Արցախի ազատագրումով արվեց առաջին քայլը դեպի Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստան
Զարմանալի է, բայց փաստ՝ պատերազմի մասնակիցների մեծամասնությունը չի սիրում խոսել այդ տարիների, պատերազմի հուշերի մասին: Նրանք խուսափում են իրադարձությունները հանգամանալից ներկայացնելուց, շատ դեպքերում «մոռանում» կարևորագույն գործողությունների մանրամասները: Նման մարդիկ կատարում են իրենց գործը, իրենց առջև դրված առաջադրանքները՝ առանց այդ մասին բարձրաձայնելու և առանց որևէ փոխհատուցման ակնկալիքի: Նկարագրված տեսակին է պատկանում Սամվել Մնացականյանը:
Ծնվել է 1963թ. նոյեմբերի 22-ին Սարդարաշեն գյուղում: Նորագյուղ գյուղի ներկայիս տեղակայման վայրը տեղափոխվելուց հետո 1970թ. ընտանիքով հաստատվել են այնտեղ: 8-րդ դասարանն ավարտելուց հետո սովորել է Ղափանի շինարարական տեխնիկումում: 1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1985 թ. ընդունվել է Կիրովի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական բաժինը, հետո փոխել հեռակա: Բայց ուսումը չի հասցրել ավարտել Արցախյան շարժման ծավալումից հետո: Այդ տարիներին Ասկերանում աշխղեկ էր աշխատում:
Երբ արդեն ակնհայտ էր ռազմական բախման անխուսափելիությունը, կամավորագրվում է: Այնուհետև պատերազմի ամբողջ թոհուբոհը ներկայացնում է ըստ իր զինվորական կոչման: «Մեր հիմնական առաջադրանքը ադրբեջանաբնակ Խոջալուն էր, որտեղից արձակված հրացանի կրակով էլ էին մեզ կարողանում վնասել: Խոջալուի ազատագրմանը մասնակցել եմ որպես զինվոր: Դրանից հետո մեր ջոկատը դարձել է երկու դասակից բաղկացած վաշտ, որից մեկի դասակի հրամանատարը 1992թ. մարտի 4-5-ին մինչև հուլիսի կեսերը ես էի»,- պատմում է Սամվելը: Այնուհետև վաշտը տեղափոխվել է՝ Փառուխը, Քարագլուխը պաշտպանելու, որոնք մտնում էին Աղդամի շրջանի մեջ: Այդտեղից նայելով՝ Աղդամի լույսերի վերջը չէր երևում, բայց իրենք չէին կասկածում, որ կհաղթեն, միայն չէին պատկերացնում, թե ինչքան հող կազատագրեն:
«Շուշիի ազատագրման ժամանակ մենք Փառուխ-Քարագլխում էինք գտնվում: Շուշիի ռազմագործողության սկսումից հետո նույն օրը թուրքերը մեզ վրա են հարձակվում, բարձրանում սարը: Դաժան կռիվներ են եղել, մենք երկու զոհի գնով ենք հետ վերցրել իրենց գրաված դիրքերը»,- հիշում է Սամվելը: Այդ տարածքն առանձնահատուկ նշանակություն ունի Սամվելի և իր մարտընկերների համար: Եվ այժմ էլ՝ ընկերոջ վիրավորվելու օրը, Խոջալուի ազատագրման օրը, Մայիսի 28-ին, Մայիսի 9-ին և այլ տոն օրերի այցելում են այնտեղ:
Այնուհետև Սամվել Մնացականյանը նշանակվում է Նորագյուղի վաշտի հրամանատար, որն ընդգրկում էր մոտ 100 հոգի: 1992թ. օգոստոսի 3-ին Ասկերանի դրությունը ծանրանում է. վաշտը վերադառնում է Ասկերան, որտեղ մնում է համարյա մեկ տարի:
Խոջալուից հետո Սամվելը կարևորում է Աղդամի (Ակնա) ազատագրումը, որը դարձել էր Ադրբեջանի ռազմավարական հենակետը: Աղդամի ռազմական գործողության արդյունքում վերացվել է Ստեփանակերտի, Ասկերանի և շրջակա գյուղերի վրա հեռահար հրանոթներից և հրետանային այլ միջոցներից հրետակոծությունների վտանգը։ «Աղդամն ազատագրելուց հետո հենակետերն իջեցրել ենք: 1993թ. դեկտեմբերի 1-ին նշանակվել եմ գումարտակի հրամանատարի տեղակալ՝ սպառազինության գծով»,-նշում է Սամվել Մնացականյանը:
1994թ. փետրվարի 2-17-ը Քարվաճառում էին: «Թուրքերը գրավել էին Օմարը, Ասկերանի զորամասը օգնության էր գնացել: Մեր գումարտակից էլ 100-120 մարդ կար, ավագն էլ ես էի: Օմարն ազատագրելուց հետո հետ են ուղարկում նախկին դիրքերը»,- հիշում է Սամվելը:
1994թ. մայիսին ակտիվ ռազմական գործողություններն ավարտվում են: Սամվել Մնացականյանը տեղափոխվում է ուրիշ գումարտակ, որի շտաբի պետն էր մինչև 1996թ. հունիսի 1-ը: Դրանից հետո, մինչև 2013թ. հունիսի 1-ը եղել է Ասկերանի զինկոմը: Այնուհետև տեղափոխվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն՝ որպես վարչության պետ, և 4 տարի այնտեղ ծառայել: Պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշանով, «Արիություն» և տասնյակ այլ մեդալներով:
ՀՅԴ շարքերն անցել է 1990 թվականին, այժմ Ասկերանի կոմիտեի անդամ է: Պապը՝ Վարդան Ասլանյանը, դաշնակցական էր, Անդրանիկի հարյուրապետներից: Ծնվել էր Սարդարաշեն գյուղում: 1919թ., երբ Անդրանիկը հեռանում է Հայաստանից, կամավորներին ազատ է արձակում: Նրանք մի քանի հոգով վերադառնում և մնում են Գորիսում: 1920թ. մարտի 23-ին թուրքերը հրկիզում են Շուշին, և ղարաբաղցիներին Գորիսից ուղարկում են այստեղ: Արցախում պապն ամուսնանում է: Տատը պատմում էր, որ մտածում էր սպայի՝ դաշնակցական հարյուրապետի կին է լինելու, բայց ամուսնությունից մեկ տարի անց խորհրդային կարգեր են հաստատվում: Վարդանը ձերբակալվում է և տարվում Շուշի: Բարեբախտաբար, գործը քննող քննիչը իր նախկին զինվորներից էր, որի օգնությամբ էլ Վարդանն ազատ է արձակվում՝ ազգանունն ու բնակության վայրը փոխելու պայմանով: Իր պապի անունով Մնացականյան ազգանուն է վերցնում, ընտանիքի հետ տեղափոխվում կնոջ գյուղը՝ Ղազանչի, 8-9 տարուց վերադառնում Նորագյուղ:
Այժմ Սամվել Մնացականյանը վաստակած թոշակի է անցել և տնտեսությամբ է զբաղվում: Ունի մեկ որդի, մեկ դուստր, երկու թոռնիկ:
Ինչ վերաբերում է Արցախի ճակատագրին, ապա փորձառու հրամանատարը վստահ է՝ մեր հողը ամեն գնով պետք է պահենք, պետք է ուժեղ լինենք և դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է արդարություն: Կռվող զինվորը պետք է վստահ լինի, որ իր ընտանիքը, թիկունքը ապահովված է, և միայն առջևի մասին մտածի:
«Պետք է սոցիալական արդարություն լինի: Պատերազմի տարիներին դա համեմատաբար կար, բոլորը հավասար էին»,- համոզված է Սամվել Մնացականյանը:
Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստանի ճանապարհին առաջին քայլը կատարված է: «Ապագայում ամեն ինչ էլ մեզնից է կախված: Եթե ազգը միասնական լինի, հաղթանակով է դուրս գալու»,- այսպես է իր խոսքն ավարտում Սամվել Մնացականյանը: