125 ամյա պայքար
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ

125 ամյա պայքար

ՀՅ Դաշնակցությունն իր ստեղծման մեկ դար ու 25 տարին է ապրում: Այս տարիները թեեւ երկար, բայց խոսուն տարիներ են, որում ամփոփված են ե՛ւ պայքար, ե՛ւ հաղթանակ, ե՛ւ անկումներ, որոնք հղկել են կուսակցության անցնելիք ճանապարհը եւ ապացուցել մեկ անժխտելի իրողություն՝ հայրենիքի ճակատագրով ապրելու եւ հայրենիքի համար գործելու իրողությունը:

 

Ծնունդ առնելով ժողովրդի համար օրհասական ժամանակաշրջանում՝ Դաշնակցությունն  ի ծննդե ստանձնել է հայ մարդու իրավունքների պաշտպանի դերը: Անգամ խորհրդային բռնապետության տարիներին, հեռու լինելով Հայաստանից, դարձյալ իր գործունեությունը երբեք Հայաստանից, հայության կյանքից անջատ չի ծավալել:

 

Քաղաքական արդի ներկապնակում հեշտ է տարբերել Դաշնակցությանը. այստեղ <<վերևից հրաման տվողներ>> չկան, այստեղ առանցքը գաղափարախոսությունն է, թելադրողը՝ հավաքական միտքը: Եթե այդպես չլիներ, դժվար թե կուսակցությունը կարողանար հասնել մինչեւ մեր օրերը, եթե այսօր փոխված լիներ կուսակցության ուղին, ապա դժվար թե կուսակցությունը կարողանար երկար գոյատեւել, ինչպես լինում է ժամանակ առ ժամանակ ծնվող ու մահացող կուսակցությունների պարագայում:

 

ՀՅ Դաշնակցության ամենամեծ քննադատը եւ գնահատական տվողը  պատմությունն է եւ սերունդները: Այդ գնահատականի համար՝ բավական է, որ նորօրյա սերունդը  հիշի ՀՅԴ վերջին 20 տարիների կենսագրությունը, ասել է թե՝ մեր նորագույն պատմության ամենավճռորոշ ժամանակահատվածը:

 

Այսօր, առավել քան երբեւէ, մեծ է Դաշնակցության պայքարը, որովհետեւ այսօր հայրենիքում եւ աշխարհի տասնյակ երկրներում գործող Դաշնակցությունը հայապահպանության, հայկական՝ դեռեւս չլուծված Դատի, Արցախում, Հայաստանում, Ջավախքում, Սփյուռքում ապրող հայի պաշտպանն է: Ցեղասպանության ճանաչման եւ Արցախի՝ միջազգային ասպարեզում ներկայացնելու, ճանաչելու  գործընթացը լիարժեք չէ առանց Դաշնակցության՝ այդ պայքարում ներգրավվածության. այս պարագայում՝ ունեցած յուրաքանչյուր առաջընթացում, անշուշտ, նկատելի է Դաշնակցության կառույցների դերակատարությունը:

 

Դաշնակցությունը եղել է Արցախի Հանրապետության ստեղծման ակունքներում, հաստատել պետականություն, և այսօր էլ չի խուսափում այդ պետականության զարգացման գործընթացում պատասխանատվություն ստանձնելուց:

 

Դաշնակցությունը սոսկ քաղաքական կուսակցություն չէ: Դաշնակցությունը շատ ավելի լայն իմաստ ու բովանդակություն կրող ուժ է: Այն, նախեւառաջ, գաղափարախոսություն է եւ ծրագիր, իսկ այդ գաղափարախոսության ու ծրագրի իրականացման շրջանակները տարբեր են եւ ընդգրկուն: Դաշնակցությունը մշտապես հայ մանուկի, հայ ուսուցչի, հայ երիտասարդի, գյուղացու, զինվորի, առահասարակ՝ հայ մարդու կողքին է: Ամենակարևորը՝ նրա համար ժողովուրդը  երբեք չի եղել ընտրազանգված, հայրենիքը՝ իշխանության հասնելու թատերաբեմ: Իշխանություն է, թե ընդդիմություն՝ ՀՅԴ կարգախոսը, նրա սկիզբն ու շարունակությունը եղել եւ մնում է հայ ժողովրդի նվիրական իղձը՝ Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստանի կերտումը, իսկ հայրենիքում արդարություն եւ բարօրություն ապահովելու համար՝ ժողովրդավարությունն ու ընկերվարությունը:

<<Ապառաժ>>-ի խմբագրական, 16 դեկտեմբեր,2015

1