ԱՄՆ-ն անելիք ունի Արցախի ականազերծման ծրագրում. Ֆրենք Փալոուն
Հոկտեմբերի 2-ին երկօրյա աշխատանքային այցով Արցախ ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, Էներգետիկայի եւ առևտրի հանձնաժողովի նախագահ Ֆրենք Փալոունը այցելել է The Halo Trust միջազգային ոչ կառավարական կազմակերպության Արցախի գրասենյակ, որը Արցախի տարածքում զբաղվում է ականազերծման աշխատանքներով:
Կոնգրեսականին ուղեկցում էին նրա օգնական Ջեյմս Ջոնսոնը, և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: The Halo Trust-ի Արցախի գրասենյակի աշխատակիցները հյուրերին են ներկայացրել Արցախում իրենց կատարած աշխատանքների հիմնական ուղղությունները և պատասխանել կոնգրեսականին հուզող հարցերին: Կազմակերպության անդամները կարևորել են հատկապես դպրոցներում աշակերտների հետ տարվող կրթական ծրագրերը, որոնք նպատակ ունեն նոր սերնդին տեղեկացնել ականների մասին և կանխել անծանոթ ու վտանգավոր առարկաներին դիպչելու երեխաների սովորությունը:
The Halo Trust-ի աշխատակիցները նշել են, որ ականների հետ կապված դեպքերի քանակով Արցախի ցուցանիշները աշխարհում ամենաբարձրերից են: The Halo Trust-ը 2000-2018թթ. ընթացքում Արցախի տարածքում ընդհանուր առմամբ մաքրել է 47 219 901 քառ մետր տարածք, վնասազերծել է 9044 հակահետևակային, 2606 հակատանկային ականներ, 183 553 փոքր չափի զինատեսակներ:
Ֆրենք Փալոունը «Ապառաժ»-ի հարցին ի պատասխան անդրադարձել է Ամերիկայի վարչակազմի այն որոշմանը, որով նախատեսվում է կրճատել Արցախում The Halo Trust կազմակերպության ականազերծման աշխատանքների ֆինանսավորումը:
«Արցախ կատարած այս այցի ընթացքում մենք մեկ անգամ եւս համոզվեցինք, որ դեռեւս աշխատանքներ կան կատարելու, եւ վերադառնալով Ամերիկա՝ փորձելու ենք տեղեկացնել եւ բացատրել մեր գործընկերներին այս ծրագրի կարեւորության մասին: ԱՄՆ-ն անելիք ունի Արցախի ականազերծման ծրագրում»,- ասել է Փալոունը եւ նշել, որ Արցախ կատարած այցը նպատակ ունի նաեւ ակտիվացնելու Ամերիկա-Արցախ կապերը, որպեսզի ԱՄՆ-ը ներգրավված լինեն Արցախի առօրյայում եւ Արցախի կյանքում:
Նշենք, որ ԱՄՆ—ի Միջազգային զարգացման գործակալության ծրագրի շրջանակներում նպաստել է Ղարաբաղի ամբողջ բնակչության 80 տոկոսից ավելիին՝ կտրուկ նվազեցնելով ականների եւ պայթուցիկների պատճառով տուժած քաղաքացիական անձանց թիվը:
Միացյալ Նահանգները ներկա պահին միակ պետությունն է, որը ֆինանսավորում է Արցախում ականազերծման աշխատանքները, HALO Trust-ը միջոցներ է ստանում նաեւ մասնավոր բարեգարծական հիմնադրամների եւ անձանց կողմից: Միացյալ Նահանգների օգնությունը սակայն միշտ եղել է Ղարաբաղում իրականացվող HALO-ի ծրագրերի հիմնասյունը, դրա դադարեցումը կստիպի HALO-ին զգալիորեն նվազեցնել աշխատանքները Ղարաբաղում, որը նաեւ առանց աշխատանքի կթողնի այդտեղ բնակվող հարյուրավոր տղամարդկանց ու կանանց: Նման քայլը նաեւ անորոշ ժամանակով կհետաձգի ականներից զերծ Ղարաբաղի հեռանկարը: