Առաջամուղում կառուցվել է բուժկետ
Այսօր՝ հուլիսի 14-ին Հադրութի շրջանի Առաջամուղ համայնքում տեղի է ունեցել ցուցանակի տեղադրում եւ բուժկետի բացման հանդիսավոր արարողություն:
Միջոցառմանը ներկա էին Հադրութի շրջվարչակազմի աշխատակիցներ, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամներ, «Արցախֆոնդ» ու «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչներ, ՀՅԴ ԱՄՆ եւ Արցախի երիտասարդական միության անդամներ ու առաջամուղցիներ:
«Թուֆենկյան» բարեգործական հիմադրամի կողմից 2004 թվականին հիմնադրված Առաջամուղի շենացման ծրագիրն անցած տարվանից ստանձնել է ՀՅԴ Ամերիկայի արեւելյան շրջանի «Արցախֆոնդ» բարեգործական հիմնադրամը։
«Առաջիկայում հիմնադրամի միջոցներով գյուղում նախատեսում ենք կառուցել բացօթյա մարզադաշտ, մանակապարտեզ եւ բնակելի չորս տուն»,- նշել է «Արցախֆոնդ» բարեգործական հիմնադրամի Արցախի մասնաճյուղի տնօրեն Տրդատ Մարտիրոսյանը։
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահագն Դադայանն իր խոսքում անդրադարձել է ծրագրի իրականացման մանրամասներին եւ խոսել նմանատիպ այլ ծրագրերի կյանքի կոչելու կարեւորության մասին։
«Արցախյան գոյապայքարից հետո Արցախը վերաշինելու եւ վերաբնակեցնելու կարիքն օրհասական էր եւ Դաշնակցությունը միշտ հետեւողական աշխատանք է տարել այս ուղղությամբ՝ այդ օրակարգը փոխանցելով Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցներին։ Առաջամուղը բազում օրինակներից մեկն է, որը Դաշնակցությունը կարողացել է հիմնել եւ կառուցել «Թուֆենկյան», այնուհետեւ «Արցախֆոնդ» բարեգործական հիմնադրամների միջոցով»,-նշել է Վ․Դադայանը։
Արցախի հարավում օր օրի ենթակառուցվածքներով համալրվող եւ ընդլայնվելու նպատակատրությամբ Առաջամուղի ծրագիրն իրողություն է հիմնադրամի անդամների եւ ծրագրի ֆինանսավորմանը մասնակից անձանց շնորհիվ:
«Այս բուժհաստատությունը խորհրդանշում է մեր հողում մեր շարունակական արմատավորումը: Պետք է շարունակենք զորանալ, որպեսզի ոչ ոք չհամարձակվի այս հողի նկատմամբ ոտնձգության դիմել»,- իր ելույթում նշել է Հայկական առողջապահական հիմնադրամի ներկայացուցիչ, գիտնական, գրող, բուժկետի կառուցման ծրագրի աջակից Հրանտ Մարգարյանը։
Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Հայկական առողջապահական հիմնադրամի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ Առաջամուղի համայնքի ղեկավար Սուսաննա Աղաբաբյանին:
«Շնորհակալություն ենք հայտնում բարերարներին, որոնց շնորհիվ այսօր կյանքի է կոչվում վերաբնակեցման ծրագիրը»,- ելույթում նշել է Առաջամուղի համայնքի ղեկավար Սուսաննա Աղաբաբյանը: