Արցախի հարցը մեր դատի ընդամենը մեկ հանգրվանն է` սկիզբը. Արտաշես Մխիթարյան
«Արցախի հարցը մեր դատի ընդամենը մեկ հանգրվանն է` սկիզբը: Մեզ բախտ է վիճակվել մասնակցելու արցախյան տարածքների ազատագրմանը, և մենք չպետք է երբեք կանգ առնենք Արցախով, մենք դեռ կորցրած հայրենիք ունենք…». Yerkir.am-ի զրուցակիցն է գնդապետ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի պատասխանատու Արտաշես Մխիթարյանը:
— Ընկեր Արտաշես, պատերազմական վիճակում գտնվող երկրում, ըստ Ձեզ, զենքերը պե՞տք է ժանգոտվեն:
— Ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում մեզ թույլ չի տալիս զենքերը պահեստ ուղարկել, որ ժանգոտվեն: Ընդհակառակը, մեր պահեստում եղած զենքերը պետք է դուրս հանենք, յուղենք, պատրաստենք և պատրաստ լինենք վերահաս պատերազմին: Ինձ համար առավել քան տարօրինակ է որոշ մարդկանց կողմից հնչեցված հայտարարությունները, որոնք հավասարեցնում են հայ և թշնամու զինվորին: Հայ զինվորը պաշտպանում է իր հայրենիքը, իր ընտանիքի արժանապատվությունը, իր երկրի անվտանգությունը, իսկ մեր թշնամին ընդամենը ոտնձգություններ է կատարում, ինքն է նախահարձակ լինում, և չեմ կարծում, որ այդ համեմատությունը ճիշտ գնահատական է: Համոզված եմ, որ մեր` պատերազմին պատրաստ լինելը կանխարգելիչ ավելի մեծ նշանակություն կունենա հակառակորդի համար, քան զենքերը պահեստ ուղարկելը:
— Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեից վերադառնալուց հետո հայտարարեց, որ երկկողմ համաձայնություն է ձեռք բերվել սահմանին լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ: Ըստ Ձեզ` փոփոխություններ կարե՞լի է ակնկալել այս հանդիպումից:
— Ինչ էլ հիմա ասեմ, ասելու եմ զինվորականի տեսանկյունից: Վարչապետի հայտարարությունից հետո անգամ մենք սահմանին զոհեր ենք ունեցել, և այդ պայմանավորվածություններից հետո ինչ-որ դրական փոփոխություններ ես` անձամբ, չեմ սպասում: Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի:
— Իսկ մենք պատրա՞ստ ենք պատերազմի:
— Մեր պաշտպանության բանակի մարտունակությունը տեսնելով` կասեմ` այո:
— Արդյո՞ք միայն դա բավարար է:
— Դա քիչ չէ: Իսկ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, իմ կարծիքով, համենայն դեպս, բոլոր ժամանակներում է այդպես եղել, չի կարող ազդել ՊԲ-ի, հայկական բանակի մարտունակության վրա: Համոզված եմ նաև, որ ակտիվ մարտական գործողությունների վերսկսման դեպքում մենք էլի կլինենք միասնական` թշնամուն դիմակայելու, նրան հետ շպրտելու, մեր պետության անվտանգությունն ապահովելու համար:
Տեխնիկական վերահսկողության համար Ալիևը հանձնարարականներ է տվել, դա այդպես էլ պետք է լիներ: Մենք մեր առաջնագծի տեխնիկական հագեցվածությունը տեսադիտարկում, կատարելագործում ենք, նրանք էլ պիտի այդպես անեն: Բայց ասեմ` եթե Ադրբեջանը համոզված լիներ, որ 2-3 օրում կկարողանա, այսպես ասած, մեր հարցերը լուծել, ոչ մի պայմանավորվածություն էլ հաշվի չէր առնի, կհարձակվեր, բայց այդ հնարավորությունը նա չունի: Այդ ամենը նախ և առաջ հաշվարկ է, սառը հաշվարկ` արդյո՞ք ինքը կկարողանա 1-2 օրվա ընթացքում մեր պաշտպանության գիծը ճեղքել, հետո դուրս գալ Ստեփանակերտ կամ Գորիս, թե՞ ոչ: Երբ վստահ լինի, որ կկարողանա դա անել, կհարձակվի:
— Քառօրյա պատերզամի ժամանակ Ադրբեջանը վստա՞հ էր դրանում:
— Փորձեց: Գիտե՞ք, սովորաբար մարտավարությունն այսպիսին է` երկու տարբեր տեղեր հարվածում են, դու քո ուժերը երկու կողմի վրա ուղարկում ես, ինքը կենտրոնից հարձակվում է, բայց Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանն ընկավ իր լարած թակարդը: Մենք մեր ուժերը չուղարկեցինք հյուսիս-հարավ, այլ պահեցինք իրենց տեղում, և նրանց առաջխաղացման փորձը մեր հրետանավորների կրակով կասեցվեց: Նույնիսկ չհասցրեցին հարձակման համար նախատեսված ուժերին գրոհի անցման տարածքից դուրս բերել: Մենք մինչև նրանց ծավալումը խաթարեցինք հարձակման բոլոր փորձերը:
— Օրերս Բաքվում իշխանությունների թույլտվությամբ հանրահավաք է տեղի ունեցել` Արցախում ռազմական գործողություններ սկսելու պահանջով: Եթե մինչ օրս խոսում էին իբրև թե գրավյալ տարածքների մասին, այժմ կարծես փոխել են իրենց մարտավարությունը` ավելին են ուզում, ի՞նչ կասեք:
— Իմ կարծիքով` իրենք շատն են ուզում, որ մենք քչով բավարարվենք:
Ես` ոչ միայն որպես զինվորական, այլև որպես դաշնակցական, այդ ամբողջ պատերազմով անցած ու բանականաշինությանը մասնակից, կարող եմ ասել, որ մենք դեռ նպատակներ ունենք, ազատագրելիք հողեր ունենք և միայն Արցախով ու ազատագրված տարածքներով չպետք է բավարարվենք: Մեր բոլոր հնարավորություններով մենք պետք է ձգտենք առավելագույնին: Ամենակարևորը` պետք է խոսենք ոչ թե զիջումների, այլ մի բան էլ ավելի` մեր գրավյալ հողերը հետ բերելու լեզվով: Մարտակերտի շրջանում նրանց կողմից զավթված տարածքներ ունենք, Շահումյանի շրջան ունենք, Նախիջևան ունենք, ի վերջո, Միացյալ Հայաստանի կերտման նպատակ ունենք… Նույնիսկ Արցախի անկախության ճանաչման դեպքում մենք զիջումների մասին չպետք է խոսենք, որովհետև այդ ազատագրված տարածքները շաղախված են մեր ընկերների, մեր հարազատների արյունով, և արյունով ազատագրված տարածքները բանակցություններով չեն վերադարձվում:
— Իսկ պատերազմո՞վ:
— Թող փորձեն, բայց բանակցություններով հող վերադարձնելը` նշանակում է դավաճանել մեր ընկերների հիշատակին: Այդ վեց-յոթ հազար, հրադադարից հետո էլ մի քանի հազար ևս` 18-20 տարեկան երեխեքի հիշատակն անպատվել է նշանակում: Այն երեխաների հիշատակը, որոնց արյունով ներկված են ազատագրված տարածքները:
— Դուք Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից եք եղել, այդ ժամանակ կանայք մասնակցել են պատերազմին, բայց ներկայումս, կարծես, նվազել է մեր ներգրավվածությունը պատերազմական պատրաստվածությանը: Աստված մի արասցե, պատերազմի ժամանակ կանանց դերը ո՞րը պետք է լինի:
— Կանանց, ովքեր հնարավորություններ ունեն զինվորական պատրաստության մեջ ներգրավվելու, անհրաժեշտության դեպքում զենք վերցնելը ճիշտ եմ գտնում, անգամ` խրախուսում եմ: Բայց քանի որ ես նախ հայ եմ, հետո նոր` զինվորական, իմ կարծիքով, հայ կնոջ տեղը մարտի դաշտում չէ, ու կանայք զենքին պետք է սովորեն միայն ու միայն այն բանի համար, որ մեր չլինելու դեպքում կարողանան ընտանիք պաշտպանել: Պատերազմը կանացի դեմք չունի, այն շատ դաժան է: Կանայք պետք է նոր սերունդներ դաստիարակեն, այլ ոչ թե պատերազմեն: Պատերազմի դաժանությունը տեսնելով եմ սա ասում, այլ ոչ թե կանանց չվստահելու պատճառով:
Ինչ վերաբերում է բոլորիս` մեր հիմանական նպատակը պետք է լինի պաշտպանել ձեռք բերածը, այն փոխանցել գալիք սերունդներին և նրանց մեջ սերմանել ոչ թե բաժակաճառային հայրենասիրություն, այլ իսկական հայրենասիություն, որպեսզի հայրենիքը ոչ թե նրանց լեզվի ծայրին լինի, այլ հոգու մեջ: Միայն այդպես կկարողանանք շարունակել մեր կիսատ թողածը:
Զրուցեց Արազ Գայմագամյանը