Դաշնակցությունը եւ պետությունը միայն իրար կհամալրեն, իրար չեն հակասի

«18 թվին Դաշնակները եկան, ասեցին` վեսկի ունեք, ասացին հա: Ասացին` կարաբին ինք կալեք, ասացին` կարաբինը ինչ ենք անում: Ասումա` բռնել են, Կարաչինարա մեջին քանի հարյուր հոգու թակել, ասել` այ շան տղա, քանի 3-4 ամիս ռուսը ստեղա, քինացեք զենք առեք: Գնացել են զենք առել, պիրել, 3 ամիս հետո թուրքը ատակվելա: Հիմի չարժե էդ մարդկանց մասին տենց վատ, վարկաբեկիչ բաներ ասել. դա վիրավորական է` վերջին հաշվով: Էդ նույն բանը կրկնվելա 88-89 թվականներին, երբ ոչ մեկը չէր ուզում Ղարաբաղի մասին մտածել. ասում էին` Ղարաբաղը սենց, Ղարաբաղը նենց: Արա’, դուք չգիտեք, դուք ստեղ չեք եղել, ինչա եղել: Ասում են` պերեգավոր, սաղ ասում են` պերեգավոր` չգիտեմ ում հետ:
Ես կանգնել եմ ժողովրդի առաջ, ձեռքս բարձրացրել, ասում եմ` այ ժողովուրդ, պերեգավորն անում են էն մարդու հետ, որն իրենից մարդա ներկայացնում: Ախր դուք էսօր մարդ չեք. թուրքի համար դուք էսօր փախստական, մի բարոյալքված ամբոխ եք: Ինչ պերեգավոր ձեզ հետ: Կանգնեցեք, դիմացեք` ձեզ հետ պերեգավորի կգան: Հիմի էտ նույն բաննա. մարդիկ եկած, կանգնացրեցին ոտի Ղարաբաղը, պահեցին Ղարաբաղը, այսօր կանգնում, ասում են` Դաշնակցությունը Ղարաբաղից պիտի հեռանա: Ինչի: Ինչա, ինչա, ասում են` պետությունը չի ուզում: Տենց չի ախր: Դաշնակցությունը եւ պետությունը միայն իրար կհամալրեն, իրար չեն հակասի: Իսկ պրոֆանների, դիլետանտների եւ այլոց լեզվով` նրանք կարո’ղ են իրար հակասել եւ նույնիսկ իրար հետ կռիվ անել: Այ, դա ուրիշ բանա»:
Վերոհիշյալ խոսքերը պատկանում են Շահեն Մեղրյանին, որը հնչեցվել է իր բնակարանում` 1992 թվականի հունիսի 11-ին, մի խումբ ազատամարտիկների հետ ունեցած զրույցի ընթացքում: (Տեսանյութը տեղադրված է aparaj.am կայքէջում)
Այդ օրերին Դաշնակցությունն Արցախում իշխանություն էր: ՀՀ իշխանությունները` գլխավորությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի, Դաշնակցությանը ենթարկում էին ճնշումների` իշխանությունն Արցախում եւս ՀՀՇ-ին հանձնելու համար: Դեռեւս Արցախյան շարժման առաջին օրերից Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հրապարակ էր իջել մի տեսակետ, ըստ որի` “մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպան լինելու մեջ է”: Նրանց կողմից հնչում էր այն միտքը, որ ժողովրդին զինելով` մենք վտանգոմ ենք Արցախի լինելիությունը: Դժբախտաբար, այդ մտածելակերպը նաեւ ներթափանցել էր Արցախ՝ Արցախյան շարժման այդ օրերի առաջնորդների մեջ:
Դաշնակցությունը հայ իրականության մեջ այն ուժն էր, որ հակառակն էր պնդում, իսկ այդ պնդումն իրագործվեց առաջին կալաշնիկովներով, որոնք հասան Շահումյան: Իսկ Շահեն Մեղրյանն այն դաշնակցական գաղափարակիրն էր, ով հանդիսացավ առաջիններից մեկը զինյալ ջոկատների կազմակերպման գործում:
Հետագայում փաստվեց Դաշնակցության մոտեցումների անշրջելիությունը ջոկատներ կազմելու եւ ժողովրդին զինելու հարցերում:
Շահեն Մեղրյանը պատահաբար չի հայտնվել 1992 թվականին հունվարի 7-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի թեկնածուների ցանկում: Մեղրյանը եղել է այդ օրերի ինքնապաշտպանության հիմնական գաղափարը կրողների եւ գործնականում այն իրականացնողների առանցքային դեմքերից մեկը:
Վերը նշված մեջբերման մեջ պարզ արտացոլվում է, թե ինչպես է նա պատկերացնում Դաշնակցության եւ պետության համագործակցությունը` նշելով միմյանց համալրելու կարեւորությունը: Այս գաղափարը տարիներ շարունակ փորձեցին լռեցնել, սակայն պարզ եւ ապացուցված փաստ է, որ գաղափարը սպանել, լռեցնել, բանտում պահել չի լինի:
Շահեն Մեղրյանին վերջապես տրվեց Արցախի ազգային հերոսի կոչում:
Խմբագրական 17-31 հոկտեմբեր, 2014թ.