Օլանդը ԼՂ հիմնահարցի հետ կապված կողմերին հստակ առաջարկ էր ներկայացրել, Մակրոնի դիրքորոշումն այս հարցում դեռ պարզ չէ․ Մուրադ Փափազյան (տեսանյութ)
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Օլանդը ԼՂ հիմնահարցի հետ կապված կողմերին հստակ առաջարկ էր ներկայացրել, Մակրոնի դիրքորոշումն այս հարցում դեռ պարզ չէ․ Մուրադ Փափազյան (տեսանյութ)

Օլանդը ԼՂ հիմնահարցի հետ կապված կողմերին հստակ առաջարկ էր ներկայացրել, Մակրոնի դիրքորոշումն այս հարցում դեռ պարզ չէ․ Մուրադ Փափազյան (տեսանյութ)

Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանի խոսքով՝ իրենք ֆրանսահայ համայնքին կոչ արեցին նախագահական ընտրություններին սատարել Էմանուել Մակրոնին, որովհետև նկատել էին՝ թեկնածուներից լավագույնը Ֆրանսիայի և նաև հայ համայնքի շահերի համար կարող է նա լինել:

«Նա երեք տարի աշխատել էր Ֆրանսուա Օլանդի հետ, մեզ ճանաչում էր: Մենք կազմակերպեցինք մեր հարաբերությունները որոշ կետերի շուրջ: Առաջինը նախ Հայոց ցեղասպանության ուրացման դեմ մեր քայլերն էին, այն ժամանակ, սակայն, դեռ չէինք որոշել, թե ինչ ուղղությամբ պետք է շարժվենք։ Երկրորդը՝ Արցախի հիմնախնդիրն էր, որ պետք է համախմբվենք և առաջնահերթություն համարենք հիմնախնդիրը: Երրորդ կետը՝ Հայաստանի հետ Ֆրանսիայի կապերն ուժեղացնելու մասին էր»,- ասաց նա:

Մուրադ Փափազյանի խոսքով՝ Ֆրանսիան հայամետ երկիր է, կարող է հայամետ կառավարություն էլ ունենալ, բայց դրա համար պետք է աշխատի նաև Հայաստան պետությունը: «Հայաստանը հատուկ ճիգ պետք է գործադրի, որ առյուծի բաժինը Թուրքիան և Ադրբեջանը չունենան: Սա նշանակում է, որ ոչ մի բան բնական չէ, Հայաստանը պարզապես մեծ շանս ունի, քանի որ սփյուռք ունի Ֆրանսիայում, սփյուռք, որն ամենաբարձր մակարդակի վրա կապեր ունի և աշխատանք է տանում բոլոր քաղաքական կուսակցությունների, պատգամավորների, ծերակուտականների, կառավարության և նախագահի հետ»,- ասաց նա:

Մուրադ Փափազյանը, խոսելով ֆրանսահայ համայնքի համար գոյություն ունեցող առաջնահերթություններից, նշեց, որ իրենք  կարևոր են համարում Արցախի ճանաչման գործընթացի առաջմղումը: «Կան քաղաքներ և վերջինը Արֆորվիլ քաղաքն է, որը բարեկամական պայմանագիր է ստորագրել Արցախի Բերձոր քաղաքի հետ: Սա նշանակում է, որ Ֆրանսիայի քաղաքը ճանաչում է Արցախի քաղաքը որպես հայկական քաղաք: Եթե այդպես տասը, քսան, հիսուն, վաթսուն, հարյուր քաղաք աշխարհում ճանաչի Արցախի քաղաքներն իբրև հայկական քաղաք, դե ֆակտո ճանաչում կդառնա և ցույց կտա, որ հանրային կարծիքը պրո-հայկական հանրային կարծիք է: Սա պայքարի միայն մեկ երեսն է, միակը չէ, անշուշտ, բայց կարող ենք հաջողել, և մեզ համար հաջողություն կլինի դա, և, հավանաբար, Արցախի համար էլ նոր շունչ»,- ասաց նա:

Դիտարկումների հետ, թե Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկիր, պասիվություն է դրսևորում ԼՂ կարգավորման գործընթացում, Մուրադ Փափազյանը չհամաձայնեց: Նա հիշատակեց, որ նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկել էր հակամարտության կողմերին հստակ ծրագիր․ «Արցախը պետք է ճանաչվեր որպես անկախ հանրապետություն, առաջարկել էր, որ Արցախում հանրաքվե կազմակերպվի 1988 թվականի տվյալներով՝ 75 տոկոս հայ և 25 տոկոս ադրբեջանցի մասնակցեն: Արցախի ժողովուրդը պետք է որոշեր՝ ինքը ցանկանո՞ւմ է անկախ լինել, հետո դա պետք է ճանաչվեր միջազգային հանրության կողմից, միևնույն ժամանակ, նա առաջարկում էր, որ հայերը Ադրբեջանին տան հինգ շրջանները և ոչ թե յոթը, ոչ թե Լաչինն ու Քելբաջարը: Սա Օլանդի առաջարկն էր, կարող էինք համաձայնվել կամ՝ ոչ»,- ասաց նա՝ նշելով, որ սա հաշվի առնելով՝ պետք է նկատենք, որ Օլանդի ղեկավարած Ֆրանսիան պասիվ չի եղել Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում:

 Թե ինչպես կվարվի և ինչ դիրքորոշում ունի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը, Մուրադ Փափազյանի խոսքով, դեռ պարզ չէ: «Մենք գիտենք, որ Ֆրանսիայի մեջ պրո-հայկական մթնոլորտ կա, որովհետև աշխատեցինք այդ ուղղությամբ, բայց պետք է դեռ աշխատենք: Մեր դիմաց երկու հզոր երկրներ են, որ միասին են աշխատում՝ Ադրբեջանը և Թուրքիան»,- ասաց նա:

Մանրամասները տեսանյութում։

1