«Արցախի միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է». Մասիս Մայիլյան
Գլխավոր » Լրահոս » «Արցախի միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է». Մասիս Մայիլյան

«Արցախի միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է». Մասիս Մայիլյան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հարցազրույց է տվել «Ազատ Արցախ» հանրապետական թերթին:

— Պարոն Մայիլյան, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումների և հատկապես Հայաստանից ԱՄՆ հեռացող դեսպանի աղմկահարույց հայտարարության ֆոնին Դուք վերստին հստակեցրիք ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում ԱՀ-ի դիրքորոշումը՝ հայտարարելով, որ Մադրիդյան սկզբունքները վաղուց արդեն հնացած են և չեն կարող հիմք ծառայել բանակցային գործընթացի համար։ Նաև կարևորեցիք միջնորդների հետ աշխատանքն այնպիսի հունով, որ նրանք կարգավորման համար հնացած մոտեցումներ չօգտագործեն։ Կուզենայինք իմանալ՝ արդյո՞ք հնարավորություն եք ունեցել այս տեսակետը փոխանցել միջնորդներն։

— ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ կայացած հանդիպման ժամանակ մենք հայտնել ենք մեր դիրքորոշումը՝ Արցախի լիարժեք մասնակցությամբ բանակցային գործընթացի եռակողմ ձևաչափի վերականգնման և բանակցային գործընթացի հետ կապված որոշ մոտեցումների վերանայման անհրաժեշտության վերաբերյալ։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում ընդգծել ենք, որ մեր դիրքորոշումը բխում է կարգավորման գործընթացի առաջմղման շահերից, ինչը թույլ կտա նոր ազդակ հաղորդել բանակցություններին։

Ինչ վերաբերում է ամերիկացի դիվանագետ Ռիչարդ Միլսի հայտարարությանը, հարկ եմ համարում նշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային բնույթ չի կրում։ Եվ պատահական չէ, որ նույն Միլսի դիտարկմամբ՝ հայ հասարակությունը չի ընդունում որևէ հեռանկար՝ կապված տարածքային զիջումների հետ։

Տարիներ շարունակ հնարավորություն եմ ունեցել տարբեր միջազգային փորձագիտական և դիվանագիտական շրջանակներին ներկայացնել, թե ինչու այս հակամարտությունը տարածքային վեճ չէ։ Մասնավորապես, հարցը նրանում է, որ երբ 1988թ. սկսվեց հակամարտության նոր փուլը, նախկին ԼՂԻՄ-ի շուրջ գտնվող տարածքները, անգամ ԼՂԻՄ-ի կազմում գտնվող շրջաններից մեկն ադրբեջանցիների վերահսկողության տակ էին։ Այսինքն, չնայած այդ տարածքները վերահսկում էին ադրբեջանցիները, այնուամենայնիվ, հակամարտություն կար։ Հետևաբար, անտրամաբանական է կարծել, որ Արցախի կողմից տարածքային զիջումների պարագայում հնարավոր է հասնել հակամարտության կարգավորմանը։

Այս ամենը վկայում է այն մասին, որ հիմնախնդրի լուծման հնարավորությունների որոնումը տարածքային զիջումների հիման վրա անհեռանկարային է և չի արտացոլում հակամարտության էությունը։

Ինչպես բազմիցս նշել է Արցախի Հանրապետության Նախագահը՝ կարգավորման առանցքում պետք է լինի Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքը։

— Պաշտոնական Ստեփանակերտը միջազգային հանրությանը ներկայանում է անփոփոխ դիրքորոշմամբ, այն է՝ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնում և Արցախի մասնակցությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերին։ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Երևանում հնչեցրած այն հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ-ում դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ն. Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, ուժեղ մանդատ կունենա, ինչը թույլ կտա վճռական քայլեր ձեռնարկել որոշ ուղղություններում, ներառյալ ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք նախագահի խորհրդականի հայտարարությունը։

— Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները կարգավորման շուրջ հստակ են։ Արցախի Հանրապետության իշխանությունները տարիներ շարունակ հետևողականորեն ընդգծել են բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը՝ դրանց բոլոր փուլերին Արցախի Հանրապետության ուղղակի և լիիրավ մասնակցությամբ, ինչն առանցքային է խաղաղ կարգավորումն առաջ մղելու և գործընթացում արդյունավետություն ապահովելու համար։ Կարգավորումն, իր հերթին, պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչման վրա։ Այս առումով հարկ եմ համարում վերահաստատել Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ դե յուրե ստանձնել տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման համար պատասխանատվության իրենց բաժինը։

Բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադարձի անհրաժեշտության մասին հայտնել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ինչը նաև ամրագրված է ՀՀ կառավարության ծրագրում։

Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով Ջոն Բոլթոնի սպասումներին, ապա դրանք, տարբեր պատճառներով պայմանավորված, անիրական են։

— Մեր հարևան և բարեկամ երկրի՝ Իրանի հետ հայկական երկու պետությունների հարաբերությունները մշտապես հավասարակշռված են եղել։ Իրանի նկատմամբ կիրառվող արևմտյան պատժամիջոցների համատեքստում հարավկովկասյան հանրապետությունների դիրքորոշումները կարող են տարբեր լինել՝ այդ երկրի հետ հետագա հարաբերությունները կառուցելու առումով։ Հնարավո՞ր է, արդյոք, Իրանի նկատմամբ Արցախի դիրքորոշման փոփոխություն։

— Մենք բազմիցս ենք հայտնել մեր դիրքորոշումը Իրանի հետ բարիդրացիական երկկողմ հարաբերությունների հաստատման պատրաստակամության վերաբերյալ։ Նաև հաշվի առնելով, որ մենք Իրանի հետ ունենք ընդհանուր՝ 138 կմ ձգվող սահման, հուսով ենք, որ ԱՄՆ-Իրան հակասությունները խաղաղ հանգուցալուծում կունենան, և Իրանի շուրջ զարգացումները բացասաբար չեն անդրադառնա հայկական պետությունների վրա։

— Ձեր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և մասնավորապես Բաքվի կողմից հակամարտության կարգավորման բացառապես խաղաղ հունին վերադառնալու կոչերի անտեսման փաստին, շեշտել եք այն միտքը, որ անհրաժեշտ են Ադրբեջանին զսպելու նոր միջազգային քաղաքական և դիվանագիտական միջոցներ, ինչը կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունը։ Այդ առնչությամբ ի՞նչ կասեք։

— Ներկայումս մենք մեր անվտանգությունն ապահովում ենք հիմնականում ռազմական միջոցներով, որը դասվում է «կոշտ ուժի» տարրերի շարքին։ Սակայն համոզված ենք, որ անվտանգության աստիճանի բարձրացման նպատակով անհրաժեշտ է նաև «փափուկ ուժի» տարրերի, մասնավորապես՝ Ադրբեջանի նկատմամբ զսպման քաղաքական-դիվանագիտական միջոցների կիրառում, ներառյալ՝ Արցախի անկախության միջազգային ճանաչմանն ուղղված քայլեր: Արցախի միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է, որը կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունն ու տարածաշրջանային անվտանգությունը:

1