Անելու ենք ամեն ինչ, որպեսզի ընդունվող բանաձևերը և որոշումները լինեն հայանպաստ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Անելու ենք ամեն ինչ, որպեսզի ընդունվող բանաձևերը և որոշումները լինեն հայանպաստ

Անելու ենք ամեն ինչ, որպեսզի ընդունվող բանաձևերը և որոշումները լինեն հայանպաստ

Որո՞նք են Արցախի խնդրի առնչությամբ նախորդ գումարման Եվրոպական խորհրդարանում տարված հիմնական աշխատանքները, ի՞նչ ակնկալել նոր կազմից, ինչո՞վ են պայմանավորված Ֆրանսիայի քաղաքների հետ Արցախի համայնքների համագործակցության հուշագրերի չեղարկման վերաբերյալ ֆրանսիական դատարանի կայացրած որոշումները: Այս և այլ հարցերի պատասխանները` ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի հետ «Ապառաժ»-ի հարցազրույցում:

— Մայիսի 26-ին կայացել են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները: Ինչպե՞ս կգնահատեիք նախկին կազմի հետ աշխատանքները և ինչպե՞ս եք պատկերացնում համագործակցությունը ԵԽ նոր կազմի հետ:

— Ընտրություններից հետո Եվրոպական խորհրդարանում պատկերը փոխվել է այժմ ունենք այն բոլոր մարտահրավերները, որոնք կարելի է ունենալ, երբ ունես նոր սկիզբ կամ նոր սպիտակ էջ: Նախկին խորհրդարանում կար պատգամավորների պատկառելի խումբ, որոնք իրենց համոզմունքներով ինքնորոշման իրավունքի ակտիվ ջատագովներից էին, կողմ էին Արցախի ինքնորոշմանը և կանգնած են եղել Արցախի ժողովրդի կողքին: Նրանցից Էլենի Թեոխարիուսը, Ֆրանկ Էնգելը, Յարոմիր Շտետինան չեն վերընտրվել, բայց նաև նոր խորհրդարանում կա ներուժ, և պետք է լավ աշխատանք տանենք, որպեսզի կրկին ստեղծենք համակիրների նոր, կուռ խումբ:

Իսկ խորհրդարանի նախկին կազմի հետ համագործակցությունը կարելի է գնահատել դրական: Մասնավորապես, ԵԽ կողմից ընդունված Արցախի հետ կապված բանաձևերի մեջ հստակորեն նշվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված հակամարտության կարգավորման երեք` ազատ ինքնորոշման, բռնության չգործադրման և տարածքային ամբողջականության սկզբունքները: Հայկական դիվանագիտությունն աշխատում է, որպեսզի անպայման նշվի նաև ազատ ինքնորոշման իրավունքը: Դրա համար շատ մեծ կուլիսային աշխատանք է տարվում: Ադրբեջանցիներն ակտիվորեն աշխատում են, որպեսզի տարածքային ամբողջականության սկզբունքը ընկալվի որպես առաջատար սկզբունք և դրա համար տարբեր միջոցներ են օգտագործում, տարբեր կերպ են մեկնաբանում այն: Անշուշտ, պետք չէ անտեսել այն հանգամանքը, որ Եվրոպական Միության որոշ երկրներ տարածքային ամբողջականության հետ կապված խնդիր ունեն (օրինակ Իսպանիան, Բելգիան, Միացալ Թագավորությունը), և, հետևաբար, նրանց համար կարևոր է այս սկզբունքը: Ադրբեջանցիներն ամեն մի բանաձևի մեջ, որն անգամ մակերեսային ձևով կարող է առնչվել Արցախի խնդրի հետ, փորձում են հոդված մտցնել, որտեղ նշվում է տարածքային ամբողջականության սկզբունքը: Մանավանդ, նախորդ օրենսդրական շրջանի վերջին մեկ-երկու տարվա ընթացքում շատ ակտիվ էին աշխատում, և երբեմն ստիպված էինք մեկ շաբաթվա մեջ երկու բանաձևի համար պայքարել, որպեսզի տարածքային ամբողջականության սկզբունքը չամրագրվի կամ չասոցացվի Արցախի խնդրի հետ:

Արդյունքում՝ մեզ հաջողվել է Արցախի խնդիրը տարանջատել մյուսներից: «Ադրբեջանական լվացքատուն» անունով հայտնի բացահայտումից հետո ակնհայտ է դարձել, թե  ինչ հսկայական միջոցներ է օգտագործում Ադրբեջանը Եվրոպական Միության անդամ երկրներում ազդեցություն գնելու համար: Բայց չնայած ծախսած շատ մեծ ռեսուրսներին, ակտիվությանը, հստակ է, որ անցած 5 տարիների ընթացքում Եվրոպական պառլամենտում նրանք որևէ շոշափելի առաջընթաց չեն գրանցել:

— ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը տարաբնույթ միջոցառումներ է իրականացնում Արցախի ճանաչման և ճանաչելիության բարձրացման ուղղությամբ: Այս առումով՝ ինչպե՞ս եք գնահատում նախորդ գումարման Եվրոպական խորհրդարանում  տարված աշխատանքը. արդյո՞ք նպատակ ունեք շարունակել նույն աշխատելաոճը:

— Մեր մոտեցման, քաղաքականության մեջ սկզբունքային առումով ոչինչ չի փոխվելու, նաև փորձելու ենք մշակութային ավելի ակտիվ միջոցառումների միջոցով մեր ուղերձը տեղ հասցել: Շարունակելու ենք հետևել Եվրոպական խորհրդարանի գործունեությանը և անել ամեն ինչ, որպեսզի ընդունվող բանաձևերը և որոշումները լինեն հայանպաստ:

Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը շատ ակտիվ և լայնածավալ աշխատանք է տանում խորհրդարանական դիվանագիտության առումով: Անշուշտ, շարունակելու ենք ակտիվացնել Արցախի հետ կապերը, հատկապես Եվրոպական միության անդամ երկրների, Եվրոպական միության խորհրդարանի և Արցախի Ազգային ժողովի միջև:

Եվրոպական պառլամենտի և Բելգիայի խորհրդարանի պատգամավորների այցերը  Արցախ՝ ինքնանպատակ չեն: Այդ մարդիկ, ովքեր ներգրավված են որոշումների ընդունման  մեջ, նախ տեղում ծանոթանում են իրավիճակին, Արցախի մասին ավելի հստակ և ճիշտ պատկերացում են կազմում, և վերադառնալով՝ զարկ են տալիս ավելի ակտիվ համագործակցության Արցախի և իրենց համապատասխան ոլորտի միջև: Արցախ այցելած բոլոր պատգամավորները ներգրավվել են Արցախի հետ բարեկամության խմբերի մեջ: Բելգիայի պարագայում ստեղծվեց բարեկամության երկու շրջանակ` ֆրանսախոսների, որտեղ ներգրավված են ոչ միայն պատգամավորներ, այլև ակադեմիայի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, մյուսը հոլանդախոս շրջանակն է, որտեղ ֆլամանական կամ Բելգիայի դաշնային պառլամենտի անդամներ են ներգրավված: Նույնիսկ նրանք, ովքեր վերջին ընտրությունների արդյունքներով չեն վերընտրվել կամ չեն առաջադրվել, միևնույն է, շարունակելու են իրենց աշխատանքը այդ շրջանակներում:

— Վերջերս Ֆրանսիայի Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմի դեպարտամենտԱրցախ, ՎալանսՍտեփանակերտ, Բուրգ լե ՎալանսՇուշի, Բուրգ դը ՊեաժՄարտունի համայնքների միջև կնքված Բարեկամության հռչակագրերը: Ինչո՞վ եք պայմանավորում նման որոշումները:

— Հարցը մակերեսային առումով իրավական է թվում. ադմինիստրատիվ դատարանների կայացրած որոշումները հիմնվում են իրավական հակասությունների վրա, որոնց հիման վրա այդ համաձայնագրերը պետք է չեղյալ հայտարարվեն:  Գուցե իրավական առումով այդ տեքստերը խոցելի են եղել, բայց հստակ կարելի է ասել, որ հարցը նախևառաջ քաղաքական բնույթ ունի, և ուրեմն մեր դիվանագիտությունն ավելի մեծ աշխատանք ունի տանելու այդ ուղղությամբ: Տվյալ պարագայում ադրբեջանական դիվանագիտությունն ավելի ակտիվ է եղել:  Կայացված որոշումները պետք է բողոքարկվեն ավելի բարձր ատյանում, որտեղ հայկական կողմի շանսերը հնարավոր է ավելի մեծ լինեն:

— Արդյո՞ք  այդ որոշումները կարող են խոչընդոտել Արցախի համայնքների և Եվրոպայի տարբեր քաղաքների հետագա հնարավոր համագործակցությանը:

— Բնականաբար, այդ որոշումները դրական ազդեցություն չեն կարող ունենալ: Բայց չի կարելի ասել, թե համագործակցության այդ ձևը պետք է բացառել: Նախ պետք է որոշել, թե տարբեր եվրոպական երկրներում համագործակցության ինչպիսի տարբերակ ենք ընտրում` համաձայնագրերի տեսքով կամ այլ ձևով: Ամեն երկիր ունի իր յուրահատուկ օրենքները. պետք է ուսումնասիրել, թե որոնք են այդպիսի համագործակցություն ունենալու շանսերը ու դրանցով առաջնորդվել:

— Եվրոպական միության տասնյակ երկրներ արդեն վավերացրել են ՀՀ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ): Ինչպե՞ս եք գնահատում այդ համաձայնագիրը  ՀՀ-ի հետ Եվրոպական միության երկրների համագործակցության խորացման գործում: Հիմնականում տնտեսական, պետական կառավարման և այլ ոլորտներում բարեփոխումների իրականացմանը վերաբերող այս համաձայնագիրը Հայաստանի համար քաղաքական ի՞նչ նշանակություն կարող է ունենալ:

— Հայաստանի Հանրապետության հետ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրն առնչվում է տարբեր ոլորտների: Համաձայնագիրը հնարավորություն է տալիս ունենալ և տեխնիկական, և ֆինանսական աջակցություն, որպեսզի բարեփոխումներ արվեն տնտեսության, արդարադատության, պետական կառավարման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում:

Այն լավ գործիք է: Պարզապես հարցը նրանում է, թե ինչպես ենք օգտագործելու. շատ բան կախված է գործադրումից: Կարող ես ունենալ ամենալավ, հրաշալի տեքստը, բայց չկիրարկելու դեպքում ոչ մի արդյունք չես կարող ունենալ: Իսկ քաղաքական առումով ՀԸԳՀ-ն շատ լավ հնարավորություն է Հայաստանի համար՝ ցույց տալու իր բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը: Հատկապես ապրիլյան պատրազմից հետո տեսանք, թե որքան անհրաժեշտ է այդ քաղաքականությունը: Շատ կարևոր է, թե կհաջողվի՞ արդյոք ստեղծել իսկապես անաչառ, անկախ և արդար դատական համակարգ: ԵՄ-ի հետ համաձայնագիրը տալիս է այդ հնարավորությունը. ուղղակի պետք է կարողանանք ճիշտ օգտագործել, որի համար պետք են քաղաքական կամք ու հստակ խորքային բարեփոխումներ:

Հարցազրույցը` Տաթևիկ Աղաջանյանի

1