Այն, որ ՀՅԴ-ն չկարողացավ ունենալ իր պատգամավորները ԱԺ-ում, հայ ժողովրդի որոշումն է, մենք պետք է աշխատենք, որ ապագայում այն փոխվի․ Մուրադ Փափազյան
Tert.am-ը ՀՅԴ Բյուրոյի անդամ (Ֆրանսիա) Մուրադ Փափազյանի հետ խոսել է այս օրերին Արցախում տեղի ունեցող ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում իրենց կուսակցության պարտվելու պատճառների և քաղաքական ուժի ծրագրերի մասին:
-Պարո՛ն Փափազյան, այս օրերին Արցախում տեղի է ունենում ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը, որին մասնակցում են ՀՅԴ բյուրոյի՝ աշխարհի 30 երկրների ներկայացուցիչներ: Ի՞նչ խորհուրդ ուներ Արցախում համաժողովն անցկացնելը:
-Պատմության մեջ երբեք ՀՅԴ Ընդհանուր ժողովը չէր անցկացվել Արցախում: Պատմական նախաձեռնություն է Արցախում ժողովն անցկացնելը: Դաշնակցության համար Արցախը սիմվոլ է, և այսօր, քանի որ կարող է փոքր-ինչ վտանգված լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը՝ Ադրբեջանի ճնշումների պատճառով, մենք ցանկացանք հայտարարել Դաշնակցության զորակցությունը Արցախի ժողովրդին՝ կազմակերպելով գերագույն ժողովը Արցախում:
Արցախի ճանաչումը Դաշնակցության համար առաջնահերթություն է այսօր, ինչպես երեկ էր, բայց այսօր առավել շատ է: Աշխարհի բոլոր վայրերում գտնվող դաշնակները տարիներ շարունակ աշխատանք են տանում Արցախի համար, Դաշնակցությունը մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին 1980-ականներին՝ իր ընկերներով, իր ջոկատներով, և հիմա էլ շարունակում է աշխատել Արցախի մեջ՝ մաս կազմելով Արցախի խորհրդարանին, կառավարությանը, թիկունք կանգնելով այսօրվա իշխանություններին:
Այնպես որ բոլոր հիմքերը կային, որ այս Ընդհանուր ժողովն էլ տեղի ունենար Արցախում:
— Նախապես հայտարարվել է, որ ընտրվելու է կուսակցության Բյուրոյի նոր կազմը: Բացի Հրանտ Մարգարյանի՝ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու փաստից, հետաքրքիր է, այլ փոփոխություններ նախատեսվո՞ւմ են:
— Հունվարի 24-ին Ընդհանուր ժողովի վերջին օրը կազմը կընտրվի: Հրանտ Մարգարյանը, ով Բյուրոյի ներկայացուցիչ է, որոշել է այլևս Բյուրոյի մաս չկազմել և դա հայտարարել է իր պաշտոնական խոսքում: Դա տվյալ է, որը փոփոխելի չէ: Չեմ կարող ասել՝ այլ ինչ փոփոխություններ կլինեն Բյուրոյի կազմում, 24-ին արդեն դա պարզ կլինի:
-Ի՞նչ սկզբունքով են ընտրվելու Բյուրոյի ներկայացուցիչները: Ի՞նչն է կարևորվելու:
-Այս Բյուրոն բաղկացած էր 11 հոգուց: 4-ը մաս էին կազմում հայաստանյան կազմակերպությանը, իսկ 7 հոգի Սփյուռքի տարբեր շրջաններից էր՝ ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Լիբանան, Իրան: Կփորձենք նորից ճշգրտել այս շրջանների կարևորությունը:
-Պարո՛ն Փափազյան, նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՅԴ-ն խորհրդարան չանցավ: Արդյոք դա չի՞ նշանակում, որ ունեիք բացթողումներ ու խնդիրներ կուսակցության քաղաքականությունում, չե՞ք քննարկել՝ ինչը կարող էր Ձեր ընտրողներին հիասթափեցնել:
— Տեղի ունեցած հեղափոխությունն ամբողջովին խառնեց Հայաստանում իրավիճակը, և ոչ կառավարական կուսակցությունները կարիք ունեին իրենց գտնել, ընտրողների հետ կապ գտնել նոր մթնոլորտում: Հստակ է, որ Նիկոլ Փաշինյանի և իր դաշնակից կուսակցությունները ջախջախիչ մեծամասնություն կունենային: Նրանք էին կազմակերպել հեղափոխությունը, և նորմալ էր դա:
Հիմա մենք կարիք ունենք կապ հաստատել Հայաստանի ժողովրդի հետ, մեր առաջարկները բացատրել, բացատրել նաև, որ Դաշնակցությունն այն կազմակերպությունն է, որի կարիքը ունի հայ ժողովուրդը․ և ոչ միայն Հայաստանի, այլ ընդհանրապես՝ Սփյուռքի, Արցախի և Ջավախքի հայ ժողովուրդը:
Այն, որ Դաշնակցությունը չկարողացավ ունենալ իր պատգամավորները Հայաստանի խորհրդարանում, հայ ժողովրդի որոշումն է: Մենք պետք է աշխատենք, որ ապագայում այդ որոշումը փոխվի: Պետք է բացատրել, որ Դաշնակցությունը լավագույն կազմակերպությունն է հայ ժողովրդի համար՝ ներկայանալով աշխարհում՝ իր միջազգային կապերով, հաղթած պայքարներով և համոզենք, որ Հայաստանի ապագայի համար Դաշնակցության ուժը հարմարագույն ուժն է՝ արդարություն հաստատելու, աղքատության դեմ պայքար և երկրի տնտեսական զարգացման համար:
Մենք պետք է աշխատենք, որ իրավիճակը փոխվի, և այդ հարցում բավականին լավատես ենք:
-Կարծիք կա, որ Սփյուռքի Դաշնակցությունը տարաձայնություններ է ունենում կուսակցության՝ Հայաստանի ներկայացուցիչների հետ: Արդյոք այդ կարծիքները հիմնավո՞ր են:
-Չեմ կարող ասել՝ տարաձայնություններ չկան: Բնականաբար, կան դժգոհություններ, տարաձայնություններ, տարբերություններ, բայց դրանք այնպիսին չեն, ինչպես ներկայացվում է: Մենք ապրում ենք 30 երկրներում, մենք 30 երկրների քաղաքացիներ ենք, և դա է մեր ուժը. մեր ուժը մեր տարբերությունների մեջ է: Ոչինչ, որ դժգոհություններ կան, ինչպե՞ս չլինեն դժգոհություններ, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի կազմակերպության դեմ են այդ դժգոհությունները: Ստեղծված իրավիճակի համար ամբողջ կուսակցությունն է պատասխանատու. այս ընդհանուր ժողովը պետք է քննարկի մանրամասնությունները, հաշվեկշիռ կազմի, որպեսզի ավելի լավ արդյունք ներկայացնենք հայ ժողովրդին:
Այս ընտրությունների արդյունքը չի ներկայացնում Դաշնակցության ազդեցությունը: Մենք պետք է ցույց տանք ճիշտ ուղին, որ հայ ժողովուրդը հասկանա, համոզվի, մենք պետք է համոզվենք, որ Դաշնակցությունը լավագույն կազմակերպությունն է ՀՀ ապագայի համար: Անշուշտ, կան դժգոհություններ, և դա առողջ իրավիճակ է: Չենք կարող բոլորս գոհ լինել ընտրության արդյունքներով:
-Այսօր ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը բավական ուշագրավ հայտարարություն արեց։ Նրա խոսքով՝ հաջորդ ընտրություններին տուն եք ուղարկելու այս իշխանություններին և ստանձնելու եք երկրի ամբողջական ղեկավարման գործը: Ուժը, որ խորհրդարանում չկարողացավ հավաքել անցողիկ շեմը, ինչպե՞ս է պատկերացնում հինգ տարի հետո երկրի կառավարման ղեկը վերցնելը:
— Ինչպես ցանկացած այլ կուսակցության, այնպես էլ Դաշնակցության նպատակն է դառնալ իշխանություն, որ այս հինգ տարիներն օգտագործի, որ ներկայացնի ժողովրդին իր ծրագրերը, իր պատգամները, իր նախաձեռնությունները: Դա բոլոր կուսակցությունների նպատակն է: Մենք էլ ունենք այդ ամբիցիան, որ այս 5 տարիների ընթացքում մեզ կհաջողվի կապ հաստատել հայ ժողովրդի հետ:
-Հրանտ Մարգարյանն այսօր իր ելույթում նաև քննադատեց ներկայիս իշխանություններին, մտահոգություններ հայտնեց վերջիններիս քաղաքականության վերաբերյալ: Դա իր անձնակա՞ն մտահոգությունն է, թե՞ կուսակցությունը ևս ունի մտահոգություններ այսօրվա իշխանությունների ընտրած քաղաքականության վերաբերյալ:
-Իհարկե, մտահոգություններ կան: Պետք է կարողանանք ցանկացած ժողովրդավարական երկրում ազատ ձևով արտահայտել մեր մտահոգությունները: Հայաստանում էլ պետք է ընդունվի ընդդիմության գաղափարը: Ընդդիմություն լինել՝ չի նշանակում երկրին դեմ լինել, ընդհակառակը, Դաշնակցությունը երկրի համար, Հայաստանի, Արցախի, Սփյուռքի համար է աշխատում: Պետք է իշխանությունները գիտակցեն, որ շատ նորմալ է, որ իրեն քննադատում են. այս երևույթը պետք է նաև ամրանա հայաստանյան հասարակության մեջ, որովհետև դա առողջ երևույթ է: