2018-ի առաջին զորակոչը Քաշաթաղում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » 2018-ի առաջին զորակոչը Քաշաթաղում

2018-ի առաջին զորակոչը Քաշաթաղում

Հունվարի 15-ին Քաշաթաղի զինկոմիսարիատը առավոտյան մարդաշատ էր: Զորակոչային բաժնում զբաղված էին զորակոչիկներին ընդունելով ու վերջնական տեսքի բերելով նրանց փաստաթղթերը: Զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը տեղեկացրեց, որ 2018-ի առաջին զորակոչն է, և այժմ շրջանից հերթական երիտասարդներն են մեկնում Հայոց բանակ: Նշեց՝ ներկայացած տղաներն առողջական խնդիրներ չունեն, բոլորն էլ անցել են բժշկական հանձնաժողով:

Բերձորի բնակիչ Հրայր Սարգսյանը երրորդ որդուն՝ Գոռին է ճանապարհում: Ավագ որդին՝ Ժիրայրն այս ամառ վերադարձել է բանակից: Վլադիմիր որդին արդեն մեկ տարի է հայրենիքի զինվոր է, և շուտով կրտսեր եղբայրը կմիանա նրան: Բոլոր զինվորներին իր հայրական օրհնանքը տվեց Գոռի հայրը՝ մաղթելով նրանց քաջություն, անվախ սիրտ, իմաստություն, հաջողություն և բարի վերադարձ իրենց սպասողների մոտ:

Զորակոչային բաժնի պետ, կապիտան Հովհաննես Բայաթյանն ասաց՝ բոլոր տղաների տրամադրությունը բարձր է, գիտակցում են իրենց անելիքը: Վաչագան Հովհաննիսյանին մայրն էր ուղեկցում: Արտաշավիի Լ. Ազգալդյանի անվ. միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Վաչագանն ընդունվել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Առաջին կուրսից է մեկնում բանակ, չի օգտվել տարկետման իրավունքից. դիմում է ներկայացրել, որ իրեն բանակ տանեն:

Լիդա Սոլոմոնյանն իր զավակին և բոլոր զինվորներին տվեց մայրական օրհնանքը՝ ծառայեն խաղաղությամբ և տուն գան անփորձանք, իսկ ծնողներին համբերություն ցանկացավ: Երբ արդեն պատրաստ էին նորակոչիկների փաստաթղթերը, զինկոմի տեղակալ Կամո Ալավերդյանի հրահանգով տղաները շարվեցին զինկոմիսարիատի միջանցքում և ականջալուր եղան նրա հորդորներին, խրատներին:

Քաշաթաղի շրջանում արդեն բարի ավանդույթ է, որ նորակոչիկները կենտրոնական հավաքակայան մեկնելուց առաջ այցելում են Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցի, այնուհետև Արցախյան գոյամորտի մարտիրոսներին նվիրված հուշահամալիր: Այստեղ Նորակոչիկներին ողջունեցին, բարի ծառայություն և վերադարձ մաղթեցին շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը և տողերիս հեղինակը: Ռազմահայրենասիրական երգերով հանդես եկավ «Բերձոր« ժողգործիքների համույթի երգչուհի Փիրուզա Արզումանյանը: Նորակոչիկներն ու նրանց ուղեկցող հարազատները պարեցին հուշահամալիրի տարածքում: Ուրախ երաժշտության հնչյունների ներքո զինվորացու տղաները մեկնեցին Ստեփանակերտ, որտեղ որոշվելու է՝ ով որ զորամասում է ծառայելու: Ճանապարհեցինք հերթական զորակոչիկներին՝ հավատով Հայրենի երկիրը միշտ պաշտպանված է լինելու:

Զոհրաբ Ըռքոյան

1