Առաքինի դաշնակցականը. Կամո Մարտիրոսյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Առաքինի դաշնակցականը. Կամո Մարտիրոսյան

Առաքինի դաշնակցականը. Կամո Մարտիրոսյան

ՀՅԴ անդամ, Արցախյան շարժման ու պատերազմի ակտիվ մասնակից Կամո Մարտիրոսյանն արդեն մեկ տարի է մեզ հետ չէ:

 

Նա այն եզակիներից է, ով երբեք չէր խոսում անցած ուղու, պատերազմի, պատրազմում ունեցած  իր ավանդի մասին: Երբեմն ընկերներից էինք լսում որոշ զրույցներ, որին ի պատասխան նա ասում էր.  ‹‹Խոսելու ի՞նչ իմաստ կա, ի՞նչ պարտադիր է ամեն արած-չարածի մասին խոսել››:

 

Քչախոս էր, եւ ինչպես իր ընկերներն են ասում՝ գործի մարդ էր, ավելորդ խոսակցություններ չէր սիրում: Խստապահանջ էր իր եւ շրջապատի նկատմամբ՝ եթե խոսքը ընդհանուր գաղափարին, ընդհանուր գործին էր վերաբերում:

 

 

Գրեթե միշտ մերժում էր հարցազրույցներ տալ՝ պատճառաբանելով, որ դեռ դրա համար ժամանակ շատ կունենա:

 

Ցավոք սրտի, դրա ժամանակը չունեցավ… 2014 թվականի մայիսի 7-ին նա հանկարծամահ եղավ… 54 տարեկան էր:

 

Կամո Մարտիրոսյանի մասին զրուցեցինք նրա համագյուղացի, մարտական ընկեր, ԼՂՀ ՊԲ կազմզորահավաքային բաժնի պետ,  շտաբի պետի տեղեկալ,  փոխգնդապետ  Գրիգորի Գասպարյանի  հետ:

 

‹‹Մենք համագյուղացիներ ենք: Ես ավելի մտերիմ էի նրա կրտսեր եղբոր՝ Կիմայի հետ, որն իմ հասակակիցն էր: Կամոն ինձնից  4 տարով մեծ էր: Կամոյի հետ ավելի մտերմացա, երբ երկրորդ կուրսի ուսանող էի: 1982 թվականին Հյուսիսային Օսիայի  Օրջոնոկիձե քաղաքում էի սովորում, իսկ  նա  այնտեղ փորձուսուցում էր անցնում: Երբ իմացավ, որ այնտեղ եմ,  եկավ ինձ տեսակցության: Կարելի է ասել՝ մեր հասուն ընկերությունն այնտեղ է սկսվել,››- պատմում է նա:

 

Արդեն 1980-ական թվականներից Կամո Մարտիրոսյանն ակտիվ ընդհատակյա գործունեություն էր ծավալում: Շարժման ակունքներում էր կանգնած:

 

‹‹1990 թվականն էր. արձակուրդում էի: Գիտեի,  որ ՀՅԴ շարքերում է:Ասաց,  որ իրեն  Սարդարաշեն տանեմ իմ մեքենայով: Այնտեղ նա հանդիպեց Շահբազյան Կայծերի  հետ, ով այդ ձորակում ՀՅԴ-ի կողմից նշանակված էր  որպես ձորակի պատասխանատու:  Պատկերացրեք, ինձ՝ իր մտերիմ ընկերջը,  թույլ չտվեց մասնակցեմ զրույցին՝ պատճառաբանելով, որ կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն նեղ կուսակցական շրջանակներում: Որոշ ժամանակ անց ես էլ Կամոյի շնորհիվ անդամագրվեցի ՀՅԴ շարքերին,››- շարունակում է Գրիգորի Գասպարյանը:

 

Մինչ 1992 թվականի օգոստոս ամիսը Կամո Մարտիրոսյանը  Նորագյուղի ջոկատում էր՝ որպես հրաձիգ: 1992 թվականի մայիսի 8-ին Շուշիի ազատագրման ժամանակ Կամոյի եղբայրը՝ Կիման, ծանր վիրավորվեց, իսկ մի քանի օր անց հիվանդանոցում մահացավ: Կամոն չէր արտահայտվում, բայց ծանր էր տանում եղբոր կորուստը…

 

 

1992 թվականի օգոստոս-սեպտեմբերին Գրիգորի Գասպարյանը նշանակվեց հետախուզության պետ, իսկ Կամո Մարտիրոսյանին տեղափոխեցին նույն զորամասի հետախուզության բաժին:  Որոշ ժամանակ անց, հաշվի առնելով նրա ունակությունները, նրան նշանակեցին ինժեներային ծառայության սպա: Գ. Գասպարյանը պատմում է, որ՝ չնայած այն հանգամանքին, որ ծառայության պետը Կամոն չէր, ամբողջությամբ գործն ու պատասխանատվությունը նրա վրա էր:

 

‹‹Ես կասեի, որ Ասկերանի պաշտպանական շրջանում ինժեներային ծառայության սակրավորային գործի հիմնադիրը եղել է հենց Կամո Մարտիրոսյանը:  1992 թվականի հունիսին ականի պայթյունից զոհվեց ինժեներային ծառայության պետը, որից հետո ինժեներային ծառայությունը միայն անունով  է գոյություն ունեցել››,-ասում է  Գասպարյանը:

 

1995 թվականին ժամկետային զինծառայողներից նա սակրավորներ էր պատրաստում,  նախագծում էր  ականների կառուցվածքներ: Կարճ ժամանակահատվածում  բավականին լավ մասնագետներ պատրաստեց , որոնք  մարտական գործողությունների ժամանակ ականապատումներ էին իրականացնում:

 

‹‹Կարակաշլուի ուղղությամբ  թշնամին 16-18 միավոր զրահատեխնիկա էր հանել եւ լայնածավալ  գրոհ  էր  ձեռնարկում: Մի քանի օր առաջ Կամոյի անմիջական մասնակցությամբ եւ վերահսկողությամբ այդ տարածքը ականապատվում է:  Գրոհի ժամանակ  մոտ 8 միավոր զրահատեխնիկա է ոչնչացվում,  որից 5-ը ականների վրա են պայթում: Ամեն մեկն իրեն էր վերագրում կատարվածը, իսկ  Կամոն էլ կանգնած քմծիծաղ  էր տալիս››,- պատմում է նա:

 

 

1992 թվականին Գրիգորին Գյումրիից մեքենայով հակատանկային եւ հակահետեւակային ականներ տեղափոխեց Ղարաբաղ՝ Նորագյուղի ջոկատ:

 

‹‹Կամոն ասաց ՝գիտե՞ս չէ, որ շունը սպանողն է քարշ տալիս, ինչպես որ բերել ես, այնպես էլ պիտի սովորես տեղադրել: Մի քանի հոգով գնացինք ձորը, որտեղ նա սովորեցրեց ինձ ականապատման մանրուքները… Դրանք դեռ ի՜նչ են. իմ  հայրենասիության 50 տոկոսը նրանից եմ սովորել: Նա տարբերվում էր բոլորից,- ծանր շունչ է քաշում, ապա շարունակում,- չափից դուրս խիստ էր մասնագիտական հարցերում: Ես եղել եմ նրա վերադասը, սակայն նույնիսկ իր վերադասի նկատմամբ նա խստապահանջ էր, նույնիսկ վերադասներն էին նրա հետ հաշվի նստում, կարծիք հարցնում, քաշվում շատ հարցերում: Շատերի համար նա օրինակ էր՝ որպես հայ, որպես դաշնակցական: Հպարտությամբ էր կրում դաշնակցական լինելու փաստը, եւ իր զավակներին էլ այդ ոգով է դաստիարակել››:

 

Նշում է, որ որոշ  հարցերի շուրջ  վիճում էին, սակայն խոստովանում է, որ Կամոն ընդունակ էր ավելի հեռուն նայելուն եւ խնդիրներն ավելի խորն ընկալելուն: Եվ շատ հաճախ կարողանում էր հակառակը համոզել իրեն:

 

 

 

Հարցին՝ թե ի՞նչ կփոխեիք, եթե նա ողջ լիներ, պատասխանում է.

 

‹‹Կամոյի կենդանության օրոք նրան որեւէ պարգեւի չենք ներկայացրել:  Ինձ համար դա մեծ բացթողում է: Դրա մեջ ես իմ մեղքի բաժինն էլ եմ զգում: Սակայն նա իր ապրած կյանքով մեծ անուն է թողել: Մարդ կա՝ 100 տարի է ապրում, բայց  չի ապրում ըստ արժանվույն: Նա քիչ, բայց մեծ կյանքով է ապրել››,- ասում է նա:

 Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ

 

1