Ամեն առավոտ զարթնելուց մենք գիտեինք, որ մեր ապագան հայրենիքում ենք կերտելու
Ահագնացող արտագաղթի պայմաններում, բարեբախտաբար, ականատես ենք լինում նաեւ երիտասարդ սփյուռքահայ ընտանիքների վերաբնակեցմանը Հայաստանում եւ Արցախում: Նրանցից յուրաքանչյուրը հույժ կարեւոր է համարում իր` իր իսկ հայրենիքում ընտանիքի ապագան կերտելը, զավակներ մեծացնելը, իր՝ թեկուզ համեստ ներդրումն ունենալը հայրենիքի զարգացման գործում: Դժբախտաբար, այդպիսիները շատ ավելի քիչ են, քան արտագաղթողները, սակայն նրանք հույսի նշույլներ են եւ օրինակ են ծառայում բոլոր նրանց համար, ովքեր այս կամ այն պատճառներով վարանում են վերադառնալ հայրենիք:
Այդպիսի օրինակելի ընտանիքներից է Հարութ եւ Լիլիա Ադամյանների ընտանիքը:
2014 թվականին նրանք իրենց 3 զավակներով վերջնական հաստատվել են Արցախում:
Հարութը ծնունդով Լիբանանի Բուրջհամուդ հայկական թաղամասից է: Մայրը ծագումով զեյթունցի է, հայրը՝ խարդբերդցի: Ավարտել է տեղի Կիլիկյան վարժարանը: Պատանեկան շրջանում ուներ բազում նախասիրություններ, որոնցից առավել հոգեհարազատը դարձավ մարտարվեստը, որն էլ հետագայում առիթ հանդիսացավ նրա` Արցախ տեղափոխվելուն եւ հետագայում վերջանականապես հաստատվելուն:
1985թ. Հարութը հաճախել է Լիբանանի հայ սև գոտիների ակադեմիա և արդեն 1995-ին ստացել սև գոտի:
«Մարտարվեստն իմ կյանքի կարեւորագույն մասը կազմեց, որի մեջ ես գտա մարմնի և մտքի կրթություն, հոգևոր ներդաշնակություն»,- նշում է Հարութը:
Այդ տարիներին աշխատում էր նաև որպես մարզիչ: 1997թ. Կարո Քեբաբջյանը նրան առաջարկում է մեկ տարով մեկնել Արցախ` Արցախում մարտարվեստ դասավանդելու և իր գիտելիքները փոխանցելու: Նա հետեւում է ընկերոջ խորհրդին:
Արցախ գալուց մեկ տարի հետո Արցախի տարբեր շրջաններում արդեն գործում էին 20-ից ավելի մասնաճյուղեր` 3500-ից ավելի աշակերտներով: Մեկ տարվա գործը վերջացնելուց հետո Հարութ Ադամյանին փոխարինող չեղավ, և նա որոշեց մի քանի տարի եւս մնալ Արցախում:
«Այդպես կապվեցի Արցախին, նրա հող ու ջրին, և արդեն ես ինքս չուզեցի վերադառնալ Լիբանան,-ասում է Հարութն ու անկեղծորեն խոստովանում,- այստեղ ամեն ինչ տարբեր է, ես ինձ ավելի ազատ եմ զգում. այնքան ազատ, որքան իրեն ազատ է զգում մարդն իր սեփական օջախում»:
Արցախում էլ ծանոթացավ իր ապագա կնոջ՝ Լիլիայի հետ: Լիլիան Հարութի աշակերտներից էր: «Միանգամից հավանեցի Լիլիային, նա ամենաակտիվներից էր եւ միանգամից աչքի էր ընկնում, տարբերվում մյուսներից: 2 տարի անց`1999 առաջարկեցի նրան կյանքիս ընկերը դառնալ: Շուշիում պսակադրվեցինք եւ Արցախում մեծ հայկական հարսանիք կազմակերպեցինք՝ Արցախ հրավիրելով սփյուռքի իմ բոլոր հարազատներին»,- ասում է Հարութը՝ աչքի պոչով սիրալիր նայելով կնոջը:
Ղարաբաղում մնացին մինչև 2005թ.: Այդ ժամանակահատվածում նա պատրաստել է 12 մարզիչների, որոնք իր գործը շարունակեցին Արցախում: Լիբանանում ապրելու տարիներին ամեն առիթով Արցախ էին գալիս:
«Ամեն ամառային արձակուրդի ոչ թե ուրիշ երկրներ էինք գնում հանգստանալու, այլ Արցախ էինք գալիս՝ մեր ընկերների, հարազատների հետ հանգիստ անցկացնելու»,- ասում է Լիլիան:
Սիրիայի պատերազմը բացասաբար է ազդել նաև Լիբանանի վրա: Ինչպես Հարութն է ասում` հայկական Բուրջհամուտը այլեւս հանգիստ չէր: Քուրդեր, արաբներ` տարբեր տեղերից աղավաղում էին հայկական միջավայրը: Դա էլ առիթ հանդիսացավ Արցախ տեղափոխվելուն:
«Ամեն առավոտ զարթնելուց մենք գիտեինք, որ մեր ապագան հայրենիքում ենք կերտելու, որ մի օր տեղափոխվելու ենք Արցախ, սակայն երեխաները դպրոցական տարիքի էին, մտածեցինք՝ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվենք: Բայց վերադարձն ավելի արագ կատարվեց…»,- ասում է Լիլիան:
«Լիբանանում ապրելու տարիներին հասկացա, որ հայը հարգված, ընդունված է բոլորի կողմից: Հայի ցավը եւ ուրախությունը նաեւ իրենցն է: Հայկական տոնի կամ սգի օրերին, ի նշան հարգանքի, արաբները փակում էին իրենց խանութները, ինչը Հայաստանում և Արցախում չկա>>,-պատմում է Լիլիան:
Լիլիան մասնագիտությամբ լրագրող է: Լիբանանի հայկական դպրոցում աշխատում էր որպես ուսուցչուհի:
Արցախ տեղափոխվելով՝ Հարութը շարունակեց իր գործը` որպես մարզիչ: Մի քանի ամիս է` աշխատում է նաև ԼՂՀ զինված ուժերում՝ որպես պայմանագրային զինծառայող՝ մարզելով նաև զինվորներին:
«Իմ մարտարվեստը ոչ միայն մարմինն է կոփում, այլեւ՝ ոգին: Դրա համար կարեւորում եմ, որ այն ուսուցանվի նաեւ բանակում: Հայի ոգին միշտ բարձր է և հպարտ, քանի որ մերն է այս երկիրը, հողը, պատմական հարստությունները: Մենք ազգովի պետք է լինենք զինվորական՝ և ֆիզիկապես, և հոգեպես ուժեղ»,- ասում է նա:
Խոսելով Արցախում ապրելու դժվարությունների ու խոչընդոտների մասին՝ Հարութը մեկնաբանում է, որ, անշուշտ, դժվարություններ կան աշխատանքի, ուսման մակարդակի առումներով, սակայն այդ դժվարություններն առկա են նաև օտար երկրում: Սփյուռքում կարող ես մի քանի աշխատանք գտնել եւ անել միաժամանակ, շատ գումար վաստակել, սակայն այնտեղ էլ ծախսերն են շատ. ուսումը վճարովի է եւ այլն:
Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ մի օր վերադառնան Լիբանան, Հ. Ադամյանը պատասխանում է. «Մենք որոշում ենք ընդունել վերջնականապես տեղափոխվել Արցախ, և այդ որոշումը ոչինչ չի կարող փոխել, հակառակ դեպքում՝ չէինք տեղափոխվի ,- ասում է նա ու շարունակում,- տեղափոխվելով Արցախ՝ մենք մեր հույսը չենք դրել պետության վրա: Տունն ունեինք, աշխատանքս` որպես մարզիչ, կար, միայն բանակում աշխատանքի ընդունվելու հարցում աջակցեցին, բայց ուրիշ հարցով չենք դիմել, չենք էլ դիմելու… Մենք քչով բավարարվում ենք: Չենք բողոքում ոչ մի բանից՝ հուսալով եւ հավատալով վաղվա օրվան: Անշուշտ, մեզ նման շատ սփյուռքահայեր կուզենային վերադառնալ հայրենիք, եթե աշխատանք ունենային Արցախում: Կարծում եմ՝ այսօր այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, եւ հուսով եմ` շուտով շատերը կվերադառնան»:
Հարութը և Լիլիան ունեն 3 զավակ` 2 որդի` Արամը և Գաբրիելը, և փոքրիկ Սարինը, որը 4 տարեկան է: Որդիները հոր նախասիրությունները և ընտրած մասնագիտությունը մասամբ են կիսում, ավելի շատ նրանց բեմարվեստն է գրավում:
Մեծ որդին` Արամը, այս տարի ընդունվել է Երևանի առաջատար վարժարաններից մեկը:
Փոքրիկ Սարինը հաճախում է երաժշտական դպրոց. շատ է սիրում երգել: Եւ առիթը բաց չի թողնում իր «արվեստը» ներկայացնել բոլոր նրանց, ովքեր հյուր են գալիս իրենց տուն: «Ապառաժ»-ի խմբագրությունն էլ բացառություն չեղավ: Մենք ունկնդրեցինք նույնիսկ փոքրիկ երգչուհու հեղինակած երգերը:
Այսօր Արցախի Սեւ գոտիների ակադեմիան, որի սերմերը հենց Հարութն է գցել, մեծ հաջողությունների է հասել միջազգային ասպարեզում: Այսօր ունենք Եվրոպայի աշխարհի չեմպիոններ, առաջատարներ: Հարցին, թե ո՞րն է արցախցիների՝ այս մարտարվեստում աննախադեպ հաջողության գրավականը, Հարութը պատասխանում է.
«Արցախցի պատանին իմ հանդիպած ամենաընդունակ պատանին է: Շատ շուտ են ընկալում ամեն ինչ` լինի դա արվեստ, մշակույթ, թե սպորտ: Պատասխանատու եւ համառ են: Միայն պետք է ճիշտ ուղորդել նրանց, եւ շատ կարճ ժամանակահատվածում հաջողության կհասնեն»:
Խոսելով բացթողումների մասին՝ Հարութն ափսոսանքով է նշում, որ այսօր Արցախում չեն գործում մինչ 2005 թվականը եղած Արցախի սեւ գոտիների ակադեմիայի 20 մասնաճյուղերը: Պատճառը, բնականաբար, նյութական օժանդակության պակասն է:
«Այսօր շատ կարեւոր է, որ սահմանամերձ գյուղերում ունենանք մասնաճյուղեր, քանի որ Ստեփանակերտում արդեն բավականին զբաղմունք կա: Սահմանամերձ գյուղի պատանին եւ երիտասարդը իրավունք ունեն ավելի աշխույժ եւ հագեցած առօրյա, ավելի տոկուն մարմին եւ ոգի ունենալու»,- ասաց Հարութը:
Լուսինե ԹԵՎՈՍՅԱՆ