8 զավակներ ունեցող հայրը միայն խաղաղություն է ցանկանում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » 8 զավակներ ունեցող հայրը միայն խաղաղություն է ցանկանում

8 զավակներ ունեցող հայրը միայն խաղաղություն է ցանկանում

<<Երազում եմ բժիշկ դառնալ: Այժմ սովորում եմ Ստեփանակերտի բժշկական քոլեջում, սակայն ծնողներս դժվարանում են վճարել ուսմանս վարձը: Հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի եւ ապագայում էլ կշարունակեմ կրթությունս>>,- սա 15-ամյա Գոհարի ամենամեծ երազանքն է: Գոհարը բազմազավակ ընտանիքի 2-րդ զավակն է. նա ունի նաեւ 4 քույր եւ երեք եղբայր:

 

Բաբայանների ընտանիքում մեծանում են 8 երեխա՝ 5 աղջիկ եւ 3 տղա: Մեծ զավակը 15 տարեկան է, փոքրը՝ 8 ամսական:
Ընտանիքի հայրը՝ Գեղամ Բաբայանը, Արցախյան ազատամարտի մասնակից է, երկրորդ կարգի հաշմանդամ: Նա 17 տարեկան էր, երբ Արցախյան գոյապայքարը սկսվեց. թաղի տղաների հետ գնաց մարտի դաշտ, մի քանի անգամ վիրավորվեց, 2 անգամ ուղեղի ցնցում ստացավ:

 

Ասում է՝ մահից մի քանի անգամ փրկվելուց հետո սկսում ես Աստծո զորությանը հավատալ. <<Երբ մի քանի անգամ հրաշքով փրկվում ես, մի քանի անգամ լավագույն ընկերներիդ ես կորցնում, սկսում ես հավատալ Աստծո գոյությանը: Ընտանիքիս բոլոր անդամները Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ են: Հավատքը շատ է օգնում ընտանիքում ճիշտ հարաբերություններ ստեղծելու, համերաշխություն ապահովելու համար>>,- ասաց ընտանիքի հայրը:

 

Հին Կրկժանում կիսակառույց տան էին ապրում: Երկու տարի առաջ Ստեփանակերտի Ուլուբաբյան փողոցում կառավարությունը բազմազավակ ընտանիքի համար տուն է կառուցել եւ ընտանիքը տեղափոխվել է նոր տուն, իսկ հին կիսակառույց տունն օգտագործում են որպես պահոց: Հին տան կից հողամասն էլ մշակում են ու անասնապահությամբ զբաղվում:

 

Ընտանիքի մայրը՝ Լիանան նշում է, որ ընտանիքի ամսական ընդհանուր եկամուտը 130 հազար դրամ է: Դա բավարարում է միայն կոմունալ ծախսերի, փոքրիկների կարիքները մասնակի հոգալու համար:

 

<<Մենք այգի ունենք, բավականին մեծ հողատարածք ենք մշակում, անասնապահությամբ ենք զբաղվում: Ընտանիքի հիմնական եկամուտը դրանք են ապահովում: Իհարկե, շատ ենք չարչարվում, սակայն հեշտ աշխատանք չկա>>,- նշում է Լիանան:

 

Առ այսօր Ստեփանակերտի մի քանի թաղամասերում լուծված չէ խմելու ջրի հարցը: Ուլուբաբյան փողոցը դրանցից մեկն է: <<Այստեղ միակ խնդիրը ջուրն է: Ամբողջ ամառ ջուր չունեինք, եւ երեխաները աղբյուրից էին բերում թե՛ այգին ջրելու, թե՛ տան կարիքները հոգալու համար: Այստեղ էլ փոքրիկ հողամաս ունենք, սակայն ջրի պատճառով շատ բան չենք ցանում>>,- ասաց Գեղամը:

 

Ընտանիքում ամեն մեկն իր գործը գիտի, աշխատանքի հստակ բաժանում կա: Գոռը ուսումնարանից գալիս՝ գնում է փայտ բերելու, Գոհարը փոքրերին է խնամում: Ընտանիքի եկամուտն էլ ծախսվում է առաջնային պահանջները բավարարելու համար:
<<Աղջկաս ուսման վարձն, անշուշտ, դժվարանում ենք վճարել: Նամանավանդ ձմռանը մի քիչ ավելի դժվար է լինում, քանի որ ձմռանը խնդիրները շատանում են: Սակայն, ինչ արած, ծախսերը պետք է մի տեսակ կրճատենք, որ Գոհարը կրթություն ստանա>>,- ասում է Գեղամը:

 

Հարցին՝ թե ինչպես են համարձակություն ունեցել 8 երեխա ունենալ, ընտանիքի հայրը պատասխանում է. <<Ես եւ կինս մեծացել ենք բազմազավակ ընտանիքում: Երբ ամուսնացանք՝ հստակ գիտեինք, որ մենք էլ շատ երեխաներ պետք է ունենանք: Ընտանիքս բաղկացած է 3 ապագա զինվորից եւ 5 ապագա մայրերից: Հնարավոր է, որ մենք մեր երեխաների համար ամենալավ ու հարմար պայմանները չենք ապահովում կյանքի համար, սակայն մի շատ կարեւոր բան կա. նրանք մեծանում են դրական, սիրով լի միջավայրում>>,- նշում է Գեղամը:

 

Ուլուբաբյան փողոցից մինչեւ մոտակա դպրոցն ու մանկապարտեզը հասնելու համար երեխաները 3 կմ-ից ավելի ճանապարհ են անցնում: Քաղաքային տրանսպորտն էլ լավ չի աշխատում: 8 երեխաներից երկուսը ուսումնարան են հաճախում, իսկ այնտեղ հասնելու համար երկու տրանսպորտ են փոխում: Դրա համար մյուս երկու դպրոցականները ոտքով են գնում դպրոց, որպեսզի տնտեսեն տրասնպորտի գումարը՝ ամեն առավոտ ստիպված լինելով 50 րոպե քայլել մինչեւ դպրոց:

 

Այս բոլոր խնդիրներով հանդերձ՝ ընտանիքը ապագայի հետ մեծ հույսեր է կապում: Ընտանիքի հայրը նշում է.  <<Մենք, փառք Աստծո, կարող ենք լուծել օրվա հացի խնդիրը, երեխաներս առողջ են, եւ, որ ամենակարեւորն է, ապրում ենք խաղաղ պայմաններում: Դրանից առավել բան չեմ էլ ցանկանում>>:

 

Արմինե Նարինյան

1