BBC-ն Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» ստեղծագործության մասին հատուկ հաղորդում է ներկայացրել
30.01.2018թ. 11:01:32
BBC Radio 3-ը ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» ստեղծագործության վերաբերյալ հատուկ հաղորդում է հրապարակել: Հաղորդումը տևում է շուրջ 50 րոպե և ներկայացնում է Վերֆելի գրքում նկարագրված պատմությունը:

«1933թ-ին հրատարակվեց Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» էպիկական վեպը, որը շատ լայն արձագանքի արժանացավ: Պատմությունը նկարագրում է, թե ինչպես էին մի խումբ հայ գյուղացիներ դիմադրում հսկայական թուրքական ուժերին 1915թ-ին Մուսա լեռ կոչվող սարի վրա մինչև ֆրանսիական նավի կողմից եգիպտական Պորտ Սաիդ տարհանվելը: Այս ժամանակաշրջանում մեկ միլիոնից ավելի հայերի զանգվածային կոտորածը մեծ միջազգային արձագանքի էր արժանացել, սակայն դրան հետևել էին Օսմանյան կայսրության կործանումն ու Հանրապետական Թուրքիայի կառավարության կողմից ժխտողականության արշավի մեկնարկը»,- նշված է հաղորդման նկարագրության մեջ:

Հաղորդման հեղինակ Մարիա Մարգարոնիսը նշում է նաև 1921թ-ին Բեռլինում Հայոց ցեղասպանության ծրագրի հեղինակներից Թալեաթ փաշայի սպանության մասին, ինչի հետևանքով հայկական ջարդերի մասին սկսեցին լայնորեն խոսել նաև Գերմանիայում, որի կառավարությունը համագործակցել է Օսմանյան կայսրության հետ: «Հայերի ճակատագիրը լայնորեն քննարկվել է, և ակնհայտ կապեր են անցկացվել «Հրեական հարցի» և Հիտլերի իշխանության գալու տարիների հետ»,- նշվում է հաղորդման նկարագրության մեջ:

Անդրադառնալով Ֆրանց Վերֆելի վեպին՝ հեղինակը նշում է, որ Վերֆելն ու իր կինը՝ Ալմա Մալերը, 1929թ-ին Մերձավոր Արևելքում շրջագայության են եղել, որտեղ էլ հանդիպել են հայ գաղթական երեխաների խմբերի, ինչն էլ մղել է ավստրիացի գրողին ստեղծել «Մուսա լեռան 40 օրը»: «Վերֆելի և իր ընթերցողների համար «Մուսա լեռան 40 օրը» ոչ միայն հարգանքի տուրք է հայերի դիմադրությանը, այլև զգուշացում: Վերֆելի աշխատանքներն արգելվում ու այրվում էին «Անշլյուս»-ից հետո, իսկ գրողն ու իր կինը 1938թ-ին ստիպված եղան փախչել ԱՄՆ: Հոլիվուդը ժամանակին փորձեր էր անում էկրանավորել, սակայն թուրքական կառավարությունը քայլեր էր ձեռնարկում՝ խանգարելով այդ գործին»,- գրում է Մարիա Մարգարոնիսը: