Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի նախագահն ամփոփում է Սարգսյան-Մակրոն հանդիպումը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի նախագահն ամփոփում է Սարգսյան-Մակրոն հանդիպումը

Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի նախագահն ամփոփում է Սարգսյան-Մակրոն հանդիպումը

Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հարութ Մարտիրոսյանի խոսքով՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները բարիդրացիական են․ այդ մասին հավաստում են նաև Փարիզում երկու երկրների միջև եղած հանդիպման ընթացքում հնչած մտքերը:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ առաջին անգամ էին երկու երկրների նախագահները հանդիպում, և, կարծես թե, այն շատ լավ է անցել:

«Ֆրանսիան նոր նախագահ ունի և, կարծես, նա նույնպես լավ հարաբերություններ է ցանկանում ունենալ Հայաստանի հետ, ինչպես նախկին նախագահներ Սարկոզին, Ֆրանսուա Օլանդը: Սա մեծ հաղթանակ է նաև Ֆրանսիայի հայ համայնքի համար, որովհետև ցանկանում են, որ հայերը և Հայաստանը Ֆրանսիայի համար միշտ բարեկամ լինեն»,- ասաց նա՝ մատնանշելով, որ բոլորի սպասելիքներն իրականացան․ Էմանուել Մակրոնը հաստատեց, որ Ֆրանսիան միշտ էլ Հայաստանի բարեկամն է լինելու:

Ըստ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի նախագահի` Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունների պահպանումը և՛ այնտեղ գործող հայ համայնքի, և՛ նաև ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության շնորհիվ է: Բացի այդ՝ նա նկատեց, որ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը ձեռնտու է երկուսին էլ:

«Հայաստանն այդ հարաբերություններից շահ ունի, որովհետև Ֆրանսիան իր համար Եվրոպա տանող դուռ է, միշտ օգնել է, որ Եվրոպան իր կողքը մնա»,- ասաց նա՝ հիշատակելով, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդն է ժամանակին հայտարարել, որ Հայաստանը կարող է անդամակցել և՛ Եվրասիական տնտեսական միությանը, և՛ Եվրամիության հետ համաձայնագիր կնքել:

Նա նաև նշեց, որ Ֆրանսիան ևս երբեմն Հայաստանի օժանդակության կարիքն է զգում, օրինակ բերեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում Հայաստանը վերջերս սատարեց Ֆրանսիայի ներկայացուցչի թեկնածությունը:

Հայ-ֆրանսիական հարաբերություններում, ըստ Հարութ Մարտիրոսյանի, կարիք կա տնտեսական ոլորտին զարկ տալու: Նա նկատեց, որ ֆրանսիական կազմակերպություններից քչերն են գալիս ՀՀ: «Պետությունը պետք է կոչ անի, որ կազմակերպությունները ներդրումներ անեն Հայաստանում, աշխատեն այդտեղ: Եթե ներդրումներ լինեն Հայաստանում, ապա շատ մարդիկ, որոնք մտածում են երկիրը լքելու մասին, կմնան, կապրեն և կաշխատեն այդտեղ: Հայաստանը կհզորանա, և կհզորանա ոչ թե օգնության, այլ այդտեղ հիմնված բիզնեսների շնորհիվ»,- նշեց նա:

Այլ խնդիրներ, Հարութ Մարտիրոսյանի խոսքով, երկու երկրների միջև չկան: Նա հիշատակեց, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, և եթե չեզոքություն չպահպանի, ապա ադրբեջանական կողմը գուցե բողոքի և նրա փոխարեն այլ երկրի մասնակցության մասին ցանկություն հայտնի:

Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարը համաձայնեց, որ Ֆրանսիայի նոր նախագահին առավել շատ տնտեսական շահերն են հետաքրքրում, և մտահոգությունները, որ Ֆրանսիան կնախընտրի Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր հարաբերությունները զարգացնել, արդարացված են: Սակայն նա նկատեց, որ, քանի որ հայ-ֆրանսիական հարաբերությունները շատ զորավոր են, Ֆրանսիայի նախագահը տնտեսական ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ մի կողմ դրեց:

«Այս նախագահը նոր է, պետք է իր հետ էլ խոսել, աշխատել: Նա արդեն քսան տարի է, չի աշխատում հայ համայնքի հետ, իսկ վերջին նախագահները՝ Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը քսան տարի է՝ աշխատել են հայ համայնքի հետ, ճանաչել են համայնքը: Այս նախագահի հետ էլ պետք է խոսել, պատմել, թղթեր ցույց տալ, թե ինչ են անում Թուրքիան, Ադրբեջանը,- ասաց նա՝ մատնանշելով, որ օրինակ՝ պետք է ներկայացնել Ֆրանսիային, որ եթե ցանկանում է չեզոքություն պահպանել ԼՂ հիմնախնդրում, չպետք է զենք վաճառի Ադրբեջանին,- բայց նույն բանը պետք է նաև ասել ռուսներին. եթե նրանց չասենք, Ֆրանսիային էլ չենք կարող ասել»:

Հարութ Մարտիրոսյանի խոսքով՝ ինքը մեծ հույս ունի, որ Ֆրանսիայի ներկայիս նախագահի օրոք հայ-ֆրանսական հարաբերությունները կշարունակվեն մնալ ամենաբարձր մակարդակի վրա:

«Երկու օր տևած ՀՀ նախագահի այցը Փարիզ և հանդիպումները վկայեցին այդ մասին: Դժվարություններ կան, բայց դրանք կարող են հարթվել, պետք է աշխատենք այդ ուղղությամբ»,- նշեց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

1