Ֆրանսիացի արցախաբնակ Միշել Տանկրեզը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական »  Ֆրանսիացի արցախաբնակ Միշել Տանկրեզը

 Ֆրանսիացի արցախաբնակ Միշել Տանկրեզը

Ազգությամբ ֆրանսիացի, արցախաբնակ  Միշել Տանկրեզը, արդեն 12 տարի է, ապրում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում դստեր եւ կնոջ հետ:

 

Միշել Տանկրեզը «Հայաստան» Համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի ներկայացուցիչն է Արցախում, սակայն նրա աշխատանքն ու զբաղվածությունն այս ամենով չի սահմանափակվում: Նա հանդիսանում է ԼՂՀ  սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահը, ԼՂՀ  ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ:

 

Ինչպես նա է պատմում՝ Հայաստան առաջին անգամ այցելել է 1980-ականներին` որպես զբոսաշրջիկ, սակայն Արցախ չի այցելել: 1990-ականներին Ֆրանսիայում իր հայազգի մտերիմ ընկերներից տեղեկանալով Արցախյան ազատագրական պայքարի մասին, որոշում է այցելել Արցախ: 1992-ին նա այցելեց Արցախ` Ֆրանսիայից   մարդասիրական օգնություն հասցնելով այստեղ: Դրանից հետո նրա այցելություններն ավելի հաճախ են եղել:

 

Նման այցելություններից մեկի ընթացքում էլ` 1994 թվականին Դադիվանքում հանդիպել է ապագա կնոջը՝ Մարիամին : Մարիամն  այդ ժամանակ Արցախ  էր այցելել Ֆրանսիայից՝ իր հետ բերելով Ֆրանսիայի հայ համայնքի օգնությունը: Շուտով նրանք ամուսնացան Փարիզի մոտ գտնվող Լոզան քաղաքի հայ առաքելական եկեղեցում:

 

Մարիամը Փարիզի մոտ գտնվող Լոզան քաղաքի հայկական դպրոցի տնօրենն էր: Նա մաթեմատիկոս է: Սակայն պատերազմի տարիներին նա այնքան էր կապվել  Արցախին, որ թողեց գործը եւ  ամուսնու ու դստեր հետ տեղափոխվեց  Ստեփանակերտ: Դա տեղի ունեցավ 2003-ին:  2003թ. նոյեմբերին Ֆրանսիայում, հեռուստամարաթոնի ժամանակ ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, տեղեկանալով Ղարաբաղում ապրելու մասին Տանկրեզի ցանկությանը, նրան առաջարկեց դառնալ Հայաստան հիմնադրամի ներկայացուցիչը Ղարաբաղում:

 

Արցախում Տանկրեզի դուստրը՝ Հռիփսիմեն, դպրոց է հաճախել, ավարտել է նաեւ երաժշտական դպրոցի քանոնի բաժինը: Այժմ ցանկանում է շարունակել երաժշտական կրթությունը Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում:

 

Միշել Տանկրեզը հպարտությամբ է նշում, որ դուստրը երգում է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու երգչախմբում, ինքն էլ սիրով մասնակցում է բոլոր պատարագներին:

 

«Ես ինքս Հայ առաքելական եկեցեցու հետեւորդ եմ: Այսօր եկեղեցին մի շարք բարեգործական ծրագրեր է իրականացնում,  օգնում կարիքավոր ընտանիքներին, քաջալերում նրանք, սակայն, իմ կարծիքով, անհրաժեշտ է եկեղեցուն կից ակումբներ ստեղծել, ուր իրենց ժամանցը կկարողանան անցկացնել երիտասարդները, շփումները ավելի հաճախակի կլինեն եւ, բնականաբար, էլ ավելի մեծ ու օգտավետ ծրագրեր կիրականացվեն: Երիտասարդներն են ամեն ինչի շարժիչ ուժը, եւ պետք է պայման ստեղծել, որ նրանք ինքնահաստատվեն եւ կատարելագործվեն հենց այդպիսի միջավայրում, ինչպիսին եկեղեցին է»:

 

Տանկրեզը պատմում է, որ միայն մեկ դժվարություն կար Արցախում. դա լեզվական դժվարությունն էր. «Դժվարությունը հաղթահարելի էր. ուսուցիչ վարձեցի եւ 6 ամսվա ընթացքում հայերեն սովորեցի: Իհարկե, Ղարաբաղի բարբառի հետ կապված դեռ դժվարություններ լինում են, սակայն դա էլ հաղթահարելի է»,- պատմում է Տանկրեզը:  Միշել Տանկրեզը նշում է, որ եղել է  Ղարաբաղի բոլոր գյուղերում, ծանոթանալու բոլոր խնդիրներին,  իրավիճակին եւ, որ ավելի կարեւոր է, ըստ նրա` լավ ծանոթանալու ժողովրդին:

 

«Պետք է նշեմ, որ այստեղ տեղափոխվելու եւ այստեղ երկար տարիներ մնալու պատճառը ոչ միայն Արցախի հրաշալի բնությունը, տեսարժան վայրերն ու մաքուր շրջակայքն է, այլ` ապագաս այստեղ տեսնելու ամենամեծ պատճառը հենց մարդիկ են: Այստեղ զարմանալիորեն հյուրասեր են, սրտաբաց բոլորի նկատմամբ»:

 

Միշել Տանկրեզը, բացի Համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի ներկայացուցիչը լինելուց, նաեւ ԼՂՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահն է: Նա զբաղվում է նաեւ բարեգործությամբ: 12 տարիների ընթացքում, որ նա աշխատել է որպես Համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի ներկայացուցիչ, իր աշխատավարձը նվիրաբերել է հիմնադրամին` բավարարվելով իր թոշակով: Վերջերս նրա անձնական միջոցներով 30 թենիսիստներ ստացան մարզահագուստ եւ պարագաներ:

 

«Սպորտով զբաղվում եմ փոքր տարիքից` ֆուտբոլ, սեղանի թենիս: Ես Մոդոնա քաղաքի թենիսի ակումբի մարզիչն եմ եղել, եւ շատ լավ գիտեմ սպորտի անհրաժեշտության կարեւորությունը պատանիների եւ երիտասարդների կյանքում: Այսօր, դժբախտաբար, պետությունը բավական միջոցներ չունի եւ չի կարող բավական գումար հատկացնել սեղանի թենիսին:  Այսօր, դժբախտաբար, գումարը որոշիչ դեր է խաղում սպորտի զարգացման համար: Բավական մեծ ծրագրեր կան, որ կարելի կլինի իրականացնել գումարի առկայության դեպքում»,- ասում է Միշել Տանկրեզը:

 

Միշել Տանկրեզը, արդեն մեկ տարի է, անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը: Իր անդամակցությունը Դաշնակցությանը նա բացատրում է նրանով, որ ամբողջությամբ կիսում է կուսակցության գաղափարներն ու բռնած ուղին:

 

«Պապս սոցիալիստ էր, հայրս սոցիալիստ էր, ես էլ սոցիալիստ եմ, եւ բնական եմ համարում Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության իմ անդամակցությունը»:

 

Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ

1