաև ծրագիրը, թարմացվում են մարզական և ուսուցողական խաղերը:

— Արդյո՞ք ծրագրում եք Արցախի կառույցի կողմից Սփյուռքի որևէ վայրում ճամբար կազմակերպել:

— Ընդհանրապես այդպիսի գաղափար կա, բայց ֆինանսական միջոցների, հնարավորությունների խնդիր կա: Այդպիսի ճամբարը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման լավագույն օղակներից մեկը կլինի, որի ընթացքում հայրենիքում ապրող երիտասարդներն էլ իրենց փորձառությունը կարող են փոխանցել Սփյուռքի մեր հայրենակիցներին:

Տաթեւիկ Աղաջանյան

1