Դաշնակցությունը եւ պետությունը միայն իրար կհամալրեն, իրար չեն հակասի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Վերլուծական » Դաշնակցությունը եւ պետությունը միայն իրար կհամալրեն, իրար չեն հակասի

Դաշնակցությունը եւ պետությունը միայն իրար կհամալրեն, իրար չեն հակասի

«18 թվին Դաշնակները եկան, ասեցին` վեսկի ունեք, ասացին հա:  Ասացին` կարաբին ինք կալեք, ասացին` կարաբինը ինչ ենք անում: Ասումա` բռնել են,  Կարաչինարա մեջին քանի հարյուր հոգու թակել, ասել` այ շան տղա, քանի 3-4 ամիս ռուսը ստեղա, քինացեք զենք առեք: Գնացել են զենք առել, պիրել, 3 ամիս հետո թուրքը ատակվելա: Հիմի չարժե էդ մարդկանց մասին տենց վատ, վարկաբեկիչ բաներ ասել. դա վիրավորական է` վերջին հաշվով: Էդ նույն բանը  կրկնվելա 88-89 թվականներին, երբ ոչ մեկը չէր ուզում Ղարաբաղի մասին մտածել. ասում էին` Ղարաբաղը սենց, Ղարաբաղը նենց: Արա’, դուք չգիտեք, դուք ստեղ չեք եղել, ինչա եղել: Ասում են` պերեգավոր, սաղ ասում են` պերեգավոր` չգիտեմ ում հետ:

 

Ես կանգնել եմ ժողովրդի առաջ, ձեռքս բարձրացրել, ասում եմ` այ ժողովուրդ, պերեգավորն անում են էն մարդու հետ, որն իրենից մարդա ներկայացնում: Ախր դուք էսօր մարդ չեք. թուրքի համար դուք էսօր փախստական, մի բարոյալքված ամբոխ եք: Ինչ պերեգավոր ձեզ հետ: Կանգնեցեք, դիմացեք` ձեզ հետ պերեգավորի կգան: Հիմի էտ նույն բաննա. մարդիկ եկած, կանգնացրեցին ոտի Ղարաբաղը, պահեցին Ղարաբաղը, այսօր կանգնում, ասում են`  Դաշնակցությունը Ղարաբաղից պիտի հեռանա: Ինչի: Ինչա, ինչա, ասում են` պետությունը չի ուզում: Տենց չի ախր: Դաշնակցությունը եւ պետությունը միայն իրար կհամալրեն, իրար չեն հակասի:  Իսկ պրոֆանների, դիլետանտների եւ այլոց լեզվով` նրանք կարո’ղ են իրար հակասել եւ նույնիսկ իրար հետ կռիվ անել: Այ, դա ուրիշ բանա»:

 

Վերոհիշյալ խոսքերը պատկանում են  Շահեն Մեղրյանին, որը հնչեցվել է իր բնակարանում` 1992 թվականի հունիսի 11-ին, մի խումբ ազատամարտիկների հետ ունեցած զրույցի ընթացքում: (Տեսանյութը տեղադրված է aparaj.am կայքէջում)

 

Այդ օրերին Դաշնակցությունն Արցախում իշխանություն էր:  ՀՀ իշխանությունները` գլխավորությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի,  Դաշնակցությանը ենթարկում էին ճնշումների` իշխանությունն Արցախում եւս ՀՀՇ-ին հանձնելու համար: Դեռեւս Արցախյան շարժման առաջին օրերից Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հրապարակ էր իջել մի տեսակետ, ըստ որի` “մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպան լինելու մեջ է”: Նրանց կողմից հնչում էր այն միտքը, որ ժողովրդին զինելով` մենք վտանգոմ ենք Արցախի լինելիությունը: Դժբախտաբար, այդ մտածելակերպը նաեւ ներթափանցել էր Արցախ՝ Արցախյան շարժման այդ օրերի առաջնորդների մեջ:

 

Դաշնակցությունը հայ իրականության մեջ այն ուժն էր, որ հակառակն էր  պնդում, իսկ այդ պնդումն իրագործվեց առաջին  կալաշնիկովներով, որոնք  հասան Շահումյան: Իսկ Շահեն Մեղրյանն այն դաշնակցական գաղափարակիրն էր, ով հանդիսացավ առաջիններից մեկը զինյալ ջոկատների կազմակերպման գործում:

 

Հետագայում փաստվեց  Դաշնակցության մոտեցումների անշրջելիությունը  ջոկատներ կազմելու եւ ժողովրդին զինելու հարցերում:

 

Շահեն Մեղրյանը պատահաբար չի հայտնվել 1992 թվականին հունվարի 7-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի թեկնածուների ցանկում: Մեղրյանը եղել է այդ օրերի ինքնապաշտպանության հիմնական գաղափարը կրողների եւ գործնականում այն իրականացնողների առանցքային դեմքերից մեկը:

 

Վերը նշված մեջբերման մեջ պարզ արտացոլվում է, թե ինչպես է նա պատկերացնում Դաշնակցության եւ պետության համագործակցությունը` նշելով միմյանց համալրելու կարեւորությունը: Այս գաղափարը տարիներ շարունակ փորձեցին լռեցնել, սակայն պարզ եւ ապացուցված փաստ է, որ գաղափարը սպանել, լռեցնել, բանտում պահել չի լինի:

 

 Շահեն Մեղրյանին վերջապես տրվեց Արցախի ազգային հերոսի կոչում: 

 

Խմբագրական 17-31 հոկտեմբեր, 2014թ.

 

1