Արկածախնդիր մարդկանց այս քայլը չի կարող խարխլել ՀՅԴ շարքերը
Հունվարի 29-ին Lragir.am հրատարակել է մի հայտարաություն, ըստ որի՝ ՀՅԴ Արցախի «Արթուր Մկրտչյան» եւ «Դիզակ» կոմիտեությունների թվով 10 անդամներ հայտարարում են կուսակցության շարքերից իրենց անդամակցության դադարեցման եւ Հիմնադիր խորհրդարանին միանալու մասին:
Aparaj.am-ի հետ զրույցում ՀՅԴ «Արթուր Մկրտչյան» կոմիտեության ներկայացուցիչ Կամո Բարսեղյանը հայտնեց, որ նշյալ անձանցից միայն մեկն է կուսակցական, մնացած բոլորը ՀՅԴ անդամ չեն հանդիսանում: Նրանք տարբեր ժամանակներում, տարբեր պատճառներով հեռացվել կամ արտաքսվել են ՀՅԴ շարքերից:
«Դիզակ» կոմիտեության ներկայացուցիչ Արծիվ Լալայանը այս հարցի վերաբերյալ նշեց, որ հայտարարության մեջ նշված անձինք երկար ժամանակ է, ինչ հեռացված են ՀՅԴ շարքերից: Նման հայտարաությունները գրվել են ժամանակի եւ շահագրգիռ անձանց հրամայականով, իրենցից սոսկ սադրանք են ներկայացնում եւ միտված են վարկաբեկելու կուսակցությանը:
Պարզվում է՝ այդ արկածախնդիր խմբից մի մասը ՀՅԴ հեռացվածներ , ինքնամեկուսացվածներ եւ անկարգապահ դաշնակցականներ են եղել, նրանց՝ իրենց պատկերացմամբ այդ «քաղաքական» քայլը չի կարող խարխլել ՀՅԴ շարքերը եւ ոչ էլ ապակողմնորոշել ԼՂՀ , ՀՀ, Սփյուռքի հայ հանրությանը: