Արցախյան շարժման նվաճումները՝ համամարդկային արժեքներ
Փետրվարի 20-ը նշվում է՝ որպես Արցախի վերածննդի օր: Անշուշտ, փետրվարի 20-ը մեծ նշանակություն ունի՝ որպես Արցախյան ազատագրական պատմության սկզբնական փուլի հաստատման օր: Այդ պահից հայ ժողովրդի համար կենսական դարձավ մի խնդիր, որը շարունակում է մնալ հայկական պետականության եւ ազգային գաղափարախոսության օրակարգի առաջին կետերից մեկը:
Այսօր համայն հայությունն ապրում է փետրվարի 20-ից սկիզբ առած սկզբունքներով: Շարժումն իմաստավորող սերունդը կարողացավ կոտրել կարծրատիպեր եւ պայքարի շունչ հաղորդել՝ օրվա հրամայականից ելնելով: Իսկ հաջորդ սերունդները պարտավոր են վերաիմաստավորել իմաստները ժամանակի շունչ հաղորդելով նրանց: Ահա թե որտեղ է կայանում նախկին սերունդների ավանդներին տեր կանգնելու գաղտնիքը: Նոր սերունդը, եթե ուզում է զգալ իր կենդանի կապը անցյալի հետ եւ կերտել ապագան, պարտավոր է ժառանգություն ստացած ազգային արժեքների շղթան չընդհատել: Իսկ այն չընդհատելու համար՝ պարտավոր է միեւնույն ժամանակ լինել թե՛ ժամանակակից եւ թե՛ կրել անցյալի բեռը:
1988-ի սերունդը մեզ ավանդել է Արցախյան հիմնախնդրի լուծման պարտավորությունը: Այդ սերունդն իր կարողություններն ու հնարավորությունները գերազանցելով՝ շատ ավելին է արել իր ազգի եւ հայրենիքի հանդեպ պարտքի կատարումից, եւ այդ ավելին հանձնվել է մեր սերնդին: Դա հենց այն բեռն է, որը պարտավոր ենք կրել մենք եւ, հաղթահարելով մեզ վստահված ծանրաձողի բեռը, նվաճենք մի նշաձող, որը կմնա հավերժ արժեք թե՛ ազգային եւ թե՛ համամարդկային առումով:
Եթե 88-ից սկսած Արցախյան շարժումը պոռթկում էր մեր դարավոր ոսոխի՝ թուրքի ցեղասպանությունը կանխելու եւ Մայր հայրենիքին միանալու համար, համամարդկային իմաստով այն ձգտում էր դեպի սեփական իրավունքների պաշտպանություն՝ հանուն ազատության եւ ազգային արժանապատվության: Դրանք համամարդկային արժեքներ են, եւ այդ ուղղությամբ պայքարը, ուզենք թե չուզենք, համաշխարհային պատմության էջերում նշվելու է՝ որպես համամարդկային արժեքների ուղղությամբ տարվող պայքարի փայլուն օրինակ:
Իսկ երբ Արցախյան ազատագրական պայքարը այդ դիտանկյունից վերծանվի, պարզ կդառնա, որ մեր ունեցած նվաճումների բեռը մեր պատկերացումներից շատ ավելին է: Արցախյան պայքարի ժառանգությունը իր մեջ համամարդկային լիցք է պարունակում, իսկ այդ առումով մեզ թելադրում է առավել պարտավորվածություն:
1988-ի փետրվարի 20-ի սերունդը պատվով կատարել է իր պարտքը…
«Ապառաժ»-ի խմբագրական, 1 մարտի, 2019թ.