Արվեստը պետք է դառնա արցախցիների սրտի շարժիչը. Նազարեթ Կարոյան

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի ճեմասրահում մամուլի ասուլիսով են հանդես եկել «ARTsakh Fest» ժամանակակից արվեստի փառատոնի նախաձեռնող Աննա Կամայը եւ Երեւանի Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանը՝ երգիչ, ավանգարդ ֆոլկ ոճի ստեղծագործող եւ կատարող Արտո Թունջբոյաջյանի մասնակցությամբ:
Պատասխանելով «Ապառաժ»-ի՝ փառատոնի գաղափարի մտահղացման հարցին, Աննա Կամայը նշել է, որ Արցախի Մարտունի քաղաքում մոտ 7 ամիս ապրելու ընթացքում է առաջացել մշակութային նախաձեռնություն սկսելու գաղափարը, իսկ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի լքված շենքը տեսնելով՝ գտել է գաղափարի իրականացման ճիշտ վայրը:
«Այստեղ մարդիկ ապրում, ստեղծագործում եւ երազում են, կա հսկայական պոտենցիալ, բայց, ցավոք, դեռ չկան հարթակներ, որոնք կաշխատեն այդ պոտենցիալի հետ՝ նպաստելով Արցախը զարգացող մշակութային կենտրոն դարձնելուն։ Թատրոնը համախմբման մի տարածք է, որտեղ խոսքը եւ գործողությունը միասնաբար են ներկայանում: Շուրջ 7 տարի վթարային ճանաչված այս շենք մուտք գործելու մեր փառատոնային միջամտությունը թատրոնը կառուցվածքային ու բովանդակային առումով վերականգնելուն միտված մի ջանք է»,- նշել է Ա.Կամայը՝ շեշտելով, որ թատրոնը կարող է հանդիսանալ ժամանակակից արվեստի նախագծերի մշակման եւ արտադրության բաց կենտրոն, մարդկանց եւ գաղափարների խաչաձեւ մի ցանց։
Ժամանակակից արվեստի փառատոնի կազմակերպման շրջանակներում մաքրվել եւ բարեկարգվել է թատրոնի շենքն ու շրջակա տարածքը: Շենքը էլեկտրաֆիկացվել է, իսկ շենքի հարակից տարածքում տեղադրվել են աղբամաններ:
Երեւանի Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանը նշել է, որ այս նախաձեռնությունը հոգու եւ սրտի միջականության տարածությունում է արվում:
«Թատրոնը Ստեփանակերտի սիրտն է եւ հոգեւոր էությունը: Մենք խոսում են սրտի շարժման մասին, որը կմիացնի մարդկանց եւ վառ կպահի ոգեւորությունը, երեւակայությունը եւ ստեղծագործականությունը: Արցախի կամավորները միացել են այս նախաձեռնությանը, տեր են կանգնել իրենց սրտին: Արվեստը պետք է դառնա արցախցիների սրտի շարժիչը»,- ասել է Նազարեթ Կարոյանը եւ նշել, որ այդ ստեղծագործականությունը վառ պահելու նպատակով փառատոնի վերջում թատրոնի շենքը լուսավորվելու է դրսից՝ վերադարձնելով քաղաքին Ստեփանակերտի լավագույն շինությունը՝ բովանդակային եւ ճարտարապետական իմաստով:
Նշենք, որ նախագծիը հովանավորներն են ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարությունը, ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանը, Թուֆենկյան հիմնադրամը։