Անկարան դժգոհ է ԵԽ որոշումից. «Այն հակասում է ժողովրդավարական արժեքներին և իրավաբանական ուժ չունի»
Անկարան դժգոհ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները կասեցնելու մասին Եվրախորհրդարանի որոշումից, քանի որ «այն հակասում է ժողովրդավարական արժեքներին և իրավաբանական ուժ չունի»: Այդ մասին հայտարարել է ԵՄ գծով թուրք նախարար Օմեր Չելիքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Եվրախորհրդարանն ընդունել է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին որոշումը: Այն ընդունվել է 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայնով:
«Եվրախորհրդարանի որոշումը հակասում է իր իսկ ժողովրդավարական արժեքներին, որոնք Թուրքիան պաշտպանեց հուլիսի 15-ին հեղաշրջման փորձի ժամանակ` փողոց դուրս գալով ընդդեմ ռազմական ինքնաթիռների: Մեր համար Եվրախորհրդարանի որոշումը լուրջ չէ, այն չունի իրավաբանական ուժ»,-ասել է Չելիքը NTV-ի եթերում:
Նա խորհուրդ է տվել Եվրախորհրդարանին «հետևել Էրդողանին հասցեագրված իր խոսքերին»: