Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս

Սուրբ ծննդյան տոնն է այսօր: 
Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից: Սուրբ Ծննդի տոնը սկսվում է ճրագալույցի Սուրբ պատարագով: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ: Ճրագալույցին վառվում են եկեղեցու ջահերն ու կանթեղները, եկեղեցի եկած մարդկանյց վառվող մոմեր են բաժանվում, որից հետո մատուցվում է Սբ. Պատարագ: Սուրբ Ծնունդից առաջ մեկշաբաթյա պահքը լուծվում է այդ Ծննդյան պատարագով:Եկեղեցուց տուն բերված մոմերը վառում են ընթրիքի ժամանակ.մոմերը աստվածային լույսի, եկեղեցու օրհնության նշան են:

 

 

Տոնական սեղանին դրվում է ձուկ: Ձուկը քրիստոնյաների խորհրդանիշն է, որով դեռ հնում տարբերվում էին հեթանոսներից և անհավատներից: Սեղանին դրվում է նաև բրնձով, յուղով և չամիչով փլավ: Սա ևս պատահական չէ. բրինձը մարդկությունն է, իսկ չամիչները` ընտրյալնեը` նրանք, ում Աստված ընտրեց իր գործը շարունակելու:

 

 

Սուրբ Ծննդյան օրը իրար պետք է ողջունել հետևյալ խոսքերով. «Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, մեզ և ձեզ մեծ աւետիս»` ի պատասխան լսելով. «Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի»:

 

 

Իսկ հունվարի 6-ին` Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի: Հունվարի 7-ին մեռելոց է, հիշատակի օր:

 

 

Երեկ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակը բազմամարդ էր: Մարդիկ շտապում էին Աստծո լույսը տուն տանել:

 

 

Այսօր առավոտյան  Ստեփանակերտի եկեղեցում տեղի ունեցավ   Ս. Ծննդյան Ս. Պատարագ, որից հետո  կատարվեց  Ջրօրհնեք:

 

 

— Քրիստոս ծնավ  և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս

— Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի

1