7-ը տարի անց...
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Վերլուծական » 7-ը տարի անց...

7-ը տարի անց…

Յունւարի 19-ին լրանում է Թուրքիայում հրատարակւող հայերէն-թուրքերէն  <<Ակօս>>   շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Հրանտ Դինքի նահատակութեան 7-րդ տարին:

 

Հրանտ Դինքին թիկունքից երեք գնդակներ արձակող ոճրագործը իր զազրելի գործը  <<արդարացնելու>>  համար, փախուստի պահին,  <<գեաւուր>> է կանչել… Դա հետագայում հիմք է հանդիսացել, որպէսզի սպանութիւնը պայմանաւորւի ազգային-ցեղապաշտական հակումներով յայտնի թուրք ազգայնամոլների հայատեացութեամբ: Հայութիւնը, սակայն, իր պոլսահայ արդարամիտ զաւակի կորուստը բնութագրեց ոչ այլ կերպ քան <<1.500,000 + 1>> խորհրդանշանով, իսկ հարիւրհազարաւոր հայ, քուրդ եւ թուրք ցուցարարները, Պոլսի փողոցներում Հրանտի յուղարկաւորութեան օրը, դա բարձրաձայնեցին որպէս  <<Բոլորս Հրանտ Դինք ենք, բոլորս հայ ենք>> ցնցիչ վանկարկումներով…

 

Հազիւ 10-ամեայ թերթի <<Ակօսի>>  գլխ. խմբագիրը, յատկապէս թերթի թուրքերէն սիւնակներում, հանդէս էր գալիս հայ-թուրք հասարակայնութիւնների միջեւ  պատմական վէճերը՚ փոխադրել երկխօսական-քաղաքակրթական ոլորտ, կոտրել կաշկանդիչ <<տաբուները>>…, բայց չէ որ ազգայնամոլը, ցեղապաշտը եւ նոյնինքն <<Էրգենեքոնը>>  չի հանդուրժում ու չի ուզում հասկանալ երկխօսութեան լեզուն…

 

Իսկ այսօր էլ, ցաւօք, թուրք հասարակայնութեան մօտ դեռեւս տիրական է ու սարսափազդու խօսքի ու գրչի ազատութիւնը: Այդ պատճառով իսկ Փամուքներն ու Աքչամները երկար տարիներից ի վեր արտաքսւածի կարգավիճակում են ու սեփական երկիր մուտք գործել չեն համարձակւում…

 

Թուրքական ցեղապաշտութիւնն ու Հայոց Ցեղասպանութեան ժխտողականութիւնը (այս վերջինը տասնամեակներ շարունակ նաեւ պետական մակարդակով է ի գործ դրւում) իրերի բերմամբ զուգորդւած են միմեանց, իսկ թուրքական պետական մարմինը եւ տւեալ դէպքում  <<Արդարութիւն եւ զարգացում>> կուսակցութեան իշխանական պարագլուխները, որոնք առաջիններից էին, որ դատապարտում էին Դինքի սպանութիւնը (իմիտացիա…), մշտապէս փորձել են խոյս տալ այդ զուգորդումից: Աւելին, նրանք հէնց օրերս կրկին ապացուցեցին, որ շատ հեռու են արդարամտութիւնից ու պատմական անժխտելի փաստերը իրենց անւամբ կոչելուց, երբ նոյնինքն Էրդողանն ու Գիւլը թուրք հասարակայնութեանը նախապատրաստում էին Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի Հայոց պահանջատիրութեանը հակահարւած տալուն:

 

Իսկ նման պարագաներում Դինքի<<դատավարութեան>>7-ամեայ ձգձգումները առաւել քան երբեւէ զարմանքի տեղիք չեն տալիս…:

 

Դինքի յիշատակը, սակայն, ոչ թէ թուրքական <<դատավարութիւններով>>,  այլ իր իսկ կենսատու <<Ակօս>>-ներում ցանած սերմերի ծլարձակումներով է յաւերժանում..:

 

 

 <<ԱԼԻՔ>>ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ

ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

 


 

1