Ստեփանակերտում ավարտվել է ՀՅԴ պատանեկան ճամբարը
Գլխավոր » Երիտասարդական » Ստեփանակերտում ավարտվել է ՀՅԴ պատանեկան ճամբարը

Ստեփանակերտում ավարտվել է ՀՅԴ պատանեկան ճամբարը

Այսօր՝ հուլիսի 19-ին, Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան հ 2 հիմնական դպրոցում տեղի է ունեցել ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի եւ Արցախի երիտասարդական միությունների անդամների կողմից կազմակերպված պատանեկան ճամբարի հանդիսավոր փակման արարողությունը։

Միջոցառմանը ներկա էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՀ ԱԺ պատգամավոր Ռիտա Մնացականյանը, ծնողներ, հյուրեր։ Պատանիները միջոցառումը բացել են Արցախի օրհներգով: Միջոցառման ընթացքում հնչել են ազգային երգեր։

«Արցախում արդեն ավանդույթ դարձած պատանեկան ճամբարները մեր մատաղ սերնդի ազգային ու հոգեւոր դաստիարակության եւ Արցախ֊Սփյուռք կապի ամրապնդման կարեւոր նախապայմաններն են, -նշել է Լեռնիկ Հովհաննիսյանը։

Ստեփանակերտում կազմակերպված ճամբարի ընդհանուր պատասխանատու Մայքլ Քոլոքոսյանն իր հերթին ասել է, որ ճամբարում ջերմ ու բարի հարաբերություններ են ձեւավորվել Արցախի եւ Ամերիկայի պատանիների միջեւ։  «Պատանիները նոր գիտելիքներ են ստացել, բավականին յուրացրել անգլերենի դասընթացները, սովորել գնահատել ազգային արժեքներն ու Դաշնակցության դերը»,- հավելել է նա։

1