20-րդ դարավերջի ցեղասպանության ակտ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » 20-րդ դարավերջի ցեղասպանության ակտ

20-րդ դարավերջի ցեղասպանության ակտ

Ահա 28 տարի շարունակ` մեր ժողովուրդն անանց ցավի ու կսկիծի զգացումով անդրադառնում է իր նորագույն պատմության ողբերգական իրադարձություններից մեկին՝ Բաքվի հայ բնակչության 1990թ. հունվարյան ջարդերին, ոգեկոչում ազգային ատելության ու անհանդուրժողականության հողի վրա իրականացված այդ զանգվածային եղեռնագործության կամ, միջազգային իրավական եզրույթով եթե բնորոշենք, ցեղասպանության հազարավոր անմեղ զոհերի անմոռաց հիշատակը։

Բաքվի 1990թ. հունվարյան, ինչպես և՝ Սումգայիթի 1988թ. փետրվարյան, ապա և այդ հանրապետության ավելի քան կես միլիոն հայ ազգաբնակչության ջարդերը, բռնատեղահանումները, գույքի և ամենայն ինչքի բռնագրավումները, փաստորեն, տրամաբանական զարգացումն ու շարունակությունն էին հայության բնաջնջման, արտաքսման այն հետևողական քաղաքականության, որը միևնույն ձեռագրով իրականացվել էր Օսմանյան Թուրքիայի երիտթուրքական, ապա և քեմալական իշխանությունների ու գազազած մոլեռանդ թուրք-քրդական ամբոխի համատեղ ջանքերով։ Երկու պարագայում էլ՝ ինչպես թուրքական, նույնպես և ադրբեջանական, հավասարապես ցեղասպան իշխանությունների հետապնդած նպատակը մեկն էր՝ Մեծ Թուրանի ստեղծման ճանապարհին ամենայն գնով վերացնել այն արգելապատնեշը, որպիսին Ստամբուլ-Անկարան ու Բաքուն տեսնում էին և առ այսօր էլ դիտարկում են՝ հանձինս հայ ժողովրդի։ Հայության համառ գոյատևումն իր պատմական բնօրրանում, չնայած բոլոր այն անմարդկային պայմաններին ու տառապանքներին, որոնց մեջ անողոք ու անարդար ճակատագրի բերումով նա հայտնվել էր թե դարասկզբին և թե դարավերջին, իրականում այն ոսկորն էր, որ խրվել, մնացել էր թուրքական և ադրբեջանական իշխանությունների կոկորդում և ինչից ազատվելու համար խտրականություն չէր դրվում միջոցների միջև՝ առաջնորդվելով՝ նպատակն արդարացնում է միջոցները սկզբունքով, անտեսելով, քամահրելով միջազգային կարծիքը և դարձյալ միջազգային իրավական նորմերը՝ առանց հետագա պատասխանատվության որևէ վտանգի ու վախի զգացողության։

Արդյո՞ք միջազգային հանրությունը պատասխանատվության ենթարկեց, պատժեց երիտթուրքական և ապա քեմալական իշխանություններին ավելի քան երկու միլիոն հայերի բնաջնջման համար՝ ինչպես Օսմանյան Թուրքիայի տարածքում և Արևմտյան ու Արևելյան Հայաստաններում, ապա և Բաքվում՝ 1918թ. սեպտեմբերին, ապա և Արցախի Շուշի քաղաքում և մերձակա հայկական գյուղերում, 1920-ի մարտին՝ թուրք-թաթարաքրդական համատեղ ուժերով։ Բացարձակապես։ Միջազգային հանրությունն այսօր էլ՝ այդ արյունալի իրադարձություններից մեկ դար և կամ, եթե ըստ հաջորդականության դիտարկենք, գրեթե մեկ դար անց քար անտարբերությամբ է նայում թուրքական պետության այդ հակամարդկային քաղաքականության դրսևորումներին ու որպես դրանց ծանր հետևանք՝ հայ ժողովրդի ապրած ողբերգություններին։ Արձանագրենք՝ ընդամենը երկու տասնյակ պետություն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը ու մի քանի միջազգային կազմակերպություն։

Արդյո՞ք միջազգային հանրությունը պատասխանատվության ենթարկեց, պատժեց երիտթուրքական և ապա քեմալական իշխանություններին ավելի քան երկու միլիոն հայերի բնաջնջման համար՝ ինչպես Օսմանյան Թուրքիայի տարածքում և Արևմտյան ու Արևելյան Հայաստաններում, ապա և Բաքվում՝ 1918թ. սեպտեմբերին, ապա և Արցախի Շուշի քաղաքում և մերձակա հայկական գյուղերում, 1920-ի մարտին՝ թուրք-թաթարաքրդական համատեղ ուժերով։ Բացարձակապես։ Միջազգային հանրությունն այսօր էլ՝ այդ արյունալի իրադարձություններից մեկ դար և կամ, եթե ըստ հաջորդականության դիտարկենք, գրեթե մեկ դար անց քար անտարբերությամբ է նայում թուրքական պետության այդ հակամարդկային քաղաքականության դրսևորումներին ու որպես դրանց ծանր հետևանք՝ հայ ժողովրդի ապրած ողբերգություններին։ Արձանագրենք՝ ընդամենը երկու տասնյակ պետություն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը ու մի քանի միջազգային կազմակերպություն։

Եթե չհաշվենք, որ Բաքվի ջարդերից շուրջ մեկուկես ամիս անց՝ մարտի 29-ին, այդ առնչությամբ կայացել է ԽՍՀՄ ԳԽ խորհրդի փակ նիստ, որտեղ միութենական

բարձրագույն ղեկավարությունը, ի պատասխան ադրբեջանական պատվիրակության հարցապնդման, այն է՝ ստեղծել հանձնաժողով՝ խորհրդային զորքը Բաքու մտցնելու և նրա գործողությունները հետաքննելու համար, ներկայացրել է արյունալի իրադարձությունների այնպիսի մանրամասներ, որոնք այդպես էլ չեն լուսաբանվել մամուլում, և արդյունքում, փոխադարձ համաձայնությամբ, հանձնաժողով չի ստեղծվել, իսկ հայերի ջարդերը մատնվել են հանցավոր մոռացության։ Ահա ընդամենը կամ գրեթե ընդամենն այդքանը։

Միջազգային հանրությունը, անտեսելով մարդկության հանդեպ ուղղված այդ ոճրագործություններին իրավական գնահատական տալու և ոճրագործներին խստորեն պատասխանատվության ենթարկելու հրամայականը, փաստորեն, այսպես ասած, դանդաղ գործողության ական է դրել իր իսկ և իր միջոցով՝ ամբողջ մարդկության ոտքի տակ։

Այլապես, հազիվ թե նացիստական Գերմանիան ձեռնարկեր հրեա ժողովրդի ցեղասպանությունը եվրոպական երկրներում՝ հրեական Հոլոքոստը։ Տեղի չէր ունենա Կամբոջայի ժողովրդի ցեղասպանությունը, որ իրականացրել էր այդ երկրի կոմունիստական կազմակերպությունը։ Կկասեցվեր Սուդանի արյունահեղությունը՝ տեղի բնակիչների և արաբախոս բնակչության միջև զինված բախումների հետևանքով։ Իսկ ցեղասպանությունները շարունակում էին հաջորդել իրար՝ Խորվաթիա, Բոսնիա, Կոսովո, ներկայումս՝ Սիրիա և Իրաք։

Եթե խորհրդային կենտրոնը՝ Մոսկվան, ի սկզբանե խստորեն դատապարտեր Սումգայիթի փետրվարյան ջարդերը, ապա հազիվ թե դրանք կրկնվեին Կիրովաբադ-Գանձակում, Շամխորում, Շամախիում ու Նուխիում, Բաքվում, Ադրբեջանի մյուս բնակավայրերում, իսկ 1992-ի ապրիլին՝ նաև Արցախի Մարաղա գյուղում։ Վերջապես՝ խորհուրդների երկրում դժվար թե արձանագրվեին զանգվածային արյունահեղության փաստերը Ֆերգանայում, Դուշանբեում, Նովի Ուզենում, Օշում։

Իրականում ամեն ինչ ինքնահոսի է մատնվել։ Բայց ոչ ակամա, ոչ անփութորեն, այլ՝ նպատակային հանցավորությամբ։ Հիշենք Ադրբեջանի կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար Վեզիրովի արձագանքն արձակագիր Յուսիֆ Սամեդօղլուի ահազանգին, թե շաբաթ օրը, հունվարի 13-ին Բաքվում հայերի մեծ ջարդ է սպասվում։ ՙՈչինչ, թող տղաները մի քիչ լիցքաթափվեն՚,- անհոգ պատասխանել է նա: Իսկ ջարդերի օրը՝ հունվարի 13-ին, հանդիպելով Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) ակտիվի հետ, ինչը հեռարձակվել է հանրապետական հեռուստատեսությամբ, նա ասել է. «…Մեր թշնամիներին մենք մեր ճանապարհից պիտի սրբենք, ինչպես Լեռնային Ղարաբաղի մարզկոմը սրբեցինք, ԼՂԻՄ-ի կառավարման հատուկ կոմիտեն և շատ ուրիշների…»։ Անշուշտ, հիշում եք, Բաքվի ջարդերից մեկ օր առաջ էր, երբ Գորբաչովը չարագուշակ հայտարարություն արեց, ասելով. «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման պահանջը անխուսափելիորեն հարցականի տակ կդնի Բաքվի 250 000 հայերի ճակատագիրը»: Արդյո՞ք հայերի եղեռնը սանձազերծելու ազդանշան չէր դա։

Այս համատեքստում ևս մեկ իրողություն, որի մասին ակնարկել է հանրահայտ Ջորջ Սորոսն իր «Գորբաչովի հայեցակարգերը՚ գրքում։ Իրականությունից այնքան էլ հեռու չեն ենթադրություններն առ այն՝ նշել է նա, թե հայկական ջարդերն Ադրբեջանում ներշնչված են եղել տեղական մաֆիայի կողմից, որին ուղղորդում էր Ադրբեջանի ՊԱԿ-ի նախկին ղեկավար Հեյդար Ալիևը, ով նախապես տեղյակ էր այդ ամենին և առանց որի ոչինչ չէր արվում Ադրբեջանում։

Ու սկսվեցին խորհրդային տարիներին նախադեպը չունեցած հայերի կոտորածները, որոնք իրագործվեցին Ադրբեջանի ազգայնական ու կուսակցական-կառավարական մաֆիայի (կոմկուսի կենտկոմ, ՊԱԿ, ԱԺՃ) կողմից՝ հենվելով խաժամուժի վրա և, անշուշտ, Կրեմլի հանցավոր թողտվությամբ։ Միայն խորհրդային զորքերի գրեթե մեկշաբաթյա ուշացումով Բաքուն գրոհելուց հետո է, որն իրականացվեց ոչ այնքան անպաշտպան հայ բնակչությանը սատարելու, որքան Ադրբեջանում խորհրդային իշխանության տապալումը կանխելու նպատակով, փրկվեցին ողջ մնացած հայերը: Մի քանի օրվա ընթացքում՝ հունվարի 13-ից մինչև 20-ը, Բաքուն լիովին հայաթափվեց:

Որքան էլ տարօրինակ թվա, Բաքվի հայկական ջարդերի զոհերի թիվն անորոշ է առ այսօր, թեկուզ, ինչպես Սումգայիթի պարագայում է, շրջանառվում են տարբեր թվեր: Արդյո՞ք հնարավոր է գոնե մոտավորապես ճշտել Բաքվում նահատակված մեր հայրենակիցների թվաքանակը: Ըստ ակադեմիկոս Զիա Բունիաթովի՝ Բաքվում 9000 հայ է զոհվել, Սումգայիթում՝ 700: Թե որքանով է դա ստույգ՝ այսօր դժվար է ասել, քանզի ջարդերի հետևանքով մահացածության փաստերը յոթը կողպեքի տակ են պահվում Ադրբեջանի արխիվներում, առավել ևս, որ նահատակվածների դիակները շուտափույթ ցրել էին Բաքվի և շրջակա բնակավայրերի դիարաններում, իսկ հետագայում՝ գիշերները, մթության քողի տակ հողածածկ արել Ապշերոնի թերակղզու ամայի տարածքներում։ Բայց երևի թե հիմք չունենք չհավատալու Սումգայիթի ու Բաքվի հայոց կոտորածների ամենաակտիվ կազմակերպիչներից մեկին, ով տիրապետում էր առկա փաստերին: Ի դեպ, ԽՍՀՄ ՆԳՆ օպերատիվ քննչական խմբի շտաբի պետ Վիկտոր Կրիվոպուսկովը Սումգայիթի պարագայում համարյա նույնն է ասում իր ՙԽռովահույզ Ղարաբաղ՚ փաստավավերագրական գրքում՝ նշելով, որ Սումգայիթում սպանված հայերի թիվը մի քանի հարյուրի է հասնում: Սա նշանակում է, որ Բունիաթովի բերած թվերը, ամենայն հավանականությամբ, մոտ են ճշմարտությանը:

Ընդունված է ասել, որ Բաքվի հայ բնակիչների հունվարյան, ինչպես որ, առհասարակ, Ադրբեջանի հայության ջարդերն այդ հանրապետության իշխանությունների պատասխանն էր Ղարաբաղյան շարժմանը՝ Մայր հայրենիքի հետ վերամիավորվելու արցախահայության ձգտումներին։ Այո, դա այդպես է։ Բայց եթե 1987-1988թթ. հերթական անգամ վերածնունդ չապրեր մեր շարժումը, արդյո՞ք այդ խորհրդային հանրապետության պետականակիր հայ ազգաբնակչությունը հետագայում կխուսափեր նման դառը ճակատագրից։ Հաստատապես՝ ոչ։ Ոչ, քանզի մինչ այդ իսկ՝ Լեռնային Ղարաբաղը ՌԿ(բ)Կ կովբյուրոյի ապօրինի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ-ին բռնակցելու ժամանակաշրջանից ի վեր՝ Արևմտյան Մերձկասպիայի այդ տարածքի հայության գլխին ի սկզբանե ուրվականի պես չարագուշակ սավառնում էր բնաջնջման և արտաքսման հեռանկարը, ինչպես դա համաժամանակ՝ յոթանասուն տարի շարունակ տեղի ունեցավ հայկական Նախիջևանում, ինչպես դա մինչ այդ տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանում՝ անցած դարասկզբին։ Կրկնում եմ՝ հայ ժողովուրդն իր պատմական բնաշխարհով իրականում այն ոսկորն է, որ Մեծ Թուրանի ստեղծման ճանապարհին խրվել, մնացել է թուրք-ադրբեջանական իշխանությունների կոկորդում և ինչից վերջնականապես ազատվելու գաղափարը եղել ու շարունակում է մնալ ռազմավարական հրամայական պատմական բախտի քմահաճույքով մեզ սահմանակից դարձած այդ թշնամական պետությունների համար։

Իսկ հետագա՞ն՝ կարող եք հարցնել։ Հետագան, համոզված եմ, առավել քան ցայտուն ու հաստատուն ամփոփված է Մեծն բանաստեղծի՝ Հովհաննես Շիրազի «Էքսպրոմտ» պոեմի ահա այս տողերում, ինչով և ցանկանում եմ ավարտել խոսքս.

Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:

Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես, Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:

Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, Դուք հողմերի պես կկորչեք վայրագ:

Միքայել Հաջյան

1