Ազգային կառույցների վերականգնումը Սիրիայի հայ համայնքի առաջնահերթ խնդիրներից է. Նորա Արիսյան
Սիրիայի քաղաքներն արդեն ազատվել են ահաբեկչական խմբավորումներից, սակայն պատերազմը դեռ ավարտված չէ: Սիրիայի խորհրդարանական պատվիրակության կազմում օրերս Հայաստանում էր այդ երկրի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ Սիրիայում կյանքն ավելի ապահով է դարձել, սակայն մի շարք խնդիրներ շարունակում են օրակարգային մնալ:
— Տիկին Արիսյան, ասացեք, խնդրեմ այցելությունն ի՞նչ նպատակ էր հետապնդում և ի՞նչ կարևորշեշտադրումներ կառանձնացնեք այցից:
— Սիրիայի պատվիրակությունը մասնակցում էր ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստին, քանի որ Սիրիան ներկայացնում էր Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովը, որտեղ այլ հարցերի կողքին, շեշտադրվեց խորհրդարանների դերը տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման գործում:
Կարելի է նաև հպարտությամբ արձանագրել, թե այդ շրջանակում, պատվիրակությունները, այդ թվում նաև Սիրիայի պատվիրակության անդամները, այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարանը և Ծիծեռնակաբերդ, որտեղ ծաղիկներ խոնարհեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության նահատակների հիշատակը:
Կցանկանայի առանձնացնել նաև ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ կատարված այցը, որտեղ հանդիպում ունեցանք տնօրենի և գիտաշխատողների հետ, քննարկեցինք համագործակցության հեռանկարները:
— Այսօր Սիրիայի և Հայաստանի խորհրդարանների օրակարգում ի՞նչ հարցեր եք առաջնայինհամարում: Ո՞ր ուղղություններով պետք է գործընկեր պատգամավորները առաջ շարժվեն:
— ԱԺ նախագահի հետ մեր հանդիպման ժամանակ քննարկել ենք երկու խորհրդարանների հարաբերությունները, հեռանկարները: Կարևոր է հավելյալ ջանքեր գործադրել խորհրդարանական բարեկամական հանձնաժողովների հարաբերությունները զարգացնելու առումով, որպեսզի դրանով շարունակենք դարավոր բարեկամական հարաբերությունները:
— Անցնող տարվա ընթացքում Հայաստանում բուռն ներքաղաքական զարգացումներ տեղիունեցան՝ հեղափոխություն, նոր կառավարություն, ժողովրդավարության հաստատում: Սիրիայիգործընկերների շրջանում ինչպե՞ս են ընկալվում հայաստանյան զարգացումները:
— Սիրիայում հետևում են Հայաստանում տիրող զարգացումներին և քաղաքական փոփոխություններին՝ հույս ունենալով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից և կառավարության նոր կազմը ձևավորելու հետո հնարավոր կլինի կյանքի կոչել ստորագրված բազմաթիվ պայմանագրերը:
— Այս համատեքստում Հայաստան-Սիրիա կապի ամրապնդման գործում ի՞նչ դեր ունեն Սիրիայիխորհրդարանում հայազգի պատգամավորները, ընդհանրապես հայ համայնքը:
— Մենք ձգտում ենք կամուրջ հանդիսանալ երկու երկրների և ժողովուրդների միջև, և մեր բոլոր ջանքերը գործադրում ենք ի նպաստ Սիրիայի և Հայաստանի հարաբերությունների զարգացման:
— Տիկին Արիսյան, ասացեք խնդրեմ, ներկայում անվտանգության տեսանկյունից ի՞նչ իրավիճակ էՍիրիայի հայաշատ վայրերում:
— Պետք է արձանագրել, որ քաղաքներն արդեն ազատված են ահաբեկչական խմբավորումներից, սակայն սա չի նշանակում, որ պատերազմն ավարտվել է: Այո, կյանքն ավելի ապահով է՝ հակառակ կենցաղային որոշ խնդիրներին, ինչպես սղաճը, հոսանքի և ջրի մատակարարման խնդիրները:
— Որպես հայազգի պատգամավոր, հայ համայնքի ներկայացուցիչ՝ ըստ ձեզ, որո՞նք են ներկայումՍիրիայի հայ համայնքի համար օրակարգային խնդիրները:
— Կարծում եմ, բոլոր սիրիացիների նման մեր օրակարգային խնդիրը վերականգնումն է, մանավանդ մեր դպրոցների և հայկական կառույցների վերաշինության պարագան (ինչպես, ասենք, Դամասկոսի արվարձանի մեջ գտնվող հայկական վարժարանը), և այս աշխատանքներն իրականում ենթադրում են գումարներ, բավական ծավալուն աշխատանք, և այստեղ են մեր հիմնական խնդիրները:
Բացի դրանից, կարծում եմ, անպայման պետք է աշխատել գաղութի վերակառուցման խնդիրները լուծելու ուղղությամբ՝ տիրող նոր պայմանների լույսի ներքո:
Ինչ վերաբերում է հայերի վերադարձին, ապա ասեմ, որ, ճիշտ է, հանգիստ իրավիճակը խրախուսում է շատերի վերադարձը, սակայն թերևս, պետք է հաշվի առնել նաև տիրող տնտեսական և կենցաղային իրավիճակը:
Հարցազրույցը՝ Աննա Գզիրյանի