24 տարի առաջ այս օրը դավադրաբար սպանվեց Նորայր Դանիելյանը
18.10.2017թ. 12:29:32

1993 թվականի հոկտեմբերի 18-ին Խաչենում անհայտ հանգամանքներում զոհվել է Արցախի ազատամարտի հերոս, Արցախի պաշտպանության բանակի փոխգնդապետ (1993), Մարտակերտի ՊԲ հիմնադիր հրամանատար, ԼՂՀ ԳԽ պատգամավոր Նորայր Դանիելյանը:

Նորայր Դանիելյանը ծնվել է 1967 թվականի օգոստոսի 1-ին Մարտակերտի Գյուլաթաղ (ներկայիս Վարդաձոր) գյուղում։ 1984-ից սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում, 1989-ից մասնակցել է Արցախյան ազատագրական պայքարին։

1990-ին վերակառուցել է Ջանյաթաղի դաշտային օթևանը, հիմնադրել Քաջավան գյուղը։ 1990-ի հոկտեմբերի 4-ին Նորայր Դանիելյանը ձերբակալվել է ԽՍՀՄ ՆԳՆ զինվորների կողմից, այնուհետև պահվել Շուշիի, ապա՝ Բաքվի բանտերում։ 1992-ի ապրիլի վերջին փոխանակմամբ ազատ է արձակվել։

1992-ին դարձել է Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատար։ Մասնակցել է Մարտակերտի, Քելբաջարի և Կուբաթլու շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1993-ից ընտրվել է ԼՂՀ ԳԽ պատգամավոր։ Ամուսնացած չէր։ Թաղված է Ստեփանակերտում։

Նորայր Դանիելյանը հետմահու արժանացել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի։

MS-918-1992-october