Արցախի դարպասապահ հարավում մարզադաշտ է բացվել
Արցախի հարավում գտնվող Առաջամուղ գյուղի հիմնադրման եւ շենացման գործին լծված ԱՄՆ արեւելյան շրջանի «Արցախֆոնդ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ եւ բարերարներ Արա եւ Հայկուհի Մելքոնյանների հովանավորությամբ Հադրութի շրջանի Առաջամուղ համայնքում կառուցվել է մարզադաշտ՝ ի հիշատակ բարերարների դուստր Մարալ Մելքոնյան-Ավետիսյանի:
Մարզադաշտի բացման արարողությունը տեղի է ունեցել երեկ՝ հունիսի 7-ին՝ ՀՅԴ Արեւելյան Ամերիկայի ԿԿ ներկայացուցչի, «Արցախֆոնդ» բարեգործական հիմնադրամի Արցախի մասնաճյուղի տնօրենի, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամների, Հադրութի շրջվարչակազմի աշխատակիցների, ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի ու ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարությունների ներկայացուցիչների ու առաջամուղցիների մասնակցությամբ:
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՅԴ «Ապառաժ»-ի շրջանի ԿԿ-ի անդամ Կամո Բարսեղյանը եւ շնորհակալություն հայտնել «Արցախֆոնդ» բարեգործական հիմնադրամի տնօրինությանն ու բարերաներին՝ Արցախի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածքում Առաջամուղ գյուղը հիմնելու եւ շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:
«Առաջամուղում ապրում են շատ հայրենասեր մարդիկ, որոնք գիտակցում են՝ «հողը նրանն է, ով այդ հողի վրա է ապրում» սկզբունքը: Իսկ պատմական հայրենիքը շենացնող մարդիկ պետք է հոգեբանորեն եւ ֆիզիկապես լիարժեք լինեն: Բացելով այս մարզադաշտը՝ մեծ գործ ենք անում մատաղ սերնդի դաստիրակության գործում»,- ասել է Բարսեղյանը:
ՀՅԴ Արեւելյան Ամերիկայի ԿԿ ներկայացուցչ Հովսեփ Ավագյանն իր խոսքում նշել է, որ նման բարեգործական ծրագրերի շնորհիվ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները մասնակիցն են դառնում ազատագրված Արցախի շենացման ու զարգացման գործին:
«Սահմանամերձ գյուղերը հանդիսանում են Արցախի դարպասները, որոնք պետք է մշտապես պահել ուշադրության կենտրոնում: Նմանօրինակ ծրագրերով փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի սահմանամերձ համայնքների երեխաները կարողանան լիարժեք վայելել իրենց մանկությունը »,- ասել է Ավագյանը:
Հադրութի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Նվեր Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ Դիզակ աշխարհը միշտ էլ աչքի է ընկել իր մարզական ձեռքբերումներով՝ ամենատարբեր մրցումներում բարձր պահելով թե´ շրջանի, թե´ հանրապետության մարզական պատիվը. «Առաջամուղում կառուցված այս մարզադաշտը մարզական նորանոր նվաճումների հայտ է ներկայացնում, եւ, վստահությամբ կարող եմ ասել, որ համայնքային այս աջակցությունն կծառայի այս նպատակին»,- ասել է Գրիգորյանը:
Մարզադաշտի բացման արարողությանը ներկա բարերար Արա Մելքոնյանի քույրը՝ Սեդա Մելքոնյան-Մանգասարյանն իր խոսքում ասել է, որ բարերարներին Արցախ, Առաջամուղ են բերել 4 տարի առաջ կյանքից վաղաժամ հեռացած Մարալի կիսատ մնացած երազանքները:
«Մարալի ծնողները որոշել են իրականացնել դստեր երազանքները՝ օգնել սահմանամերձ գյուղերի բնակիչներին: Մարզադաշտ կառուցելով՝ Մարալի ընտանիքը փորձել է օգտակար լինել Արցախում ապրող պատանիներին՝ նրանց մոտ մասսայական դարձնելով սպորտը»,- ասել է Սեդա Մելքոնյան-Մանգասարյանը:
Արա եւ Հայկուհի Մելքոնյաններին Արցախ բերած դստեր կիսատ մնացած երազանքներն այլեւս իրողություն են: Իրողություն են նաեւ ազատագրված եւ խաղաղ Արցախի հարավում ապրող պատանիների երազանքները, ովքեր հայրենիքի դարպասապահները լինելով հանդերձ երազում էին մարզադաշտ եւ դարպասներ ունենալ՝ ոչ թե պաշտպանելու, այլ գոլերի հեղինակներ դառնալու համար: